Բայդենի գաղտնի այցը Կիև

358

Սպիտակ տան պաշտոնյաները Ջո Բայդենի անակնկալ այցը ռազմական գործողությունների գոտում գտնվող և պարբերաբար հարվածի տակ հայտնվող քաղաք՝ Կիև, նկարագրում են որպես «աննախադեպ» քայլ։

Նրանք հիշեցնում են, որ ԱՄՆ-ի նախկին նախագահների այցերն Իրաք և Աֆղանստան տեղի են ունեցել այդ երկրներում տեղակայված բազմաթիվ ամերիկացի զինվորների ուղեկցությամբ։

Բայդենի հայտնվելը նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ Կիևի ամենակենտրոնում այն պահին, երբ քաղաքում օդային տագնապ էր հնչում, շատ ավելի հնչեղ հայտարարություն է, քան ցանկացած խոսք։

Նախատեսված էր, որ երկուշաբթի Բայդենը ԱՄՆ-ից մեկնելու էր Վարշավա երկօրյա այցով։ Բայց այցի հրապարակված ժամանակացույցում կասկածելի շատ «բացատներ» կային, և դա շատերին ստիպել է ենթադրել, որ հենց այդ ժամանակը կարող էր օգտագործվել Ուկրաինա այցելելու համար։

ԱՄՆ ազգային անվտանգության գործերով խորհրդական Ջեյք Սալիվանի տեղեկատվության համաձայն՝ թռիչքից մի քանի ժամ առաջ Բայդենի այցի մասին տեղեկացվել է Ռուսաստանը։ Սալիվանը նշել է, որ դա արվել է «դեկոնֆլիկտացիայի նպատակով»։ «Չեմ ասի, թե նրանք ինչ են պատասխանել, կամ մեր հաղորդագրությունը կոնկրետ ինչ է եղել, բայց կարող եմ հաստատել, որ մենք նման նախազգուշացում արել ենք»,- նշել է Սալիվանը։

Ջո Բայդենը Կիև մեկնելիս 10 ժամ անցկացրել է գնացքում։ Նա կարող էր այցելել Ուկրաինայի տարածքում ավելի հեշտ հասանելի վայրեր, բայց ընտրել էր Կիևը՝ որպես կարևոր խորհրդանիշ։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԱլկարասը՝ Argentina Open-ի հաղթող
Հաջորդ հոդվածըATP. Լավագույն տասնյակ