‘«Բարի ազատում ամենքիդ այս տեսակ «ապահով» Հայաստանից»’

1034

Եթե Ս.Սարգսյանն իսկապես համոզված էր, որ սկուտեղի վրա է մատուցվել բացառիկ ընտրությունների անցկացման հնարավորությունը, ինչպես ասել էր մի քանի օր առաջ, պիտի շրջահայաց լիներ այնքան, որ իրեն ենթակա ոստիկանությունը, ԱԱԾ-ն, եւ հնարավոր գաղտնի ծառայությունները իսկապես հսկեին իրադրությունը, առանց թեկնածուներին նեղություն տալու, որ տեղի չունենար այն, ինչ եղավ Հայրիկյանի հետ: Իր քարոզչական նշանաբանի համատեքստում` առավելեւս: Գուցեեւ հսկել են, բայց գործից շուտ են գնացել տուն:

Սակայն ստացվեց սովորական պատմություն: Ուրեմն կամ Ս.Սարգսյանը իրադրություն գնահատելու հարցում լուրջ դժվարություներ ունի եւ մոլորության մեջ էր, կարծելով, թե ամեն ինչ հալած յուղի պես է հոսելու, եւ ինքն իրեն ժամանակից շուտ է հաղթած համարել «բացառիկ լեգիտիմ» ընտրություններում, կամ` մահափորձի կազմակերպիչները ուզեցին ապացուցել, որ Ս.Սարգսյանը դժվարություններ ունի երկրում ապահովություն իրականացնելու: Բացառված չէ, որ երկուսը մեկտեղված է այստեղ:

Կազմակերպիչները շատ լավ հասկանալով, որ իր վարչաքրեական մեքենայով, միեւնույն է, Սարգսյանը վերստանալու է իր պաշտոնը, երեւի գտել են, որ գոնե «Մարտի 1»-ի նման մի զզվելի եւ պատմական կեղտ նորից վերջինիս վրա թողնելը այն հնարավորն է, ինչ կարելի է անել այս միջոցին` առանց երեւելի ջանքերի, գուցեեւ հատուկ այնպես կրակելով, որ կենսական օրգանները չվնասվեն այն տուժողի, ով իր վարկանշով ակնահայտորեն զիջում էր երկու այլ ընդդիմադրի, եւ, որի վարկանիշը, այսպես, թե այնպես աճելու է այս դեպքից հետո:

ՀՀԿ առաջապահները գիշերը դառել էին բուժքույր, բժիշկ, պրոֆեսոր, ոստիկան, պահապան, հրեշտակ, մարգարե, իմաստուն եւ այլն: Տեսնես ի՞նչ է ասելու Սարգսյանը Հայրիկյանի ականջին, երբ այսօր այցելի վերջինիս: Իսկ ի՞նչ է լսելու Հայրիկյանից: Մենք չենք լսելու, որովհետեւ հինավանդանոցը մոտ 5 կմ շառավղով շրջապատված ու խցանված է լինելու հատուկ ծառայությունների մարդկանցով ու մեքենաներով, բժշկական անձնակազմը այդ միջոցին 95 տոկոսով փոխված է լինելու, խալաթավոր գործակալներ, ծպտյալ գեբեշնիկներ, Գորիկն էլ գուցե վիրաբույժ լինի եւ այլն: Որ մարդը ապահով գա, ապահով գնա, ինչ իմանաս:

Առողջություն Հայրիկյանին, եւ բարի ազատում ամենքիդ այս տեսակ «ապահով» Հայաստանից:

Լեւոն Բարսեղյան/asparez.am

Նախորդ հոդվածը‘Ոստիկանությունը միջոցառումներ է ձեռնարկում՝ Հայրիկյանի վրա կրակողի ինքնությունը պարզելու համար’
Հաջորդ հոդվածը‘ՀՅԴ ԳՄ. Պարույր Հայրիկյանը կհաղթահարի նաև այս փորձությունը’