‘
Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնը հոկտեմբերի վերջին լքող Խոսե Մանուել Բարոզուն հայտարարել է, որ եթե Բրիտանիան դուրս գա Եվրամիության կազմից, նրա ազդեցությունը միջազգային ասպարեզում կհավասարվի զրոյի:
Հանդես գալով BBC-ի առավոտյան ծրագրում՝ Բարոզուն նշել է, որ, իր կարծիքով՝ վարչապետը Դևիդ Քեմերոնն ուզում է, որ Բրիտանիան մնա ԵՄ-ում:
Ավելի վաղ Քեմերոնը հայտարարել է, որ ընտրություններում պահպանողականների հաղթանակի դեպքում մինչև 2017 թ. հանրաքվե կանցկացվի ԵՄ-ի կազմում Բրիտանիայի մնալու նպատակահարմարության վերաբերյալ: Մինչ այդ վարչապետը մտադիր է ԵՄ-ի անդամության հարցում բանակցությունների միջոցով երկրի համար ավելի նպաստավոր պայմաններ ապահովել: Այդ բանակցությունների կենտրոնական հարցը կլինի ԵՄ երկրներից դեպի Բրիտանիա արտագաղթը սահմանափակելու հնարավորությունը, ինչի դեմ առարկություններ ունեն Եվրահանձնաժողովը և ԵՄ այլ կառույցներ:
Բարոզուն, մասնավորապես, նշել է, որ եվրոպական կառույցից դուրս գալու դեպքում Բրիտանիան չի կարող հավասար դիրքով բանակցություններ վարել ԱՄՆ-ի և Չինաստանի հետ: Նա նաև ընդգծել է, որ ԵՄ շրջանակներում Եվրոպայի քաղաքացիների ազատ տեղաշարժի սկզբունքն անխախտ է և վերանայման ենթակա չէ: Փոխանցում է BBC-ն:
‘