Բայդենի կարծիքով՝ հանրապետականներին իր իմպիչմենտը պետք է «շաթդաունի» հասնելու համար

261

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարծում է, որ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներն իրեն իմպիչմենտ հայտարարելու շրջանակներում հետաքննություններ են սկսել, քանի որ ուզում են հասնել «շաթդաունի» (Shutdown),  այսինքն՝ ամերիկյան կառավարության գործունեության հարկադիր դադարեցման՝ նոր ֆինանսական տարվա (ԱՄՆ-ում այն սկսվում է հոկտեմբերի 1-ին) բյուջեն համաձայնեցնելու և ընդունելու անհնարինության պատճառով։

«Ահա թե ձեզ ինչ կասեմ․ ես հաստատ չգիտեմ՝ ինչու, բայց նրանք պարզապես ուզում են ինձ իմպիչմենտ հայտարարել։ Հիմա, կարծում եմ, ես կարող եմ եզրակացնել, որ նրանք ուզում են ինձ իմպիչմենտ հայտարարել, որպեսզի կասեցնեն կառավարության գործունեությունը»,- հայտարարել է Բայդենը Վիրջինիա նահանգում նախընտրական միջոցառման ժամանակ։ Նրա հայտարարությունը տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

«Ես գործեր ունեմ, որ պետք է կատարեմ։ Ինձ անընդհատ հարցնում են իմպիչմենտի մասին։ Երբ ես արթնանում եմ ամեն առավոտ, իմպիչմենտի մասին չեմ մտածում, լուրջ եմ ասում, ես գործ ունեմ, որ պետք է անեմ։ Պետք է զբաղվեմ այն հարցերով, որոնք վերաբերում են ամերիկյան քաղաքացիներին՝ ամենօրյա ռեժիմով»,- հավելել է ԱՄՆ առաջնորդը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՊոգբան խոստովանել է, որ օգտագործել է տեստոստերոն պարունակող սննդային հավելումներ
Հաջորդ հոդվածըSpeed Chess Championship. Մագնուս Կարլսենը քառորդ եզրափակիչում է