‘Բանակի մասնակցության փաստը հիմնավորված է. ՀՔԾ պետ’

1522

Բանակի ներգրավվածության փաստը մարտի 1-ի դեպքերին առավել քան հիմնավոր է: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը։ Նա նշել է, որ թե կան կասկածներ, թե ո՞ւմ հրահանգով կամ ցուցումով է դա արվել, բայց ինքը դրանց մասին չի բարձրաձայնի:

«Քննություն է կատարվում այդ ուղղությամբ, արդյունքների դեպքում անպայման կտեղեկացնեմ»,- ասել է Խաչատրյանը։

Ինչ վերաբերվում է ՀՔԾ հաղորդագրության մեջ հիշատակված 1000 պարկուճներին, որոնք փոխարինվել են, Խաչատրյանն ասել է, թե հիմա չի կարող ասել, որ այդ բոլոր հազարն էլ բանակի զենքերից են եղել, բայց ապացույցները խոսում են այն մասին, որ առնվազն հազար պարկուճ փոխվել է:

«Իրեղեն ապացույց հանդիսացող 1000 պարկուճներ փոխարինվել են Ներքին զորքերի սպառազինության մեջ գտնվող հրազեններից կրակված պարկուճներով։ Ներքին զորքերի այդ զենքերը կան»,- ասել է Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ ՀՔԾ երեկվա հաղորդագրությամբ պարզ է դառնում, որ այդ կառույցը ապացույցներ կեղծելու համար մեղադրանք է առաջադրել մարտի մեկի բացահայտմամբ զբաղվող քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին, ով, պարզվում է, լքել է Հայաստանը:

Հարությունյանը հայտարարել էր, թե ինքը ՀՔԾ-ին տեղյակ է պահել իր գտնվելու մասին և կարիք չկար հետախուզում հայտարարելու:

«Հետախուզումը ոչ միայն անձի գտնվելու վայրը պարզելն է, այն ենթադրում է նաև հետախուզվողին վարույթ իրականացնող մարմին ներկայացնելը: Միայն վայրը հայտնի լինելը չի նշանակում, որ չի կարող հետախուզում հայտարարվել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ ասել է ՀՔԾ պետը:

Նրա խոսքով՝ Վահագն Հարությունյանը Հայաստանի սահմանները լքել է այս տարվա հուլիսին: Հարցին, թե ինչո՞ւ մինչ այդ նրան հարցաքննության չեն կանչել, Սասուն Խաչատրյանը պատասխանել է. «Հարցաքննությունը չի կարող լինել ինքնանպատակ, այն պետք է ունենա արդյունավետություն, այսինքն` անձը կանչվում է հարցաքննության, երբ ունենք տրվելիք հարցեր և որոշակի հանգամանքների շուրջ նա պետք է հարցաքննվի: Այս հանգամանքները, որոնք հիմա են հայտնի դարձել, հայտնի չէին հուլիսին: Ոչ ասեկոսեները, ոչ օպերատիվ տվյալները, այլ քրեադատավարական օրենսդրությամբ սահմանված հստակ ընթացակարգերով ձեռք բերված ապացույցներն են հիմք տալիս անձին ներգրավել որպես մեղադրյալ»:

 

Նախորդ հոդվածը‘Լեոնարդո. Միլանը վստահում է Գատուզոյին’
Հաջորդ հոդվածը‘Վենգերը կվերադառնա 2019 թվականի սկզբին’