‘
Այսօր «բասիջ» ժողովրդական աշխարհազորի ջոկատները տեղակայվել են Թեհրանի կենտրոնական առևտրային թաղամասերում, որտեղ չորեքշաբթի օրը անկարգություններ էին տեղի ունեցել ազգային արժույթի գնողունակության կտրուկ անկման պատճառով: Տեղեկությունների համաձայն՝ անվտանգության ուժերի հետ առավել կատաղի բախումները տեղի էին ունեցել Թեհրանի երեք գլխավոր փողոցներում, որտեղ տեղակայված են ոսկու առևտրի կրպակները և տարադրամի փախանակման կետերը: Բախումներն ուղեկցվել են ոստիկանության ավտոմեքենաների հրկիզմամբ: «Ամեն ինչ խոսում է այն մասին, որ իշխանությունները փորձում են ոչնչացնել արտարժույթի կիսապաշտոնական սև շուկան և արտարժույթի առևտուրը տեղափոխել անցյալ շաբաթ ստեղծված Արժույթի փոխանակման կենտրոններ, որոնք գտնվում են Իրանի կենտրոնական բանկի վերահսկողության ներքո»,- ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի թղթակցին փոխանցել է լոնդոնյան Սիթիի մի աշխատակից:
Չորեքշաբթի օրը ամերիկյան դոլարի փոխարժեքը Իրանի ազատ շուկայում բարձրացավ մինչև 40 հազար ռիալ՝ օրվա ընթացքում կորցնելով 2,5 հազար: Մինչդեռ ուղիղ մեկ շաբաթ առաջ 1 դոլարն արժեր 24 հազար ռիալ:
«Բասիջ» ջոկատների առջև խնդիր է դրված «համոզելու միջոցով զսպել բողոքները» և «բաց պահել խանութները»: Ընդ որում՝ իշխանությունները հանձնարարել են «գործել նրբանկատորեն և զոհեր թույլ չտալ»:
‘