‘«Բարությունը քաղաքական կատեգորիա չէ»’

920

Քաղաքացի Իզաբելլա Սարգսյանը «Ֆեյսբուքում» գրում է.

Բարությունը քաղաքական կատեգորիա չէ։ Նախևառաջ՝ այն պատճառով, որ «բարության» կամ «չարության» հստակ և հսկայական տարընթերցումներ չենթադրող սահմանումներ գոյություն չունեն (ի տարբերություն, օրինակ, բարոյականության և անբարոյականության, օրինականության ու անօրինության)։ «Բարի» և «չար» հասկացությունները առասպելաբանական, էթիկական, փիլիսոփայական ու կրոնական իմաստ են ենթադրում և ուղղակիորեն կիրառելի չեն գործնական քաղաքականության մեջ։ Ավելին, դրանք, ինչպես նաև՝ «սերն» ու «ատելությունը», անձնական ու բավականին նեղ բնույթ ունեն (Գեբելսն, օրինակ, վեց երեխաների հայր էր և, դատելով իր դստեր նամակներից՝ սիրող հայր, ինչը բացարձակապես չէր խանգարում նրան մասնակից լինելու միլիոնավոր երեխաների անասունների համար նախատեսված վագոններով մահվան ճամբարներ ուղարկելուն և գազային խցիկներում այրելուն)։
Ում հետաքրքիր է՝ կարող է ավելի մանրամասնորեն ցանցում կարդալ, բայց համաձայն քրիստոնեական պատկերացումների (որոնք վերջերս անտեղի շատ են շահարկվում տարբեր հարթակներից)՝ բարության աղբյուրն Աստված է, իսկ բարության ակտը՝ բարեգոծությունն ու գթությունը։ Որքանո՞վ են սրանք ծառայում վերջերս մոդայիկ «բարի ընդդիմություն» հասկացությունը բնութագրելու համար և ի՞նչ կապ ունեն ընթացիկ հռետորաբանության ու նարնջագույն սիմվոլիկայի հետ՝ դատեք ինքներդ։ Ուղղակի եկեք անկեղծ լինենք, իրար չխառնենք եզրերը, ու իրերը փորձենք անվանել իրենց անուններով։ Այն ամենն, ինչ մենք լսում ենք վերջին շաբաթներին, ո՛չ քաղաքական բառապաշար է, ո՛չ էլ քաղաքական պրոցես։ Ես հասկանում եմ, որ որոշ առումով սա վտանգավոր դաշտ չմտնելու, հստակությունից խուսափելու ու չքաղաքականացված մարդկանց ներգրավելու մեթոդ է, բայց այս դեպքում ևս բառերին ու հասկացություններին պատշաճ ուշադրություն հատկացնելը ավելորդ չեմ համարում։

Նախորդ հոդվածը‘Քաղաքական ուժերի ներքին բարեփոխումների ժամանակը’
Հաջորդ հոդվածը‘Տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրես կուսակցության նախաձեռնող խմբի հերթական հավաքը’