‘Բանական մտածողություն vs նեանդերթալցու մտածողություն’

3257

Իշխանական քարոզչամեքենան պարբերաբար շրջանառության մեջ է դնում քաղաքական դաշտում նոր ուժերի, նոր մտածողության, նոր խոսքի կամ այսպես կոչված նոր տեքստի անհրաժեշտության մասին դրույթները, որի նպատակն է խոչընդոտել, նսեմացնել ՀԱԿ-ի գործունեությունը հետեւյալ բացահայտ կամ ենթատեքստային առաքելությամբ (հանձնարարականով)՝ ՀԱԿ-ը իրեն սպառել է եւ բնականաբար անհրաժեշտ է  նոր մտածողությամբ ընդդիմություն: Ստորեւ  ցանկանում եմ որոշակի պարզաբանում մտցնել այս խնդրի կապակցությամբ: Միաժամանակ հասկանալի կլինի, թե ինչու է ՀԱԿ-ը, համեստորեն ասած, համարվում Հայաստանյան քաղաքական դաշտում կարող ուժերից մեկը, ինչով է տարբերվում այլ քաղաքական ուժերից:  Այստեղ, ըստ էության, ես նորություն չեմ ասելու՝ դրանք հայտնի են մարդկությանը վաղուց: Պարզապես, ժամանակ առ ժամանակ ակնհայտ ճշմարտությունների բարձրաձայնումը ուսանելի է այն մարդկանց համար, որոնք ակամա իշխանական քարոզչամեքենայի  առաջ քաշած բանավեճի մասնակիցներ են դառնում:

Բոլոր քաղքական ուժերը, կուսակցությունները մի հիմնական նպատակ են հետապնդում՝ ապահովել հասարակության տնտեսական եւ հոգեւոր զարգացումը, առաջընթացը: Այդ նպատակին հասնելու համար կազմվում են քաղաքական ծրագրեր եւ ըստ այդ ծրագրերի մշակում եւ իրականացնում են իրենց գործունեությունը: Մարդկային գործունեության բոլոր բնագավառներում, այդ թվում նաեւ քաղաքականության մեջ, որևէ խնդիր լուծելու համար, շատ կարևոր է թե ինչ մոտեցում, ինչ ուղի ենք ընտրել:  Եթե մեր մոտեցումը հիմնավորված չէ, սխալ է, ապա ինչքան էլ ճիշտ քայլեր կատարենք, մենք երբեք չենք հասնի խնդրի պարզաբանմանը։ Ըստ այդմ, ստորեւ, երկու հայտնի, տրամագծորեն իրար հակառակ մոտեցումների պարզ համեմատությամբ կփորձեմ պատասխանել վերոգրյալ հարցերին: Այդ մոտեցումներն են՝

ա/ իրատեսական մոտեցումը, կամ բանական մտածողությունը,

բ/ մտահայեցական մոտեցումը, կամ նեանդերթալցու մտածողությունը:

Մտահայեցական մոտեցման կամ նեանդերթալցու մտածողության  պարագայում որպես գործունեության հիմք, ելակետ ընդունվում են կանխակալ դրույթները, չփաստարկված ենթադրությունները, չհիմնավորված կամ միակողմանի մեկնաբանությունները: Ակներեւ փաստերը կամ ամբողջովին անտեսվում են, կամ արձանագրվում են փաստերի  միայն մակերեսային, երկրորդական, իսկ երբեմն նաեւ ամբողջովին կեղծ պատկերները, որի արդյունքում արտացոլվում է իրականության  շինծու, կեղծ, առասպելական պատկերացումը: Իսկ երբ ժամանակի ընթացքում ակներեւ փաստերը չեն տեղավորվում նախօրոք մշակված, կանխակալ կարծիքների կամ անհիմն ենթադրությունների վրա հիմնված սխեմաների մեջ՝ այսինքն կանգնում են փակուղու առաջ, ապա առաջ են քաշվում լրացուցիչ, հավելյալ սխեմաներ, որոնք նույնպես հիմնված են կանխակալ կարծիքների վրա, եւ տրամաբանորեն չեն հակասում նախկին սխեմային, եւ այսպես շարունակ մինչեւ եղած ռեսուրսների՝ եւ՛ մարդկային՛, եւ՛ նյութական, եւ՛ հոգեւոր, լիակատար սպառում եւ համակարգի, պետության վերջնական կործանում:

Օրինակները շատ են, ամնաակներեւը՝ իշխող Հանրապետական կուսակցության կողմից ընտրական ողջ համակարգի այլասերումն է, կեղծված ընտրությունների միջոցով իշխանության բռնազավթումն է, որի արդյունքում առաջընթացի, «Առա՛ջ Հայաստանի» կամ «Ապահով Հայաստանի»  փոխարեն մենք ունենում ենք հետընթաց՝ արհամարվում են մարդու իրավունքները,  արմատավորվում եւ խրախուսվում է  տգիտությունը, ազգային անվտանգության համար սպառնալիք է դառնում տարեց տարի աճող արտագաղթը: 

Ցայտուն օրինակ է նաեւ տարաբնույթ տարածաշրջանային կենտրոններ հիմնելու իշխանությունների ոգեորված պնդումները, որը թվում էր թե պարզապես էժանագին քարոզչական հնարքներ են: Անհավատալի է, բայց մամուլի հրապարակումներից տեղեկանում ենք, որ օրինակ, «Դիլիջանը սարքենք տարածաշրջանային ֆինանսական կենտրոն» անհեթեթ եւ անհիմն խոսքին հետեւել է նույնքան անհեթեթ գործը՝ Դիլիջանում իսկապես ՀՀ բյուջեյի հաշվին իրականացրել են շինարարություն եւ կառուցել են 70 միլիոն դոլլար արժեղությամբ  մի համալիր, որտեղ նախատեսվում է անցկացնել միջազգային ֆինանսական ֆորումներ, սեմինարներ եւ այլն: Անհավանական է, բայց փաստ է: Ինչպես ասում են՝ փաստը առկա է, արդյունքը՝ շոշափելի:  Այստեղ  տեղին է  Սերժ Սարգսյանի բառապաշարով հիշեցնել՝ «պարոնա՛յք հանրապետականներ, այ այսպես եք մտածում, որ Հայաստանում խիյարները թարս են բուսնում»: Իսկ Սերժ Սարգսյանի հրավիրած վերջին ասուլիսում լրագրողների հասցեին  հնչեցրած մեղադրանքները, արտագաղթի համար մարդկանց մեղադրելը, պարզապես նեանդերթալցու՝ իր էությամբ անդրշիրիմյան, վայրենու մտածողության դասական մի նմուշ է՝ էկզեմպլյար, որը կզարդարի աշխարհի լավագույն Բնագիտական թանգարանները: 

Բռնապետական ռեժիմներում իշխանությունների այս գործելաոճը հասկանալի է, որովհետեւ դա ապահովում է եւ կատարելագործում  նրանց հիմնական նպատակը՝ թալանը: Անհասկանալի եւ հանրության համար առավել վտանգավոր են այն ուժերի, անհատների գործելաոճը, որոնք հանդես գալով գործող ռեժիմի խիստ, անխնա քննադատողի դերում, իրենց գործողություններում առաջնորդվում են մտահայեցական մոտեցումով: Այս պարագայում արդեն  քաղաքական գործընթացները գնահտվում են չարի եւ բարու կտրվածքներով, ի ցույց է դրվում սեփական անձի գերագնահատումը:  Ենթադրյալը, մտածածինը   համարվում է որպես անառարկելի փաստ, որպես աքսիոմ, դա  ընկալվում է որպես իրականություն: Ի վերջո այդ մարդիկ, այդ ուժերը կամա թե ակամա դառնում են գործակալներ՝ արժեքավոր գործիքներ ռեժիմի համար՝ ընդիմադիր դաշտը արժեզրկելու, նենգափոխելու համար:

Եւ վերջապես մտահայեցական մտածողության ծայրահեղ դրսեւորումներ են հանդիսանում հիտլերիզմը, ստալինիզմը, Հայաստանյան իրականությունում՝ «իդիոտիզմը»՝ իր նախագահական ամբիցիաներով, քոչարյանիզմը՝ իր միակ տղամարդու հանգամանքով, սերժիզմը՝ իր բարկանալ կամ չբարկանալու կարողությամբ:

Այսպիսով, մտահայեցական մտածողությամբ առաջնորդվող ուժերը, ինչքան էլ «ճիշտ» քայլեր կատարեն, խելոք խոսքեր ասեն, նոր «տեքստեր» կազմեն, նոր տեսություններ մոգոնեն, բարիքից  խոսեն, լինեն անկասելի եւ բոցաշունչ ելույթներ ունենան, միեւնույն է, նրանք կասեցնում են Հայաստանի Հանրապետության առաջընթացը, նպաստում են  «չարիքի եւ կեղծիքի կայսրության» մանրակերտի կերտմանը:

Իրատեսական մոտեցման կամ բանական մտածողության պարագայում որպես գործունեության հիմք, ելակետ ընդունվում են փաստերը: Այս մտածողությամբ զինված անհատները, քաղաքական ուժերը, մնալով փաստերի հողի վրա, երբեք չեն մտնում հեռուն գնացող մտազննությունների մեջ:Միայն փաստական տվյալների մանրակրկիտ վերլուծության եւ ընդհանրացման միջոցով է հնարավորություն  ընձեռնվում իրերը, իրադարձությունները կոչել այնպես, ինչպես, որ դրանք կան:  Դա նշանակում է ճիշտ գնահատել իրավիճակը, ի զորու լինել կանխազգալ դեռեւս սաղմնային վիճակում գտնվող եւ հավանաբար մոտ ապագայում սպասվող գործընթացները, ինչը հնարավորություն է տալիս կանխարգելիչ միջոցառումներ իրագործել հասարակության, պետության առաջընթացին խանգարող գործոնների վերացման համար եւ գործը հասցնել բարեհաջող ավարտին: Պետք է խոստովանել, որ իրերը իրենց անունով կոչելու ունակությունը (դա հենց հեղափոխություն անելն է, որի մասին մեզ հիշեցնում է իմ գործընկեր եւ բարեկամ, հարգված հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը), սպասվելիք գործընթացները կանխազգալու ունակությունը քիչ մարդկանց է տրված: Բարեբախտաբար, անկախ պետականության ձերքբերման ճանապարհին,  մեր պատմության շրջադարձային պահերին հայ ժողովուրդը տվել է այդպիսի գործիչներ: Դա  Արամ Մանուկյանն է, որի առաջնորդությամբ 1918թ. կայացավ պետականության վերականգնումը, Ալեքսանդր Մյասնիկյանն է, որի գործուն մասնակցությամբ որպես պետական միավոր  կայացավ Խորհրդային Հայաստանը, եւ անկասկած,  Հայաստանի Հանրապետության հիմնադիր նախագահ Լեւոն Տեր Պետրոսյանն է: Սրանք արձանագրված պատմական փաստեր են, եւ ոչ ոք դա չի կարող ուրանալ: Վստահ եմ, որ իրավամբ Լեւոն Տեր-Պետրոսյանի դպրոցը համարվող ՀԱԿ կուսակցությունը իր առաջին համագումարում ամրագրելու է իր առջեւ դրված առաջնահերթ քաղաքական խնդիրները լուծելու հաստատակամությունը, նպատակ ունենալով իրականացնել բոլորիս բաղձալի իղձը՝ Հայաստանը դարձնել ազատ ու արժանապատիվ քաղաքացու երկիր: Դրա վկայությունն է հանրությանը ներկայացված ՀԱԿ կուսակցության Ծրագրի նախագիծը, որը իրատեսական եւ ամբողջական ու ավարտուն մի տեքստ է:  Նկատի ունենալով, որ ամեն մի ավարտուն, արժեքավոր գործ ենթադրում է շարունակականություն եւ մի նոր գործի, գործընթացի սկիզբն է հանդիսանում,  Հայ Ազգային Կոնգրեսի գործունեության փիլիսոփայությունը բնականաբար  հանգում է հետեւյալ բանաձեւին՝ ««զինվելու ենք բանականությամբ, պայքարելու ենք գիտությամբ եւ մեր գործը հասցնելու ենք տրամաբանական ավարտին»:

Բանական մտածողությունը, ի հակադրություն նեանդերթալցու մտածողության, միշտ էլ հաղթող է: Իսկ ովքեր որ չեն գիտակցում այս պարզ ճշմարտությունը, նրանք պարզապես խնդիրներ ունեն բանականության հետ կապված, «խնդրներ» ունեն իրենց նախա – նախա տատերի հետ կապված, որոնք ժամանակին ապրել են նեանդրթալցու հարեւանությամբ:

Հ. Գ. Այն սեւ, գեբելսյան տիպի քարոզչությունը, որ տարվում է Հայաստանի Հանրապետության հիմնադիր նախագահի նկատմամբ, ոչ միայն հակամարդկային, այլ նաեւ հակապետական քարոզչություն է: Նկատի ունենալով այդ հանգամանքը, ինչպես նաեւ հավատարիմ մնալով «իրերը պետք է կոչել իրենց անուններով» սկզբունքին, ստորեւ, որպես լրացում այս հոդվածին, ներկայացնում եմ 2008թ. հունվարին գրված՝« ՀՀ քաղաքացու նախընտրական մտորումներ»  իմ անտիպ հոդվածից մի հատված, որը ե՛ւ արդիական է, ե՛ւ առնչվում է գրածս նյութի հետ:

ՀՀ տասնյակ հազարավոր քաղաքացիներ մասնակցել են Ազատության հրապարակում կազմակերպված հանրահավաքներին: Հանրապետությունով մեկ, հարյուր հազարավոր քաղաքացիներ DVD-ներով լսել են և շարունակում են լսել Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթները: Արդեն հրապարակվել է առաջին նախագահի նախընտրական ծրագիրը:

Այս ելույթներով, տասը տարի լռած մարդը, մեր` ՀՀ քաղաքացիներիս գիտակցության մեջ արթնացրեց քաղաքակիրթ աշխարհի չափանիշներով օրինակելի պետության մեջ ապրելու մեր երազանքների իրականացման հույսը: Մամուլում հրապարակվել են բազմաթիվ հիրավի փայլուն գնահատականներ և վերլուծություններ այդ ելույթների վերաբերյալ: Առաջին նախագահի ելույթներում ինձ համար ամենաէականը նրա խոսքի գիտականությունն է: Նրա խոսքը փաստարկված է, հիմնավորված, նպատակաուղղված: Խոսքի մեջ չկա սպեկուլացիայի նշույլ անգամ: Բոլոր հետևությունները և եզրակացությունները ունեն պարզ ձևակերպումներ: Լևոն Տեր-Պետրոսյանի ողջ ելույթը մի ամբողջություն, ավարտուն միտք կազմելով հանդերձ` մեզ խորհելու, մտորելու, նոր թեմաներ առաջ քաշելու տեղիք է տալիս: Նա մեզ բոլորիս մասնակից է դարձնում սպասվելիք գործընթացներին:

Իմ գնահատականներով ընթերցողին չծանրաբեռնելու համար, գտնում եմ, որ  տեղին է ներկայացնել Վահան Թոթովենցի կարծիքը ամենայն հայոց բանաստեղծ Հովհ. Թումանյանի բանավոր խսքի վերաբերյալ, որն ինչպես գիտեք՝ անցյալ դարասկզբին նաև ակտիվ հասարակական հայրենանվեր գործունեություն էր ծավալում. «Նրա բանավոր խոսքը ավելի հարուստ էր, ավելի գույնզգույն, խոր, սրամիտ, արագաթռիչ ու հատու: Նրա տված պատասխանները թրի նման կտրում էին: Ո՛չ ոք, բացառապես ո՛չ ոք իր ժամանակակիցների մեջ չէր իմանում այնքան տեղին խոսել,որքան Թումանյանը»:

Այնուհետև` «Նա պատմում էր, ինչպես գրում էր, ավելացրած բանավոր խոսքի ճկունությունը, շարժումները, մանր-մունր շեշտեր, որոնք գրավոր անկարելի է արտահայտել:

Նրա ֆրազն ընտիր էր և պարզ, այնքան պարզ, որ կարող էր հիմարների վրա ազդեցություն չթողնել, որովհետև պարզ խոսքը ըմբռնելու համար, պետք է խորը լինել:

Նրա խոսքի պարզությունը բխում էր մտածման պարզությունից» ( Թումանյանը ժամանակակիցների հուշերում, Երևան, 1969, ընդգծումն իմն է, Գ. Օ.):

Անկասկած, նախագահի ինը թեկնածուներից միայն և միայն ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքն է արժանի նման գնահատականի:

Խոսքի այս տեսակն է արժեք: Այս տեսակ խոսք կրող մարդն է մեզ` ՀՀ քաղաքացիներիս, համար արժեք: Այդ տեսակ մարդն է, որ նախագահ ընտրվելու դեպքում, իր խոսքը կվերածի գործի: Եվ այդ նախագահի գործունեությունը մեզ համար կլինի պարզ, տեսանելի, մեր առջև կդնի նորանոր ուղիներ հարթող ու պարզ լուծումներ պարունակող խնդիրներ:

Այսօր հարյուր հազարավոր ՀՀ քաղաքացիներս զինված ենք այդ հուժկու խոսքով, զենքով, գործիքով: Դրանք են մեր անսպառ փամփուշտները, որ մրրիկի պես հետապնդելու են, փոշիացնելու ու քշելու են հանցավոր բուրգի յուրաքանչյուր հանգույց և ի չիք են դարձնելու ՙվերից վար կոռումպացված ներկա ավազակապետական համակարգի վերարտադրության մղձավանջային հեռանկարը՚: Հիշենք, որ մենք ժառանգներն ենք Հայկ Նահապետի, Տիգրան Մեծի, Մեսրոպ Մաշտոցի, Գրիգոր Նարեկացու, Հովհ. Թումանյանի, Եղիշե Չարենցի, Վիկտոր Համբարձումյանի և երբեք էլ դատապարտված չենք ստրկության:

Այդ գիտակցությամբ ենք մենք գնում ընտրությունների, վստահ լինելով, որ ընտրելու ենք մեր ժողովրդին արժանի նախագահ: Սա լինելու է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու հաղթանակը: Իսկ հետո անելիքներ շատ են լինելու: Պայքարելու ենք միչև վերջ: Այս դեպքում արդեն պայքարը` գիտելիքն է, վերջը` անվերջը, իսկ երկուսը միասին` կատարելությունն է….

Գաբրիել Օհանյան, ՀԱԿ Աշտարակի կառույց

 

 

       

 

  

 

Նախորդ հոդվածը‘«Բավարիա»-«Բարսելոնա», «Բորուսիա»-«Ռեալ». Եվրոգավաթների վիճակահանության արդյունքները’
Հաջորդ հոդվածը‘Գագիկ Ջհանգիրյան. Ոստիկանության վարքագիծը ապրիլի 9-ինամենեւին էլ արտառոց չէր’