‘«Բարսելոնան» հաղթեց «Ռեալին» 3:2 հաշվով (տեսանյութ)’

3014

‘

ԱՄՆ-ի Մայամի քաղաքում տեղի ունեցավ «Չեմպիոնների միջազգային գավաթ» ընկերական մրցաշարի ` «Ռեալ» – «Բարսելոնա» խաղը: Կատալոնացիները հաղթեցին 3:2 հաշվով:

Մեկնարկային 7 րոպեների ընթացքում «կապտանռնագույները» երկու անգամ գրավեցին Կեյլոր Նավասի պաշտպանած դարպասը: Նախ, աչքի ընկավ Լիոնել Մեսսին, ապա նաև Իվան Ռակիտիչը:

14-րդ րոպեին մադրիդցիների գրոհներից մեկի ժամանակ Մատեո Կովաչիչը գեղեցիկ խաբքով հարվածային դիրք դուրս եկավ ու կրճատեց հաշվի տարբերությունը:

Առաջին կեսի հետագա ժամանակահատվածում «բլաուգրանան» երրորդ գոլին շատ մոտ էր, սակայն բազմաթիվ գոլային պահեր չիրացրեց, ինչից օգտվեց «Ռեալը»: Մրցակցի անկյունայինի խաղարկումից հետո կազմակերպված կայծակնային հակագրոհի արդյունքում հաշիվը հավասարեցրեց Մարկո Ասենսիոն:

Ընդմիջումից հետո «Բարսելոնան» կրկին առավելությամբ սկսեց, որը նույնպես դարպասի գրավմամբ ավարտվեց: Տուգանային հարվածի խաղարկման ժամանակ Նեյմարի փոխանցումից հետո աչքի ընկավ Ժերար Պիկեն:

Մնացած ժամանակահատվածում ավելի սուր էին գործում «Արքայական ակումբի» խաղացողները: Այդ ընթացքում կատալոնացիներին մի քանի անգամ փրկեց դարպասապահ Յասպեր Սիլեսենը, հատկապես Իսկոյի երկու հարվածներից հետո: Նոր գոլեր այդպես էլ չգրանցվեցին:

Չեմպիոնների միջազգային գավաթ մրցաշարի հյուսիսամերիկյան գոտու հաղթող դարձավ «Բարսելոնան»: Բլաուգրանան հաղթեց բոլոր երեք հանդիպումները. «Յուվենտուսին»` 2:1, «Մանչեսթեր Յունայթեդին»` 1:0 և «Ռեալին»` 3:2:

«International Champions Cup»
«Ռեալ – «Բարսելոնա»` 2:3
Գոլերը՝ Կովաչիչ (14), Ասենիսո (36) – Մեսսի (3), Ռակիտիչ (7), Պիկե (50)

‘

Նախորդ հոդվածը‘ՊՍԺ-ն հաղթեց «Մոնակո»-ին և դարձավ Ֆրանսիայի սուպերգավաթակիր (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘«Մանչեսթեր Սիթին» ջախջախեց «Տոտենհեմին» (տեսանյութ)’