‘«Բարսա», «Ռեալ», «Ատլետիկո» եռյակն անպարտելի է’

919

Ի տարբերություն Անգլիայի, Ֆրանսիայի, Իտալիայի եւ Գերմանիայի, Իսպանիայի առաջնության առաջատարները միավորներ կորցնելու ոչ մի մտադրություն չցուցաբերեցին: «Բարսան», «Ռեալը» եւ «Ատլետիկոն» համերաշխ կերպով հաղթանակներ տարան:

Իսպանիայի առաջնության 12-րդ տուրում նախ «Բարսելոնան» սեփական հարկի տակ 3:1 հաշվով առավելության հասավ «Սարագոսայի» նկատմամբ: «Բարսան» հաղթեց բավական հանգիստ, օգտագործեց այնքան էներգիա, որքան հարկավոր էր: Հանդիպման հերոսը ավանդույթի համաձայն Մեսին էր, որ դարձավ դուբլի եւ գոլային փոխանցման հեղինակ: Մեսին առաջնությունում գոլերի իր քանակը հասցրեց 17-ի` 5-ով ավելի, քան Ռոնալդուն, եւ պարզապես ավելին, քան առաջնության 13 թիմ:

«Ռեալը» իր հերթին բավական հեշտությամբ հաղթեց Բիլբաոյի «Ատլետիկին»՝ 5:1, չնայած բասկյան թիմը խոստացել էր «ատամ» ցույց տալ: Հիանալի հանդիպում անցկացրեց վերջերս խաղային քիչ պրակտիկայից դժգոհ Քարիմ Բենզեման, որը դուբլի հեղինակ դարձավ: Եվս մեկ դժգոհ մարդ՝ Քրիշտիանու Ռոնալդուն շարունակում տխուր լինել. «Ռեալը» հինգ գոլ խփեց. ու դրանցից ոչ մեկի հեղինակը Ռոնալդուն չէ: Արդյունքում վերջինս Մեսիից ետ է մնում ոչ միայն ռբմարկուների, այլ նաեւ «Ոսկե գնդակի» համար պայքարում:

Եվ վերջապես, Մադրիդի «Ատլետիկոն» «Գրանադայի» հետ խաղում, շատ դժվար պայքարում հաղթանակ կորզեց՝ 1:0 եւ շարունակում է ընդամենը երեք միավորով ետ մնալ «Բարսելոնայից»: Շատ շուտով «Ատլետիկոն» հանդիպելու է թե «Ռեալի», թե «Բարսելոնայի» հետ եւ այդ ժամանակ պարզ կդառնա այս թիմի իրական ամբիցիաների սահմանը:

Իսպանիայի առաջնություն. 12-րդ տուր

«Բարսելոնա» — «Սարագոսա»՝ 3:1

Մեսի՝ 16, 60, Սոնգ՝ 28 – Մոնտանյես՝ 23


«Ռեալ» — «Ատլետիկ»՝ 5:1

Բենզեմա՝ 12, 32, Ռամոս՝ 30, Օզիլ՝ 56, Խեդիրա՝ 72 – Գոմես՝ 42


«Գրանադա» — «Աթլետիկո»` 0:1

Արդա Թուրան՝ 61

Նախորդ հոդվածը‘Երվանդ Բոզոյան. Նախընտրական այս վիճակը շատ չի տարբերվում մյուս նախընտրական իրավիճակներից ‘
Հաջորդ հոդվածը‘Վերջին 10 ամսում Հայաստանից մեկնել և չի վերադարձել 88 241 մարդ ‘