‘Բանդիտների կյանքից. Մամուլ’

1716

«Առավոտի» խմբագիր Արամ Աբրահամյանը գրում է. «Վերջերս Մարտուն Գրիգորյանի և Վարդան Ղուկասյանի ընտանիքների միջև տեղի էր ունեցել կլանային վենդետայի հերթական արարը, ոստիկանապետը մեկնել էր Գյումրի, հորդորել էր երկու ընտանիքների ներկայացուցիչներին վերջ տալ պատերազմին և հանձնել անօրինական զենքերը: Եթե դատենք ռեպորտաժներից, զենքի որոշակի քանակ, այնուամենայնիվ, հանձնվեց: Կարծում եմ՝ անհրաժեշտություն է հասունացել նման միջոցների շարք անցկացնել նաև Սյունիքում, որի մարզպետը վաղուց արդեն դարձել է Ռամզան Կադիրովի նման մի կերպար, որը ինչ-որ հարցերում լոյալ է «կենտրոնին», մասնավորապես՝ ընտրությունների ժամանակ իշխանություններին բերում է «կոմունիստական» 95 տոկոսը, սակայն դրա դիմաց հնարավորություն ունի իր մարզում հաստատելու սեփական բարքերը և ոչ մի օրենքի առաջ պատասխան չտալու:

Մենք որոշ արտառոց երևույթներ սկսել ենք ընդունել որպես «օրինաչափ»: Մասնավորապես, թույլ տվեք ճշտել մի հարց. Սյունիքի մարզպետը պետական պաշտոնյա՞ է, թե՞ բանդայի պարագլուխ: Եթե պաշտոնյա է, ապա հետաքրքիր է՝ նա մտնո՞ւմ է այն անձանց ցանկի մեջ, որոնց օրենքով թիկնազոր է հասնում: Ո՞չ: Այդ դեպքում ասացեք ինձ, խնդրեմ, ի՞նչ է նշանակում՝ «վիրավորվել է մարզպետի թիկնազորի անդամ Նիկոլայ Աբրահամյանը», «ձերբակալվել է մարզպետի թիկնազորի պետ Զարզանդ Նիկողոսյանը» (որն, ի դեպ, Սյունիքում ահ ու սարսափ տարածող հիմնական գործիքներից է): Այդ մարդկանց պաշտոնական պարտականությունների մեջ մտնո՞ւմ է կանգնել իրենց «շեֆի» ապարանքի մոտ և կրակել այն մարդկանց վրա, որոնք, իրենց կարծիքով, մարզպետի համար վտանգ են ներկայացնում:

Մեկ այլ հանգամանք, որը նույնպես շատերը չեն նկատել: Մարզպետը նշանակովի պետական պաշտոնյա է՝ նա ընտրված պատգամավոր չէ, որ իրավունք ունենա ցանկացած պահի վայր դնել իր մանդատը: Նա չի կարող երբ խելքը փչի՝ հայտարարել, որ ժամանակավորապես չի ցանկանում կատարել իր պարտականությունները: Նա պետք է հրաժարականի դիմում գրի, կամ առանց դիմումի ազատվի իր վերադասի կողմից: Պետական պարտականությունները մարզպետին ի վերուստ տրված շնորհ չեն, դա ծառայություն է, որը կատարում է հարկատուների գումարներով:

Լիսկային, անշուշտ, այս անգամ էլ են «պլստացնելու»: Ինչպես դա բազմիցս արել են իր և իր բարեկամների հետ վերջին 10-15 տարիների ընթացքում: Ինչպես «պլստացրել են» լրագրողի վրա հարձակված հանրապետական Աշոտ Պապայանին («Տուրբոյին»): Պատասխանատվությունից կխուսափի նաև այժմ ձերբակալված Սյունիքի մարզպետի որդին՝ 19-ամյա Տիգրան Խաչատրյանը: Չնայած պատանի տարիքին՝ նա արդեն հասցրել է անցնել բանդիտական դպրոցի բոլոր անհրաժեշտ աստիճանները: Ի դեպ, մի քանի տարի աոաջ Տիգրանին «Առավոտ» թերթից պաշտպանել էր վարչապետ Տիգրան Սարգսյանը»:

Նախորդ հոդվածը‘Անպատիժ ու լկտի. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Օրվա աստղագուշակ’