Բայդենը կոշտ ելույթ է ունեցել

286

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ելույթ ունենալով Վաշինգտոնում Կապիտոլիումի վրա Դոնալդ Թրամփի կողմնակիցների գրոհի մեկամյակի կապակցությամբ, խիստ քննադատել է իր նախորդին և նրան մեղադրել 2020 թ․ նախագահական ընտրությունների արդյունքները սաբոտաժի ենթարկելու փորձի մեջ։

Թրամփի կողմնակիցներին, որոնք գրոհել էին Կապիտոլիումի վրա, Բայդենն անվանել է «կատաղած ամբոխ» և նախկին նախագահին մեղադրել նրանում, որ վերջինս ստի օգնությամբ սադրել է այդ ամբոխին դիմելու բռնի գործողությունների։

Նախագահի ելույթի տոնը չափազանց կոշտ է եղել։ Նա Թրամփին անվանել է ԱՄՆ պատմության ընթացքում առաջին առաջնորդը, որը, չընդունելով ընտրությունների արդյունքները, փորձել է զավթել իշխանությունը՝ հակառակ ամերիկացիների կամարտահայտության։

«Դոնալդ Թրամփը սոսկ նախկին նախագահ չէ,- ասել է Բայդենը։- Նա նախկին նախագահ է, որն ազատ և արդար ընտրություններում պարտվել է յոթ միլիոն ձայնի տարբերությամբ։ Նա ստի սարդոստայն է հյուսել 2020 թ․ ընտրությունների մասին, և այդպես է վարվել, որովհետև իշխանությունը բարձր է դասում սկզբունքներից, որովհետև սեփական շահը բարձր է դասում իր երկրի շահերից, որովհետև նրա խոցված ինքնասիրությունը իր համար ավելի կարևոր է, քան մեր դեմոկրատիան կամ մեր սահմանադրությունը։ Նա չի կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ ինքը պարտվել է»։

Մեկնաբանները նշում են, որ Բայդենի այս ելույթը լրիվ տարբերվում է մեկ տարի առաջ, Կապիտոլիումը գրավելու փորձ կատարելու օրվա ելույթից։ Այն ժամանակ Բայդենը խոստացել էր միավորել ազգին, սակայն մեկ տարի անց պարզ է դառնում, որ այդ միավորումը չի կայացել։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՂրղզստանն էլ կողմնորոշվեց
Հաջորդ հոդվածըԿարպիս Փաշոյան. Բարոյական իրավունք չունեն քննադատելու