‘
Սերժ Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության անփոփոխ նախագահ Էմոմալի Ռահմոնը:
Նա առավոտյան այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ ծաղկեպսակ դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: Նախագահ Ռահմոնը նաև եղևնի է տնկել հուշահամալիրի Հիշողության պուրակում:
Նախագահական նստավայրում այնուհետև տեղի է ունեցել Տաջիկստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, որից հետո կայացել է Սերժ Սարգսյանի և Էմոմալի Ռահմոնի առանձնազրույցը:
Սարգսյանը ողջունել է հյուրին և նշել, որ նրա այցը Հայաստան նաև խորհրդանշական բնույթ է կրում, քանի որ այս տարի Հայաստանը և Տաջիկստանը տոնում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը:
‘