‘Բառեր, որոնք փոխել են կյանքը’

1009

Ցանկացած մարդու կյանքում կարող են լինել այնպիսի բառեր, որոնք տպավորվեն նրա մեջ մեկընդմիշտ: Եւ բոլորովին էլ պարտադիր չէ, որ դրանք հայտնի գրողների ասույթներ լինեն. ձեզ համար ամենակարևոր միտքը դուք կարող եք լսած լինել հարևանի կամ ընկերոջ հետ պատահական մի խոսակցության ժամանակ:

Ցատկ լողավազանի մեջ

Երբ ես 13 տարեկան էի, փորձում էի սուզվել սովորեցնել վեցամյա քրոջս: Դա հեշտ չէր, որովհետև նա չէր համարձակվում դա անել, ու ես երկար համոզում էի նրան: Քանի որ մենք հանրային մեծ լողավազանում էինք, այնտեղ մի 70-ամյա տատիկ էր լողում ու ժամանակ առ ժամանակ մեզ էր նայում: Վերջիվերջո՝ նա լողաց մեր կողմը՝ այն պահին, երբ քույրս ճչում էր. «Բայց ես վախենում եմ, շատ եմ վախենում»: Տատիկը նայեց նրան, բռունցքը վեր տնկեց ու ասաց. «Դե ուրեմն վախեցի՛ր ու ամեն դեպքում արա՛ դա»:

Այս դեպքը տեղի է ունեցել 35 տարի առաջ, բայց ես այն երբեք չեմ մոռանա: Դա ինձ համար իսկական հայտնագործություն էր. պարտադիր չէ լինել անվախ, կարևորը՝ պետք է գործել, եթե անգամ վախենում ես:

 

Մայրս

Մայրս մահանում էր: Ընկերս ասաց. «Քո առջև դեռ մի ամբողջ կյանք կա նրան սգալու համար, և պետք չէ դա անել նրա աչքի առաջ»: Նրա ասածն ինձ օգնեց հասկանալ, որ իմ զգացմունքները միշտ չէ, որ այդքան կարևոր են:

Գիտական կոչում

Երբ ես 38 տարեկան էի, մտածում էի՝ արժի՞ ևս երկու տարի ծախսել՝ գիտական կոչում ստանալու համար: Ես արդեն համարյա ինքս ին ձ համոզել էի, որ չարժի, ու այդ մասին ասացի ընկերոջս: «Ես արդեն բավական ծեր եմ՝ինչ-որ բան սկսելու համար: Երկու տարի հետո 40 տարեկան կլինեմ, երբ գիտական կոչում ստանամ»: Ընկերս պատասխանեց. «Եթե դա չանես էլ, միևնույն է,  40 տարեկան դառնալու ես, բայց  գիտական կոչում չես ունենալու»:

Հիմա ես 60-ի մոտ եմ, և կոչումն ինձ օգնել է հաղթահարել գոյության համար պայքարելու և արժանապատիվ կյանքի միջև սահմանը:

Անգին դաս

Երբ ես աշխատում էի մի ոչ մեծ հիվանդանոցում, մի անգամ մոռացել էի ստուգել սարքավորման մեխանիզմը, և այն խափանվեց ու փչացավ: Նորոգման համար ծախսվեց 250 հազար դոլար:

Հաջորդ օրը ղեկավարս ինձ կանչեց իր մոտ, և ես սպասում էի, որ ինձ հեռացնելու է աշխատանքից: Բայց նա հարցրեց, թե ինչու նախապես չէի ստուգել սարքը,և լսելով իմ պատճառաբանությունները՝ ինձ ետ ուղարկեց աշխատելու: Ես զարմացա, թե ինչու  ինձ չի ազատում աշխատանքից, ու նա պատասխանեց. «Ես հենց նոր 250 հազար դոլար ծախսեցի, որ քեզ դաս տամ, որը դու երբեք չես մոռանա: Ինչո՞ւ պիտի հիմա քեզ հեռացնեմ աշխատանքից»:

Ուսուցիչներ

«Յուրաքանչյուրը, ում հանդիպում ես, գիտի ինչ-որ մի բան, որ դու չգիտես»,- մի անգամ ասաց պապիկս: Այդ նախադասությունն ամեն անգամ ինձ հիշեցնում է, որ ես ուսուցիչներով եմ շրջապատված:

Վինի Թուխն ու Պյատաչոկը

Հոգեբանս ինձ մի նկար ցույց տվեց՝ անտառում Վինի Թուխի ու Պյատաչոկի պատկերներով: Այնտեղ գրված էր.«Թուխ, ենթադրենք՝ ծառը հանկարծ տապալվում է, երբ մենք ուղիղ նրա տակ ենք»,- հարցնում է Պյատաչոկը: «Ավելի լավ է՝ արի ենթադրենք, որ ծառը չի տապալվում»,-մի քիչ մտածելուց հետո պատասխանում է Վինին:

Ես միշտ մտածում եմ այդ մասին, երբ թվում է, թե իրադրությունը ծայրահեղ է: Դա օգնում է ինձ հանդարտվել և սկսել ավելի բանականորեն մտածել:

Սայլակը

Ես հաշմանդամի սայլակով մի մարդու հանդիպեցի ու հարցրի՝ արդյոք դժվար չէ՞ միշտ գամված լինել այդ սայլակին: Նրա պատասխանն այսպիսին էր. «Ես ոչ թե գամված եմ իմ սայլակին, այլ ազատագրված եմ նրա շնորհիվ: Եթե սայլակը չլիներ, ես պետք է պառկած լինեի ու չկարողանայի տեղից տեղ շարժվել»:

Ըստ echo.msk.ru-ի

Նախորդ հոդվածը‘Պրեմիերա. Հանդիպումներ, որոնք չարժե բաց թողնել’
Հաջորդ հոդվածը‘ԿՀՎ-ի տնօրենը հանդես է եկել հարցաքննության մեթոդների պաշտպանությամբ’