Բայդենը Սի Ձինպինին զգուշացրել է ներդրումների հնարավոր դադարեցման մասին

414

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հաստատել է, որ անցյալ տարվա ամռանը նախազգուշացրել է ՉԺՀ նախագահ Սի Ձինպինին, որ երկրում արտասահմանյան ներդրումները կարող են դադարեցվել, եթե Պեկինը աջակցություն ցուցաբերի Մոսկվային՝ Ուկրաինայում «հատուկ ռազմական գործողություն» անցկացնելու ընթացքում։

Այդ վարկածը ամերիկյան առաջնորդը ներկայացրել է չորեքշաբթի ամերիկյան PBS հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ։

Խոսելով Սի Ձինպինի մասին՝ Բայդենը նշել է․ «Այդ մարդը հսկայական խնդիրներ ունի։ Նա նաև մեծ կարողություն ունի։ Բայց առայժմ տնտեսության հարցերում նրա գործերն այնքան էլ լավ չեն»։

Ամերիկյան առաջնորդը նաև ասել է․ «Բոլորն սպասում էին, որ Ուկրաինայի հարցում Չինաստանը Ռուսաստանի հետ կլինի ամբողջովին»։ Բայդենի կարծիքով՝ հիմա դա այդպես չէ։

«Իրականում, ես նրան զանգահարեցի ամռանը և ասացի․ «Սա սպառնալիք չէ, այլ  նկատառում։ Տեսեք, թե ինչ եղավ Ռուսաստանի հետ․ 600 ամերիկյան ընկերություն հեռացավ Ռուսաստանից։ Դուք միշտ ինձ ասել եք, որ ձեզ հարաբերություններ են հարկավոր Միացյալ Նահանգների և Եվրոպայի հետ, որպեսզի նրանք ներդրումներ անեն Չինաստանում։ Իսկ ո՞վ պետք է ներդրումներ անի, եթե դուք մասնակցեք այդ նույն գործին»»,- պատմել է Բայդենը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՔննարկել են Կիևին օգնելուն, ՆԱՏՕ-ի ընդլայնմանն առնչվող հարցեր
Հաջորդ հոդվածըՍիրիա․ Երկրաշարժի հետևանքով փակվել է Թուրքիայի սահմանի միակ անցակետը