‘Բարեգործ Լֆիկը’

1287

Իշխանությունները որոշել են Սամվել Ալեքսանյանից՝ Լֆիկից մեծ բարեգործ սարքել: Նրան արդեն իր աջակցությունն  է հայտնել ԿԳ նախարար, նույն ինքը՝ կարմիր շորտիկավորների ղեկավար Արմեն Աշոտյանը, իսկ Բաղրամյան  26-ի տակ թիկնած հեռուստաընկերությունները գիշեր-ցերեկ ցույց են տալիս ԱԺ պատգամավորին ծառ տնկելիս, դեղ բաժանելիս, ուսման վարձ տալիս և այլն:

Նրանք, ովքեր լավ են ճանաչում Լֆիկին, պատկերացնում են, թե խեղճի սրտից ինչպես է արյուն կաթում: Լֆիկն ու բարեգործությունը այնքան են մոտ, որքան Սերժի հետ փայով աշխատելը և ազատ տնտեսական մրցակցությունը: Սամվել Ալեքսանյանի  մերձավորները շատ լավ գիտեն, թե ինչպես է ոչ վաղ անցյալում Լֆիկը հրաժարվել վճարել իր եղբոր զավակների ուսման վարձը, և պատանի Ալեքսանյանները չեն կարողացել շարունակել իրենց ուսումը: Սա հանգեցրել էր հետագայում ընտանեկան ողբերգության:

Իհարկե, Լֆիկը այս ամենը հիշում է, հասկանում է նաև, որ իր շեֆը հերթական անգամ իրեն թաշկինակի պես օգտագործում է, և լավագույնը, որ նա ստանալու է այս իշխանություններից `վզին դրած հերթական գումարն է լինելու ու Աշոտյանի հեզաճկուն գրառումը ֆեյսբուքում:

Այս ամենը կլիներ ծիծաղելի, եթե այսքան տխուր ու ողբերգական չլիներ: Արդեն մի քանի ամիս է՝ իշխանությունը իր «ակտիվիստներին» քսի է տվել Լֆիկի դեմ: Լֆիկն  ամեն օր  թուք ու մուր է ստանում նրանցից, Բաղրամյան 26-ի լրատվամիջոցները օրը  տասն անգամ ցույց են տալիս այդ կադրերը: Լֆիկը այս ամենը շատ լավ հասկանում է, բայց թասիբը, դուխը, ինքնասիրությունը, փաստորեն, անգամ այս ամենից հետո նրա մոտ խորը դեֆիցիտի մեջ են: Նա ձայն չի հանում, շարունակում է հլու-հնազանդ ծառայել իր հիմնական փայատիրոջը, իսկ փայատերն էլ թքած ունի, թե իր հեռանալուց հետո ինչ է սպասում Լֆիկին: Իսկ Լֆիկին սպասում է վառ ու պայծառ ապագա` որևէ ցեխում  «սմենի պետ»  աշխատելով:

Մի քանի տարի առաջ Լ. Տեր-Պետրոսյանը բազմահազարանոց  հանրահավաքի  ժամանակ ասել էր, որ Սերժ Սարգսյանը բոլոր խոշոր գործարարներին կարճ ժամանակում բոմժ է դարձնելու: Առաջին նախագահի այս կանխատեսումը այսօր դարձել է  թևավոր խոսք բիզնես շրջանակներում: Իսկ խեղճ Լֆիկին Սերժը ոչ միայն բոմժ է դարձնում,  ստորացնում, տարբեր փայեր և խոշոր ծախսեր դնում նրա «ուսերին», այլև արդեն իսկ կերտում է նրա բոմժ- բարերարի կերպարը:

Մենք հասկանում ենք, որ Լֆիկը լրատվական կայքեր չի կարդում, բայց վերջում անկեղծորեն ապացուցելու  համար, որ մենք չենք չարախնդում նրա վիճակի համար, ամեն դեպքում մի բարի զգուշացում անենք. Բաղրամյան 26-ը սկսել է ուղիղ աշխատել քո տնօրենների հետ: Քեզ շրջանցում  են տարբեր, ոչ այնքան ազնիվ խաղեր սկսելիս: Ուշադիր եղիր, սա քեզ վերջնականապես գցելու ու վերջնականապես բոմժ սարքելու կարևոր քայլերից է: Ուշադիր եղիր:

Վարուժան Իսախանյան 

Նախորդ հոդվածը‘Փորձագետ. Հայաստանի հետ միասնական ՀՕՊ համակարգ ձևավորելու՝ Պուտինի մտադրությունը հատկապես հետաքրքիր է նրա Երևան կատարելիք այցի ֆոնին’
Հաջորդ հոդվածը‘Ըստ ՀՔԾ-ի՝ քաղաքացի Ա. Ա.-ն ոստիկանների նկատմամբ բռնություն է գործադրել’