‘«Բաշնեֆտի» նախկին ղեկավար Ռահիմովին մեղադրանք է ներկայացվել’

918

Հետաքննությունը որոշում է կայացրել քրեական գործում որպես մեղադրյալ ներգրավել «Բաշնեֆտի» նախկին ղեկավար Ուրալ Ռահիմովին: Այս տեղեկությունը ИТАР-ТАСС-ի հետ զրույցում հաստատել է Ռահիմովի փաստաբան Իլնուր Սալիմյանովը:

«Որոշումը նոր է կայացվել, սակայն դեռ չի ներկայացվել: Օրենքի համաձայն՝ այն պետք է ներկայացվի երեք օրվա ընթացքում, սակայն դրա վերաբերյալ ծանուցում չենք ստացել ո՛չ ես, ո՛չ էլ Ռահիմովը,- ասել է փաստաբանը:- Քննչական կոմիտե ներկայանալու պաշտոնական հրավեր մինչ օրս չի ստացվել: Հետախուզում հայտարարելու որոշում նույնպես չի ներկայացվել»:

Ուրալ Ռահիմովը Բաշկորտոստանի նախկին նախագահ Մուրտազա Ռահիմովի որդին է: Նրան մեղսագրվում է ապօրինի ստացված դրամական միջոցների օրինականացում և մսխում՝ «Բաշնեֆտի» սեփականաշնորհման ընթացքում:

Ավելի վաղ դատավարությանը մասնակցող վկայի՝ Բաշկորտոստանի նախկին նախագահի փաստաբան Սերգեյ Մակարենկոն պարզաբանել էր, որ պաշտպանական կողմը 2002-2010 թթ. իրադարձությունները (երբ սեփականաշնորհվել է «Բաշնեֆտը») անվանում է «սեփականաշնորհում», իսկ մեղադրական կողմը՝ «հափշտակում և պետական ունեցվածքի օրինականացում»: Փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Հիշեցնենք, որ այս գործով հուլիսի 15-ին Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում Նիսից վերադառնալիս ձերբակալվել է հայազգի գործարար Լևոն Հայրապետյանը: Հետաքննությունը կասկածում է, որ Հայրապետյանը 2009 թվականի ապրիլին մասնակցել է Ուրալ Ռահիմովի կողմից «Բաշնեֆտ» ընկերության վաճառքին, որը հանդիսանում է ԱՖԿ «Սիստեմա»-ի կառույցներից մեկը: Նա մեղադրվում է դրամական միջոցների հափշտակման և լվացման մեջ:

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանում ևս մի «Մակդոնալդս» է փակվել’
Հաջորդ հոդվածը‘«Ռեալ»-ը «Կորդովայի» դարպասն ուղարկեց երկու անպատասխան գնդակ (տեսանյութ)’