‘Բաղրամյան 26-ի մոտ տեղի ունեցած միջադեպով ծառայողական քննություն է նշանակվել (տեսանյութ)’

1551

Նախագահական նստավայրի մոտ երեկ՝ փետրվարի 11-ին, զոհված զինծառայողների մայրերի հետ կապված միջադեպի կապակցությամբ նշանակվել է ծառայողական քննություն, հայտնում են ոստիկանությունից:

Հիշեցնենք, որ բանակում խաղաղ պայմաններում զոհված 5 զինծառայողների ծնողներն երեկ երթով ՀՀ կառավարության շենքի մոտից շարժվել են դեպի Բաղրամյան 26, որ տեղեկանան նախագահականից՝ ինչու նոյեմբերի 27-ին Սերժ Սարգսյանին հղած իրենց նամակը անպատասխան է մնացել։ Ակցիայի մեկնարկին ծնողները կանգնած են եղել նախագահականի դարպասի դիմաց, երբ ոստիկանները պահանջել են տեղափոխվել դիմացի մայթ։ «Մեր համբերությունն էլ չափ ու սահման ունի»,-epress.am-ի տեղեկացմամբ, ասել էր ոստիկաններից մեկը:

Երբ ծնողները հրաժարվել են պահանջը կատարել, ոստիկաններից մեկը հրահանգել էր՝ «շղթա կազմեք»: «Դավայ, դավայ» խոսքերով ոստիկանները սկսել են հրել ծնողներին։ 2007 թվականին զոհված զինծառայող Տիգրան Օհանջանյանի մորը՝ Գոհար Սարգսյանին, ոստիկանները բռնել են ոտքերից ու ձեռքերից և, քարշ տալով, տեղափոխել են դիմացի մայթ: Գոհար Սարգսյանի ամուսինը՝ Սուրեն Օհանջանյանը, պառկել էր գետնին․ վերջինիս գրկած տեղափոխել են Բաղրամյան 26-ի դիմացի մայթ:

Ոստիկանների կողմից բռնության կիրառելու հետևանքով Գոհար Սարգսյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր, բարձրացել էր արյան ճնշումը: Ոստիկանները շտապ օգնության մեքենա են կանչել: Սարգսյանին բժշկական օգնություն էր ցույց տրվել, ոստիկանների գործողությունների հետևանքով վնասվել է կնոջ հագուստը, կոշիկները:

Նշենք նաև, որ երբ ոստիկանները փորձում էին զինվորների ծնողներին հեռացնել դիմացի մայթ, Սուրեն Օհանջանյանը՝ ցույց տալով նախագահականի շենքը՝ ասաց.

«Գանգստերներ են ստեղ նստած, սրանք մեզ կերել են: Ստեղ սպանողների մայթն ա, էն էլ սպանվողների, հա՞»:

Նախորդ հոդվածը‘Հրանտ Մաթևոսյանը այսօր կդառնար 80 տարեկան ‘
Հաջորդ հոդվածը‘ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ’