‘«Բան չկա, կգնա, կնստի մի քանի տարի ու կգա»’

1171

Հուլիսի 11-ին կալանավորվել է գյումրեցի ազատամարտիկ Հովհաննես Բաղդասարյանը: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով ազատամարտիկը կեղծ փաստաթղթեր ներկայացնելու եւ զինվորական կենսաթոշակ ստանալու մեղադրանքով, դատապարտվել էր երեք տարի ազատազրկման: Նա  դատավճիռը բողոքարկել էր Վերաքննիչ դատարանում, սակայն վճիռն անփոփոխ էր թողնվել: Իսկ Վճռաբեկ դատարանը գործը վարույթ չէր ընդունել:

Ազատամարտիկը դատարանին փաստաթղթեր էր ներկայացրել, որ կամավոր ընդգրկվել է չորրորդ գումարտակի կազմում, ուներ այն տեղեկանքները, որոնցում նշված էր, որ մասնակցություն է ունեցել մարտերին, իսկ 1994 թվականի ապրիլին վիրավորվել է արկի պայթյունից, ստացել է բեկորային վնասվածքներ եւ կոնտուզիա:

Հովհ. Բաղդասարյանը սեփականություն չունի, բնակվում է Գյումրու Արմեն Տիգրանյանի անվան թանգարանի շենքում՝ ծեր մոր եւ քրոջ հետ: Մայրը` Ասյա Մինասյանը, պատմում է, որ նախօրեին, երբ որդին տնից դուրս էր եկել առօրյա գործերով, իրենց տուն էին եկել երկու ոստիկան եւ նրան հարցրել: Մայրը կռահել էր, թե նրանք ինչու կարող էին գալ ու պատմել էր, որ իր որդին իսկապես կռվել է Ղարաբաղում, հիվանդությամբ է տառապում, եւ դատարանը հիմքեր չուներ, դա անտեսելով՝ նրա նկատմամբ պատիժ սահմանել՝  դատապարտել երեք տարի ազատազրկման:

Երեկոյան ոստիկանները կրկին էին եկել, երբ արդեն Հովհաննեսը տանն էր եղել: Մոր աղաչանք-պաղատանքին տեղի էին տվել՝ թույլատրելով գիշերն անցկացնել տանը, բայց առավոտյան ներկայանալ ոստիկանական բաժանմունք: Մայր ու որդի առավոտյան գնացել էին: Բաժանմունքում էլ Հովհաննեսին վերցրել էին կալանքի: Ոստիկանության մի սպա, Ասյա Մինասյանի ընկճված վիճակը տեսնելով, հուսադրել էր նրան. «Բան չկա, կգնա, կնստի մի քանի տարի ու կգա»:

Ասյա Մինասյանը պատմելով, հիշում է թերթերի հրապարակումներից մեկում որդու խոսքերը. «Ես կգնամ, կնստեմ, իսկ մայրս այստեղ «հանգիստ» կմեռնի, առանց որդու դեմքը տեսնելու… Ի՜նչ ճիշտ էր ասել՝ այդպես էլ կլինի»: Նրան միջամտում է դուստրը.«Ես այդ օրը գնացել էի Երեւան՝ վիրահատության, եկա, երբ արդեն եղբորս տարել էին: Դատարանում ասացին, որ փաստաթղթերը կեղծ է, բայց դա չապացուցվեց: Չհասկացանք, թե ինչու նրա ետեւից ընկան, իսկ չկռվածներից ոչ մեկի չդատապարտեցին: Ու հիմա ոչ ոք՝ նույնիսկ հրամանատարը, տեր չեն լինում»:

Քույրը պատմում է, որ եղբայրը վատառողջ է, բայց նրա ունեցած փաստաթղթերն հաշվի չառան: Նա գտնում է, որ եղբոր նկատմամբ դիտավորությամբ են գործել: Վերաքննիչ դատարանն էլ, նրա խոսքերով, մեխանիկորեն, ոչինչ հաշվի չառնելով, նույնիսկ՝ առողջականը, վճիռն անփոփոխ թողեց: «Մարդը, հասարակ զինվորը, գնացել կռվի է մասնակցել, վերադարձել է՝ այդ փաստաթղթերը տվել են,-ասում է Ջուլիետա Բաղդասարյանը,-ինքը ի՞նչ կապ ուներ կեղծ փաստաթղթերի հետ: Փաստաթղթեր, որոնց տակ լիքը պատասխանատու մարդիկ էին ստորագրել: Իսկ, եթե կեղծ էին այդ փաստաթղթերը այդքան մարդը ինչու՞ էր կեղծիքի տակ ստորագրում»:

Այժմ Հովհաննեսը գտնվում է Արթիկի ՔԿՎ-ում, բայց ըստ հարազատների ունեցած տվյալների, հավանական է, որ նրան շուտով տեղափոխեն Կոշ ՔԿՎ:

Սամվել Հունանյան

 www.asparez.am

Նախորդ հոդվածը‘Նյու Յորքի մետրոյում սատկած շնաձուկ են հայտնաբերել’
Հաջորդ հոդվածը‘Ոստիկանները առեւանգել են չորս ակտիվիստների’