‘Բան Կի-մունի ուղերձը Կանանց միջազգային օրվա կապակցությամբ ‘

1230

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի-մունի ուղերձը Կանանց միջազգային օրվա կապակցությամբ.

Հետպատերազմյան Կորեայում մեծանալու տարիներին հիշում եմ, որ նկատել էի մի սովորույթ. կանայք, աշխատանքի գնալիս իրենց կոշիկները թողնում էին շքամուտքին, իսկ հետո երկյուղած ետ էին նայում: «Նրանք տարակուսում են` արդյոք երբևէ նրանք նորից կհագնեն այդ  կոշիկները», — բացատրում էր մայրս:

Ավելի քան կես դար անց, այդ հիշողությունը շարունակում է հետապնդել ինձ: Այսօր աշխարհի աղքատ շրջաններում կանայք շարունակում են լույս աշխարհ բերել երեխաներ՝ վտանգի ենթարկելով իրենց սեփական կյանքը: Մայրական մահացությունը բազմաթիվ կանխելի վտանգներից մեկն է: Շատ հաճախ իգական սեռի նորածինները ենթարկվում են սեռական օրգանների խեղման: Աղջիկների վրա հարձակվում են դպրոց գնալու ճանապարհին: Կանանց մարմինները պատերազմներում օգտագործվում են որպես մարտադաշտ: Այրի կանայք անտեսված են ու անապահով:

Մենք կարող ենք հաղթահարել այս խնդիրները` միմիայն զորացնելով կանանց որպես փոփոխություն կրողների: Արդեն ավելի քան 9 տարի է ես փորձում եմ այս գաղափարախոսությունը ներդնել ՄԱԿ-ում: Մենք այնքան արհեստական արգելքներ ենք  հաղթահարել և բեկորներից կառուցել ամրոցներ: Այժմ մենք ազատվում ենք անցյալի ենթադրություններից  ու նախապաշարմունքերից, որպեսզի կանայք կարողանան նոր առաջավոր դիրքեր զբաղեցնել:

Ես նշանակեցի ՄԱԿ-ի զինված ուժերի առաջին կին հրամանատարին` մեր Կազմակերպության մեջ կանանց ներկայացուցչությունը հասցնելով  իր պատմական բարձրակետին:  Ներկայում ունենք կին առաջնորդներ խաղաղության և անվտանգության ոլորտում` մի բնագավառ, որը մի ժամանակ գտնվում էր տղամարդկանց բացառիկ իրավասության ներքո: Երբ ես եկա ՄԱԿ,  խաղարարար առաքելություններում չկային կին առաջնորդներ: Իսկ այժմ ՄԱԿ-ի առաքելությունների գրեթե մեկ քառորդը գլխավորում են կանայք, ինչը, թեև, բավարար չէ, սակայն հսկայական առաջընթաց է:

Ես շուրջ 150 հրաման եմ ստորագրել Գլխավոր քարտուղարի օգնականի կամ տեղակալի պաշտոններում կանանց նշանակելու համար: Ոմանք եկել են միջազգային համբավ ունեցող բարձրաստիճան կառավարական գրասենյակներից, իսկ ոմանք էլ ղեկավար պաշտոններ են ստանձնել իրենց իսկ երկրներում: Նրանք բոլորն էլ օգնել են ինձ ապացուցելու, որ շատ հաճախ կինը կարող է լավագույն թեկնածուն լինել տվյալ աշխատանքի համար:

Այս իրական առաջընթացի շարունակականությունը ապահովելու նպատակով մենք ստեղծել ենք մի նոր շրջանակ, որը պատասխանատվության տակ է առնում ՄԱԿ-ի ամբողջ համակարգը:  Եթե մի ժամանակ գենդերային հավասարությունը պարզապես դիտվում էր որպես ողջունելի գաղափար, այժմ այն դարձել է կայուն իրականացվող քաղաքականություն: Նախկինում գենդերային զգայունության վերաբերյալ դասընթացը կամընտրական էր, իսկ ներկայում այն պարտադիր է ՄԱԿ-ի աճող թվով աշխատակիցների համար:

Անցյալում, ՄԱԿ-ի բյուջեի միայն մի փոքր մասն էր հատկացվում գենդերային հավասարության և կանանց զորացման խնդիրների լուծմանը, իսկ այժմ այդ ռեսուրսները չափորոշված ու հաշվարկված են գրեթե յուրաքանչյուր երրորդի համար:

Կոնֆուցիոսն ուսուցանում էր, որ աշխարհը կարգի բերելու համար նախ և առաջ մենք պետք է սկսենք մեր իսկ շրջապատից: Ունենալով  ՄԱԿ-ի կին առաջնորդների արժանիքների վերաբերյալ ստույգ ապացույցներ, ես ամենուրեք արտահայտվել եմ ի շահ կանանց իրավունքների և հնարավորությունների ամրապնդման: Ինչպես խորհրդարաններում, համալսարաններում և հանրահավաքներում, այնպես էլ համաշխարհային առաջնորդների հետ անձնական զրույցներում, կորպորացիայի ղեկավարների հետ հանդիպումների և նահապետական հասարակություններ կառավարող ազդեցիկ մարդկանց հետ կոշտ զրույցների ժամանակ ես համառորեն պահանջել եմ կանանց հավասարություն և հորդորել եմ միջոցներ ձեռնարկել դրան հասնելու համար:  

Պաշտոնս ստանձնելու ժամանակ աշխարհի 9 խորհրդարաններում չկար կանանց ներկայացուցչություն: Մեր ջանքերի շնորհիվ այդ թիվը նվազեց` հասնելով 4-ի: 2008 թվականին ես մեկնարկեցի «Միավորվենք՝ վերացնելու կանանց հանդեպ բռնությունը» քարոզարշավը, և այսօր բազմաթիվ առաջնորդներ ու նախարարներ, հարյուրավոր խորհրդարանականներ ու միլիոնավոր այլ անձինք միացել են այդ կոչին:

Ես առաջին տղամարդն էի, ով նախաձեռնեց HeForShe (տղամարդը հանուն կնոջ) քարոզարշավը, և միլիոնավոր մարդիկ միացան այդ նախաձեռնությանը: Ես կանգնեցի այն ակտիվիստների կողքին, որոնք կոչ էին անում հրաժարվել կանանց սեռական օրգանների խեղումից և նրանց հետ տոնեցի մեր հաղթանակը, երբ, Ընդհանուր վեհաժողովը ընդունեց այդ նպատակին հասնելուն ուղղված առաջին բանաձևը: Ես միանում եմ բազմաթիվ մարդկանց կոչերին, ովքեր գիտակցում են, որ կանայք կարող են խթան հանդիսանալ մինչև 2030 թվականը Կայուն զարգացման համարձակ օրակարգի հաջողության հասնելու և կլիմայի փոփոխության վերաբերյալ փարիզյան համաձայնագրի առաջխաղացման գործում:

Կանանց միջազգային այս օրը թեպետ ինձ դեռ շարունակում է վրդովմունք պատճառել կանանց ու աղջիկների իրավունքների ժխտման հանգամանքը, այնուամենայնիվ, ինձ հուսադրում են այն մարդիկ, ովքեր առաջնորդվում են այն հաստատուն գաղափարով, համաձայն որի կանանց զորացումը կարող է նպաստել հասարակության առաջընթացին:  Եկե´ք տրամադրենք հաստատուն ֆինանսավորում և անվեհեր աջակցություն, ինչպես նաև ցուցաբերենք անկոտրում քաղաքական կամք հասնելու գենդերային հավասարության ամբողջ աշխարհում: Մեր ընդհանոր ապագայի համար չի կարող լինել դրանից առավել մեծ ներդրում:  

Նախորդ հոդվածը‘Կալեի «քաղաքացիներ». «Ո՞ւր է ձեր դեմոկրատիան, որտե՞ղ է մեր ազատությունը»’
Հաջորդ հոդվածը‘ԿԲ. Շաբաթական ամփոփ տվյալներ’