ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հինգշաբթի երեկոյան հայտարարել է, որ Վաշինգտոնը սառը պատերազմ չի ուզում Չինաստանի հետ, սակայն իր դիրքերից չի նահանջի։
Բայդենն այդ մասին հայտարարել է Բալթիմոր քաղաքում հասարակության հետ հանդիպման ժամանակ։
«Ես շատ եմ խոսել և շատ ժամանակ եմ անցկացրել ՉԺՀ նախագահ Սի Ձինպինի հետ բանակցություններում, ավելի, քան այլ առաջնորդների հետ։ Դուք լսել եք, որ մարդիկ ասում են՝ Բայդենն ուզում է նոր սառը պատերազմ սկսել Չինաստանի հետ։ Ես Չինաստանի հետ սառը պատերազմ չեմ ուզում։ Ես ուզում եմ, որ Չինաստանը հասկանա՝ մենք չենք նահանջելու և չենք փոխելու մեր հայացքները»,- հայտարարել է Բայդենը։
Սպիտակ տան ղեկավարը պնդել է, որ Ռուսաստանը, Չինաստանը և մնացած աշխարհը շատ լավ գիտեն, որ ԱՄՆ-ի զինված ուժերը լավագույնն են։ «Չանհանգստանաք, որ նրանք (ԱՄՆ-ի հակառակորդները) ավելի ուժեղ լինեն, պետք է անհանգստանալ նրա համար, թե արդյոք նրանք այնպիսի գործողությունների կդիմեն, որոնք կհանգեցնեն լուրջ սխալների»,- ասել է Բայդենը։
ԱՄՆ նախագահը նշել է, որ Վաշինգտոնը պատրաստ է ապահովել Թայվանի անվտանգությունը, եթե կղզին գրոհի ենթարկվի։ Այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ը պատրաստ է « պաշտպանելու Թայվանը, եթե Չինաստանը հարձակվի», Բայդենը պատասխանել է․ «Այո, մենք պարտավոր ենք դա անել»։
Փոխանցում է tass.ru-ն։
