‘
Ժառանգություն կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հետընտրական հերթական հանդիպումն է անցկացրել Գյումրիում: Ըստ ԳԱԼԱ-ի՝ Թատերական հրապարակը դարձյալ լեփ-լեցուն էր:
«Գյումրին չի վաճառվում»,- հանրահավաքի սկզբում հայտարարել է Ժառանգություն կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը: Ըստ նրա՝ Հայաստանում տեղի ունեցող այս զարգացումներն ապացուցում են մի բան, որ ՀՀ քաղաքացին այլևս չի հնազանդվելու և պայքարելու է իր հաղթանակն իրական դարձնելու համար: Ելույթներով հանդես են եկել նաև պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը, Ռուբեն Հակոբյանը, երգիչ Ռուբեն Հախվերդյանը: Հանրահավաքի մեկնարկից րոպեներ անց հայտարարությամբ են հանդես եկել ոստիկանության ներկայացուցիչներն ու հայտարարել, որ հանրահավաքը արտոնված չէ: Րաֆֆի Հովհաննիսյանը, ինչպես նախօրեին Իջեւանում, մոտեցել է ոստիկաններին եւ պահանջել ձերբակալել իրեն, «եթե կարծում են, որ հավաքն անօրինական է»: Ի տարբերություն Իջեւանի, Գյումրիում այդ պահին Հովհաննիսյանին ուղեկցել են բազմաթիվ քաղաքացիներ: Նրանցից մեկի, ըստ երեւույթին, կոպիտ արտահայտությանն ի պատասխան, Րաֆֆի Հովհաննիսյանը նկատում է՝ «չի կարելի, նրանք մեր ոստիկաններն են»: Մանրամասները՝ GalaTV-ի տեսանյութում:
‘