‘«Բարսելոնա»-ի կանտերայի 11 լավագույն «անհաջողակները»’

1453

Կատալոնյան ակումբի լեգենդար նախագահներից մեկի` Խոսե Լուիս Նունիեսի կողմից հիմնադրած ֆուտբոլային ակադեմիան, 80-ականների երկրորդ կեսից սկսած, նաև  շնորհիվ մեկ այլ լեգենդար անձնավորության` Յոհան Կրոյֆի, պարբերաբար թիմին մատակարարել են մի շարք տաղանդներով` առաջին շրջանավարտներ Ամորից և Գվարդիոլայից մինչև 90-ականներում Դե լա Պենյա և Սելադես:

Իսկ 21-րդ դարի կանտերանոները շատերին ստիպեցին խոսել «Լա Մասիա»-ի մասին՝ որպես լավագույն ֆուտբոլային ակադեմիա, և իրապես հենց նրանք են համարվում վերջին շրջանում Բարսելոնայի և Իսպանիայի հավաքականի` նախկինում չգրանցված հաջողությունների հիմքը: Իհարկե, Բարսայի կանտերայից նոր հազարամյակում միայն աստղեր չեն հայտնվել, սակայն նրանց մեջ եղել են այնպիսիք, ովքեր երիտասարդ տարիքում համարվել են նույնիսկ էլ ավելի տաղանդավոր և հեռանկարային, քան այժմյան թիմում հանդես եկող բազմաթիվ ֆուտբոլիստներ:

Այս նյութում կանդրադառնանք 21-րդ դարի այն տաղանդավոր կանտերանոներին, որոնց առաջին թիմում հաստատվել խանգարեց ոչ միայն դարի սկզբում Բարսայի անկայուն վիճակը՝ իր բազում հետևանքներով, այլև նրանց մեծ մասի բազմաթիվ վնասվածքները, անհամբերատարությունը և մի շարք այլ պատճառներ: Ըստ Բարսայի խաղային դասավորվածության` կփորձենք անդրադառնալ ցանկացած դիրքի ամենատաղանդավոր §անհաջողակներին¦: 

 \"\"

Խոսե Մանուել Ռեյնա

Ծնված 31.08.1982թ.

\"\"

Անդոնի Սուբիսարետայի` «Վալենսիա» տեղափոխվելուց հետո 90-ականներին Բարսան այդպես էլ չէր կարողանում լուծել թիմի հիմնական դարպասապահի հարցը: Տարբեր տարիներ թիմում հայտնվեցին Կարլես Բուսկետսը` Սերխիո Բուսկետսի հայրը, պորտուգալացի Վիտոր Բայան, Լոպետեգին և Վան Գալի կողմից ձեռք բերված հոլանադացի Հեսպը: Փոխարենը Բարսայի պատանեկան թիմերում սկսել էին աչքի ընկնել երկու միևնույն տարիքի պատանանիներ` Վիկտոր Վալդեսն ու Պեպե Ռեյնան: Երկուսից առաջինը` հենց Պեպեն, 1999 թ. տեղափոխվեց «Սեգունդա»-ում խաղացող «Բարսելոնա Բ»: 2000 թ. Վան Գալի հետ Բարսան լքեց նաև Հեսպը, և նրան փոխարինելու համար ակումբը «Սելտա»-ից ձեռք բերեց Ռիչարդ Դյուտրուելին և առաջին թիմ տեղափոխեց Ռեյնային: Ֆրանսիացի Դյուտրուելը խաղային տարին սկսեց ծայրահեղ վատ, և նրան փոխարինում էր ևս մեկ կանտերանո` Ֆրանսեսկ Արնաուն: Դեկտեբերին երկու դարպասապահների վնասվածքի արդյունքում Ռեյնան մեկնարկեց իր ելույթները թիմի կազմում: Թե՛ Լորենսո Սերրա Ֆերերը, թե՛ Կարլես Ռեկսաչը մինչև խաղային տարվա ավարտ երեք դարպասապահներից ավելի շատ նախընտրում էին հենց Ռեյնային: Սակայն հաջորդ խաղաշրջանում Բարսան ձեռք բերեց ևս մեկ` այս անգամ ավելի փորձառու դարպասապահ` Ռոբերտո Բոնանոյին, և դրանից հետո Ռեյնան շատ ավելի քիչ ժամանակ անցկացրեց դարպասներին: Վան Գալի վերադարձից հետո թիմը շարունակեց արդեն ավանդույթ դարձած` ամեն մրցարշավից առաջ նոր դարպասապահի ձեռքբերումը` «Բենֆիկա»-ից գնեցին Ռոբերտ Էնկեյին` այն նույն դարպասապահին, ով  ինքնասպանություն գործեց 2009 թ., և առաջին թիմ տեղափոխվեց Վիկտոր Վալդեսը, ում Վան Գալը տեսնում էր հիմնական դարպասապահի դերում: Ռեյնան վարձակալական հիմունքներով տեղափոխվեց «Վիլլյառեալ», որտեղ Ռեյնան անմիջապես սկսեց փայլել և բացի դարպասային գծում վստահ խաղից՝ աչքի էր ընկնում նաև գրոհային և գոլային փոխանցումներով, ինչպես նաև 11 մետրանոցը ետ մղելու ունակությամբ: Ռեյնան «Վիլլյառեալ»-ում իր վերջին տարում  11մետրանոց 9 հարվածներից ետ մղեց 7-ը` օգնելով թիմին նվաճել ՉԼ-ի ուղեգիր: Հաջորդ` 2005-2006 թթ. մրցաշրջանում Ռեյնան տեղափոխվեց «Լիվերպուլ», ուր Ռաֆա Բենիտեսը էլ ավելի էր մեծացնում իսպանացիների թիվը: Նա հենց սկզբից գրավեց «Ստամբուլի հերոս» Յեժի Դուդեկի տեղը հիմնական կազմում:

Մինչ օրս Ռեյնան շարունակում է հանդես գալ «Լիվերպուլ»-ում, որտեղ դարձել է բազմաթիվ ակումբային ռեկորդների հեղինակ և երեք անգամ նվաճել է Անգլիական Պրեմիեր Լիգայի  լավագույն դարպասապահի համար շնորհվող «Ոսկե ձեռնոց» մրցանակը:

Եթե չլինեին Ռեյնայի անփույթ խաղը և մանկական սխալները, նա կարող էր ոչ միայն Վալդեսին զրկել «Բարսելոնա»-ի հիմանական կազմում խաղալուց, այլև դառնալ Իսպանիայի հավաքականի առաջին համարը:

 

Գաբրել Գարսիա դե լա Տորրե 

Ծնված 10.02.1979թ.

\"\"

Այս ունիվերսալ խաղացողը այն քչերից էր, ով կարողանում էր տեղ գտնել Վան Գալի ստեղծած հոլանդական «ԲարսԱյաքս»-ում, որից նեղսրտում էին շատերը, օրինակ՝ Ռոխեր Գարսիան այդ տարիների մասին նշում էր. «Ես ինձ օտար էի զգում, սեփական տանը»:

Երիտասարդ Գաբրին արդեն հասցրել էր իրեն լավ դրսևորել 1999 թ. մինչև 20տ. ԱԱ-ում, և խաղաշրջանը սկսեց առաջին թիմի հետ: Վան Գալը նրան օգտագործում էր որպես աջ եզրային պաշտպան, իսկ Գվարդիոլայի վնասվածքից հետո` որպես խաղարկող հենակետային: Լավ անձնական տարվանից հետո նա Պույոլի և Չավիի հետ նվաճեց Սիդնեյի «Ամառային օլիմպիական խաղեր»-ի արծաթե մեդալը: Հաջորդ երկու տարիները, մինչ Վան Գալի վերադարձը, անդադար վնասվածքները նրան խանգարեցին տեղ գտնել մեկնարկայինների մեջ: Վան Գալի վերադարձի հետ միասին Գաբրին վերագտավ իր տեղը հիմնական կազմում և առաջարկ ստացավ Թուրինի «Յուվենտուս»-ից, որը նա մերժեց` նախնըտրելով մնալ թիմում և դառնալ Լապորտայի նոր նախագծի մասնիկ: Սակայն նորանշանակ մարզիչ Ֆրանկ Ռայկարդն այդքան էլ չէր վստահում նրան:

«Բարսելոնա»-ի վերածննդի հետ սկսեց Գաբրիի կարիերայի մայրամուտը. «Լա-Լիգա»-ում հաղթանակած հաջորդ 2004-2005 մրցաշրջաններում բաց թողեց գրեթե ամբողջ տարին՝ ծնկի լուրջ վնասվածքի պատճառով: Իսկ 2005-2006-ում ընդհանրապես կորցրել էր թեկուզ քիչ խաղալու հնարավորությունը: Իր նախընտրած աջ եզրում խաղում էին Բելլետտին և Օլեգերը, իսկ կիսապաշտպանությունում մրցակցությունը էլ ավելի մեծ էր: Արդյունքում որոշեց Ռայկաարդի օգնական Հենկ տեն Կատեի հետ տեղափոխվել Ամստերդամի «Այաքս», որտեղ որոշակի մակարդակից չիջավ և անցկացրեց երեք ոչ վատ տարիներ, որից հետո էլ տեղափոխվեց Քաթար: Ներկայումս վերադարձել է Եվրոպա և խաղում է շվեյցարական «Լոզան»-ում:

 

Մարկ Վալյենտե Հերնանդես

Ծնված 20.03.1987թ.

\"\"

Հենց գրանյոլերսցին էր հանդիսանում հրաշալի 87 թվի սերնդի ավագն ու առաջատարներից մեկը, որտեղ միաժամանակ խաղում էին Սեսկը, Մեսսին, Պիկեն և Վիկտոր Վասկեսը: Թվում էր, թե Բարսան ապագայի համար ունի երկու ֆիզիկապես ուժեղ և գրագետ պաշտպանների զույգ` կազմված Պիկեից և Վալյենտեյից, բայց 2004 թ. Խերարդ Պիկեն տեղափոխվեց «Մանչեստեր Յունայթեդ»: Վալյենտեն «Բարսելոնա Բ»-ում ամեն տարի փորձում էր հարմարվել նոր խաղընկերներին` հոլանդացի Հուգերվերստին, Օլմոյին և Կորկոլեսին, ովքեր իրենց որակներով բավականին զիջում էին Պիկեին, և պրոֆեսիոնալ ֆուտբոլում ոչ մի լուրջ հաջողությունների չհասան: Առաջին և վերջին խաղը «Բարսելոնա»-ում անցկացրեց 2006-2007 մրցաշրջանում` գավաթային խաղում: Հետագայում Պեպ Գվարդիոլայի գլխավորությամբ Բարսա Բ-ում անցակցրեց ևս մեկ լավ տարի` օգնելով «Տերսերա»-ում հայտնված թիմին վերադառնալ «Սեգունդա Բ»: Գվարդիոլայի առաջին թիմը գլխավորելուց հետո թիմ վերադարձավ նաև Խերարդ Պիկեն: Խոսակցություններ կային, որ Վալյենտեն կմնա թիմում ևս մեկ խաղաշրջան, սակայն նա որոշեց տեղափոխվել «Սևիլիա», որտեղ ևս ուժեղ պաշտպանների պակաս չէր զգացվում, և նրան հանձնեցին երկրորդ թիմ, որը հանդես էր գալիս «Սեգունդա»-ում: Այստեղ նրան սկսեցին օգտագործել որպես հենակետային կիսապաշտպան: Շատ քիչ խաղային ժամանակ ստանալով անդալուզյան ակումբի առաջին թիմում` 2010-ին տեղափոխվեց «Վալյադոլիդ», որտեղ արդեն երրորդ մրցաշրջանն է, ինչ անառարկելիորեն համարվում է հիմնական կազմի խաղացող` խաղալով հենց հենակետային կիսապաշտպանի դերում: 

 

Ալբերտո Տամաս Բոտիա Ռաբասկո

Ծնված 27.01.1989թ.

\"\"

Սկսելով ֆուտբոլ խաղալ փոքրիկ «Ս.Դ. Բենիել» ակումբում` 2003-ին նա տեղափոխվեց Կատալոնիա, որտեղից երկու տարի հետո հասավ Բարսա-Բ: 2008-2009 թթ. միջմրցաշրջանը Պեպ Գվարդիոլայի ցանկությամբ անցկացրեց առաջին թիմի հետ, բայց մեկնարկեց միայն առաջնության վերջին՝ ոչինչ չորոշող «Դեպորտիվո»-ի դեմ խաղում: Դրանից առաջ նա հասցրել էր հայտավորվել ՉԼ-ում «Մանչեստեր Յունայթեդ»-ի դեմ եզրափակչին, երբ Գվարդիոլան որակազրկված Մարկեսի, Ալվեշի և Աբիդալի փոխարեն խաղին հայտավորել էր Մունյեսային և Բոտիային:

Բոտիայի` «Բարսելոնա»-ում մնալուն խանգարեցին վնասվածքով Միլիտոյի ակումբում մնալն ու բոլոր ժամանակների ամենաանմիտ և «միստիկական» տրանսֆերներից մեկը, երբ Դոնեցկի «Շախտյոր»-ից 25 մլն €-ով ձեռք բերեցին Դմիտրի Չիգրինսկուն: Նույն 2009-ի ամռանը Բոտիան,  ցանկանալով խաղային ժամանակ ունենալ «Պրիմերա»-ում, վարձակալական իրավունքներով տեղափոխվեց Խիխոնի «Սպորտինգ», որտեղ Մանոլո Պրեսիադոյի գլխավորությամբ տարեցտարի էլ ավելի կատարելագործեց իր խաղը և ստիպեց գրեթե ամեն ամառ խոսել իր` «Կամպ Նոու» հավանական վերադարձի մասին: Սակայն այս ամռանը Բարսայի գլխավոր  մարզիչ Տիտո Վիլանովան նախընտրեց ձեռք բերել նոմինալ հենակետային կիսապաշտպան Սոնգին, քան թիմ վերադարձնել Բոտիային, ով տեղափոխվեց «Սևիլիա»: Բոտիան ամռանը մինչև 23 տ. հավաքականի կազմում մասնակցեց Լոնդոնի «Ամառային օլիմպիական խաղերին» և չնայած իսպանացիների անհաջողության՝, արդեն այս տարիքում համարվում է ազգային հավաքականի թեկնածու:

 

Ֆերնանդո Նավարրո Կորբաչո

Ծնված 25.06.1982թ.

\"\"

Ութ տարի անցկացնելով տարբեր տարիքային թիմերում ` առաջին թիմում մեկնարկեց 2001-ին` Կարլես Ռեկսաչի գլխավորությամբ: Ինչպես ինքն է նշում, իր կարիերայում ամենամեծ դերակատարությունը ունեցավ Լուի Վան Գալը, ով վերադառնալով «Բարսելոնա»՝ նախընտրեց չերկարաձգել ակումբի ավագ Սերխի Բարխուանի և իտալացի Կոկոյի պայմանագրերը և  վստահեց երիտասարդ Նավարրոյին: Չնայած ակումբի վատ ցուցանիշներին` Ֆերնանդոն, մի քանի կանտերանոների հետ, Բարսայի քիչ լուսավոր երևույթներից էր համարվում: «Կուլե»-ները սկսել էին մտածել, որ Սերխիի հրաժեշտն անցնում է աննկատ, և արդեն իսկ երկար տարիների համար նրանք ունեն վստահելի ձախ պաշտպան: Սակայն դեկտեմբերին ստացած վնասվածքը նրան շարքից դուրս թողեց մինչև մրցարշավի ավարտ, այդ իսկ պատճառով Վան Գալին փոխարինած Ռադոմիր Անտիչը ձմռանը ձեռք բերեց Խուամպա Սորինին: Ապաքինվելով վնասվածքից` նա մասնակցեց 2003-2004 թթ. միջմրցաշրջանին, բայց նորանշանակ մարզիչ Ֆրանկ Ռայկարդը, կասկածներ ունենալով Ֆերնանդոյի մարզավիճակի վերաբերյալ,  նախընտրեց ձախ պաշտպանի համար հրավիրել իր հայրենակից, ոչ նոմինալ պաշտպան Ջիովաննի վան Բրոնկխորստին, ով «Արսենալ»-ում համարվում էր Էշլի Քոուլի փոխարինողը: Այդ տարվա ձմռանը նրան մինչև ամառ վարձակալությամբ հանձնեցին «Ալբասետե», որտեղ նա օգնեց թիմին դուրս չմնալ «Պրիմերա»-ից: Նոր մրցարշրջանում Ռայկարդը որոշեց ավելացնել մրցակցությունը ձախ պաշտպանի դիրքում և բացի Նավարրոյին վերադարձնելուց՝ «Սելտա»-ից գնեց «Արսենալ»-ի  ևս մեկ նախկին խաղացող Սիլվինյոին, և կատալոնացու համար էլ ավելի դժվարացավ խաղային ժամանակ ստանալը: 2005-ի  ամռանը նա որոշեց տեղափոխվել «Մալյորկա», որտեղ դարձավ թիմի առաջատարներից մեկը, և Լուիս Արագոնեսը հենց նրան վերցրեց «Եվրո 2008»` որպես Կապդեվիլյաին փոխարինող: Այդ տարվա ամռանը նա տեղափոխվեց «Սևիլիա», որտեղ գրավեց Կրեսպոյի տեղը ձախ եզրում, և համարվում է անփախարինելի մինչ օրս:

 

Խերարդ Լոպես Սեգու

Ծնված 12.03.1979թ.

\"\"

Երևի թե 90-ականների վերջի և 2000-ականների սկզբի ամենախոստումնալից իսպանացի տաղանդներից մեկը, ում կարիերան բավականին նման է Սեսկ Ֆաբրեգասի կարիերային: Խերարդը, ինչպես և Ֆաբրեգասը, լքեց Բարսան դեռ պատանեկան հասակում և նոր ակումբի հետ ստորագրեց արդեն պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի պայմանագիր: Բայց, ի տարբերություն Ֆաբրեգասի, տեղափոխվեց շատ ավելի մոտ`  «Վալենսիա», որը գլխավորում էր Խորխե Վալդանոն, ով նոր էր ստանձնել մարզչի պարտականությունները: Հենց սկզբից արգենտինացին վստահում էր կատալոնցուն, և մեկնարկային երկու խաղերում Խերարդը մեկնարկեց հիմնական կազմում: Սակայն երեք անընդմեջ պարտությունից հետո ակումբը խզեց պայմանագիրը Վալդանոյի հետ, ում փոխարինեց Կլաուդիո Ռանյերին: Իտալացին գրեթե ամբողջ մրցաշրջանում նախընտրեց Խերարդի փոխարեն խաղացնել Ֆարինոսին և Խոսե դել Սոլերին: Արդյունքում՝ Խերարդին վարձավճարով հանձնեցին «Ալավես»-ին, որտեղ նա իր 7 գոլերով օգնեց բասկյան ակումբին 42 տարվա ընդմիջումից հետո վերադառնալ «Պրիմերա»: Ամռանը «Վալենսիա»-ի ղեկավարները ( այն արդեն գլխավորում էր Էկտոր Կուպերը) վերադարձրին Խերարդին, և Կուպերը միանգամից սկսեց վստահել կատալոնացուն` խաղացնելով նրան շատ ավելի բարձր` գրեթե «10»-ի դերում: Խերարդն ընդամենը մեկ գնդակով գերազանցեց նախորդ տարվա իր գոլերի թիվը, բայց այստեղ կարևոր է, թե ինչպիսի թիմերի դարպասը գրավեց. երկրի չեմպիոն «Բարսելոնա»-ի, «Ռեալ Մադրիդ»-ի, ապագա չեմպիոն «Դեպորտիվո»-ի, այդ ժամանակվա հզոր «Սելտա»-ի, իսկ ՉԼ-ում՝  Գերմանիայի չեմպիոն «Բավարիա»-ի, և դարձավ հեթ տրիկ-ի հեղինակ 1/4-րդ- ում Էրիկսոնի ապագա Իտալիայի չեմպիոն «Լացիո»-ի դեմ: Փայլուն մրցաշրջանից հետո հրավիրվեց հավաքական, որի կազմում մասնակցեց «Եվրո 2000»-ին:

…Ֆիգոյի` «Ռեալ Մադրիդ» տեղափոխվելուց հետո, Բարսայի նորընտիր նախագահ Ժոան Գասպարը, հայտնվելով շատ ծանր իրավիճակում, ահռելի գումարներ ծախսելով, փորձում էր հանգստացնել ցնորված «Կուլե»-ներին, և Խերարդին վերադարձնելու համար ծախսեց 22 մլն. €: Կատալոնյան թերթերը Օվերմարսին, Պետիին, Ալֆոնսոյին, Դյուտրուելին և Խերարդին միասին կոչեցին “Անտիֆիգազոս”, որոնց վրա ծախսվել էր ընդհանուր առմամբ 97մլն. €: “Բարսելոնա”-ն, այդպես էլ ուշքի չգալով Ֆիգոյի տրանսֆերից, անցկացրեց չափազանց վատ մրցաշրջան՝ դուրս մնալով ՉԼ-խմբային փուլից, և միայն առաջնության վերջին տուրում,  Ռիվալդոյի հեթ-տրիկի շնորհիվ, հաղթեց Խերարդի նախկին ակումբին` «Վալենսիա»-ին, և գրավեց 4-րդ տեղը: Կատալոնացին անձնական մակարդակով մրցաշրջանն անցկացրեց սպասվածից շատ ավելի ցածր. դրան հաջորդող երկու տարիները  Խերարդը անցկացրեց էլ ավելի վատ, որոնցում ընդամենը տասնմեկ անգամ դուրս եկավ մեկնարկային կազմ:

Ֆրանկ Ռայկարդի գլխավորությամբ Խերարդն անակնկալ կերպով հայտնվեց հիմնական կազմում` հենակետայինի դիրքում, քանի որ Ռայկարդը հիմնական հենակետային Ֆիլիպ Կոկուին խաղացնում էր որպես կենտրոնական պաշտպան: Ամեն ինչ լավ էր ընթանում մինչ «ՈւԵՖԱ»-ի գավաթի Մատադորի «Պուխով»-ի դեմ խաղը, երբ հանդիպման մեկնարկից առաջ Խերարդը հանդերձարանում պատասխանեց բջջային հեռախոսի զանգին. Ռայկարդը նրան ոչ միայն դուրս թողեց մեկնարկային կազմից (այդ ընթացքում խաղացողը, պահեստայինների նստարանին նստած, արտասվում էր), այլև հանդիպումից հետո հրապարակայնորեն քննադատեց նրան, իսկ ակումբը գումարի տեսքով պատժամիջոց կիրառեց: Այդ դեպքից և հատկապես Էդգար Դավիդսի` «Բարսելոնա» տեղափոխվելուց հետո մինչև մրցաշրջանի ավարտը շատ քիչ խաղաց, չնայած հասցրեց գրավել «Վալենսիա»-ի դարպասը և հաղթանակ պարգևեց Բարսային: Հաջորդ մրցաշրջանում Ռայկարդն սկսեց օգտագործել Մարկեսին՝ որպես հենակետային կիսապաշտպան, և այնքան էր կորցրել վստահությունը Խերարդի հանդեպ, որ ձմռանը թիմ հրավիրեց ծերացող Դեմետրիո Ալբերտինիին: Վերջին անգամ կարևոր խաղում Խերարդն օգտագործվեց Մոուրինյոյի «Չելսի»-ի դեմ պատասխան խաղում, որը Խերարդը ամբողջովին ձախողեց: Խաղաշրջանի ավարտից հետո տեղափոխվեց «Մոնակո», որտեղից նրա մասին հիշեցին միայն այն ժամանակ, երբ ինքնասպանություն էր գործել նրա հարազատ եղբայր Սերխի Լոպեսը, ով նախկինում նույնպես հանդես էր եկել «Բարսելանա»-ում: Ֆրանսիայում երկու տարի անցկացնելուց հետո վերադարձավ հայրենիք, որպեսզի ավարտի ֆուտբոլային կարիերան ընդամենը 32 տ. հասակում:

 

Տյագո Մոտտա

Ծնված 28.08.1982թ

\"\"

Իտալական արմատներով բրազիլացին 16 տարեկան հասակում բրազիլական «Յուվենտուս»-ից տեղափոխվեց «Բարսելոնա Բ»: Բարսայի երկրորդ թիմի կազմում աչքի էր ընկնում իր ֆիզիկական տվյալներով` ուժեղ հարվածներով և գլխով խաղով: Երեք տարի անցկացնելով Բարսա-Բ-ում` առաջին թիմում հայտնվեց Կարլես Ռեկսաչի օրոք, ով իտալաբրազիլացուն խաղացնում էր իր նախնտրած հենակետային դիրքում, իսկ հաջորդ մրցաշրջանում Բարսա վերադարձած Վան Գալն սկսեց օգտագործել նրան թե՛ որպես ձախ եզրային, թե՛ որպես կառուցող կիսապաշտպան: Այդ ամռանը նա հրավիրվեց Բրազիլիայի` մինչև 23 տ. Օլիմպիական հավաքական: Հաջորդ մարզիչ Ֆրանկ Ռայկարդը նույնպես վստահում էր նրան, բայց Մոտտան սկսեց աչքի ընկնել ոչ թե իր խաղով, այլ կատալոնցիներին ոչ  բնորոշ կոպիտ և կեղտոտ խաղով՝ վաստակելով բազմաթիվ դեղին և անտեղի կարմիր քարտեր: Այդ ամռանը Մոտտան առաջին անգամ հնարավորություն ունեցավ տեղափոխվել Իտալիա` «Միլան», սակայն նախընտրեց մնալ Կատալոնիայում, և հենց այդ 2004-2005 մրցաշրջանի սկզբին առաջին անգամ ստացավ լուրջ վնասվածք, ինչը շարունակական բնույթ է կրում մինչ օրս: Թեպետ մասնակցություն ունեցավ 2006-ի ՉԼ-ի հաղթանակում, սակայն շատերը սկսել էին խոսել, որ Մոտտայի` թիմում տեղ ունենալուն օգնում էր նրա ընկերությունը Ռոնալդինյոյի հետ: Վերջապես 2007-ի ամռանը նա լքեց Բարսան և տեղափոխվեց «Ատլետիկո Մադրիդ». մեկ տարի անցկացնելով մայրաքաղաքում` վերջապես հայտնվեց Իտալիայում: «Ջենոա»-ում անցկացրած հաջող մրցաշրջանից էլ սկսվեց նրա կարիերայի վերելքը: Նրան  Միլանի «Ինտեր» հրավիրեց նման կոպիտ խաղացողների սիրահար Ժոզե Մոուրինյոն, «Ինտեր»-ում նվաճեց գրեթե բոլոր հնարավոր տիտղոսները, իսկ իտալացիները, օգտվելով «ՖԻՖԱ»-ի կանոնակարգի փոփոխությունից, վերջապես հրավիրեցին ազգային հավաքական, որտեղ հանդես գալու ցանկության մասին Մոտտան նշում էր անդադար: Այս տարվա հունվարին «Ինտերի»` այդ ժամանակվա մարզիչ Կլաուդիո Ռանյերիի հետ վիճաբանության պատճառով որոշեց լքել Իտալիան և տեղափոխվեց ֆրանսիական «ՊՍԺ»:    

 

Ժոան Վերդու Ֆերնանդես

Ծնված 05.05.1983թ.

\"\"

Սկսելով իր կարիերան որպես հարձակվող փոքրիկ «Ապա Պոբլա Սեչ» ակումբում` նա «Բարսելոնա»-ի մանկապատանեկան թիմ տեղափոխվեց 15 տարեկանում, որտեղ նրան սկսեցին խաղացնել որպես կիսապաշտպան: «Բարսելոնա Բ»-ում անցկացրեց 4 խաղաշրջան, որտեղ աչքի էր ընկնում իր գրագետ խաղով և բոլոր 4 տարիների ընթացքում հայտնի էր որպես բոլոր ստանդարտ դիրքերի իրացնող: Իր նորամուտն առաջին թիմում կայացավ 2004-2005 մրցաշրջանում` ՉԼ-ի Դոնեցկի «Շախտյոր»-ի դեմ խաղում. այդ նույն երեկո իր եվրոպական նորամուտն էր նշում նաև Լեո Մեսսին:

Իր հաջորդ խաղերը առաջին թիմում նա անցկացրեց միայն մեկ տարի անց, գավաթային խաղերում: Հասկանալով, որ Դեկույի, Չավիի և Ինիեստայի կողքին շատ դժվար է խաղային պրակտիկա ունենալ, որոշեց ևս երկու կանտերանոնոր Քրիստիանի և Ռոդրիի հետ տեղափոխվել «Դեպորտիվո», որը կարիք ուներ թարմացնել իր ծերացող կազմը: Գալիսիայում երեք մրցաշրջանից հետո որոշեց վերադառնալ Կատալոնիա` «Էսպանյոլ», որի նորանշանակ մարզիչ Մաուրիսիո Պոկետինոն հենց նրան էր տեսնում որպես Դե լա Պենյային ապագայում փոխարինող:

Լուիս Գարսիա Սանս

Ծնված 24.06.1978թ.

\"\"

Անցնելով բոլոր տարիքային մանկապատանեկան թիմերը` այդպես էլ չհասավ Բարսայի առաջին թիմ, և նրա իրավունքների կեսը 1999-ին վաճառեցին «Վալյադոլիդ»-ին, որտեղ ևս խաղային ժամանակ չստանալով՝ մրցաշրջանը շարունակեց «Սեգունդա»-ի ետնապահներից մեկում` «Տոլեդո»-ում: Նրա ակումբը դուրս մնաց «Սեգունդա»-ից, բայց նա, լքելով ակումբը, շարունակեց խաղալ «Սեգունդա»-ում: 2001-2002  խաղաշրջանում սկսեց հանդես գալ «Տեներիֆե»-ում, որը գլխավորում էր այդ ժամանակ դեռ քչերին ծանոթ Ռաֆա Բենիտեսը, Գարսիան հենց «Տեներիֆե»-ում սկսեց աչքի ընկնել իր եզրային ճեղքումներով և հեռահար հարվածներով` դառնալով 16 գոլի հեղինակ և  օգնելով իր թիմին դուրս գալ «Պրիմերա»: «Վալյադոլիդ»-ում վերջապես գնահատեցին Գարսիային և վերադարձրին թիմ: Անցկացրած լավ մրցաշրջանից հետո «Բարսելոնա»-ն, վճարելով 1,5 մլն €, գնեց խաղացողի տրասնֆեր  բոլոր իրավուքները, բայց Վան Գալը չէր պատրաստվում օգտագործել նրան, և կրկնվեց նույն պատմությունը, այս անգամ «Ատլետիկո»-ի հետ` իրավունքների կեսը վաճառեցին մայրաքաղաքայիններին, որտեղ անցկացրած լավ խաղաշրջանից հետո  հետ գնեցին 6 մլն €-ով: 2003-2004 մրցաշրջանում Լուիս Գարսիան Ֆրանկ Ռայկարդի գլխավորությամբ սկսեց ամրապնդվել Բարսայի կազմում` հաղթելով մրցակցությունը Օվերմարսի և Կուարեժմայի դեմ: Թվում էր, թե նա դեռ երկար կմնա հարազատ ակումբում, բայց նրա պլանները փոխվեցին, երբ կատալոնցիները «Մոնակո»-ից ձեռք բերեցին Լյուդովիկ Ժյուլիին: Այդ ժամանակ հայտնվեց հին ծանոթ Ռաֆա Բենիտեսը, ով նրան հրավիրեց “Լիվերպուլ”, որում հասավ իր կարիերայի գագաթնակետին և նշանակալից դեր ունեցավ ՉԼ-ն հաղթելու գործում` դառնալով կարևոր գոլերի հեղինակ «Յուվենտուս»-ի և «Չելսի»-ի դեմ խաղերում: Անգլիայում ունեցած հաջողություններից հետո նա հրավիրվեց ազգային հավաքական, որի կազմում մասնակցեց ԱԱ 2006-ին: Հաջորդ տարվա հունվարին ստացած վնասվածքից հետո այդպես էլ չվերագտավ իր նախկին խաղամակարդակը և վերադարձավ «Ատլետիկո», որտեղից նրա կարիերան սկսեց գլորվել ներքև: Հաջորդ երկու խաղաշրջանում, հասցնելով խաղալ «Ռասինգ»-ում և «Պանատինայկոս»-ում, հետագայում մեկնեց օվկիանոսից այն կողմ և այժմ հանդես է գալիս մեքսիկական ՈՒՆԱՄ-ում:

 

Ջիովանի Դոս Սանտոս

Ծնված 11.05.1989թ.


\"\"

Հանդիսանալով բրազիլացի նախկին ֆուտբոլիստ Զիզինյոյի միջնեկ որդին՝ իր եղբոր՝ Ջոնաթանի հետ «Բարսելոնա» տեղափոխվեց 12 տարեկանում: Առաջին անգամ նրա մասին խոսեցին 2005 թ., երբ նա Մեքսիկայի մինչև 19 տ. հավաքականի կազմում նվաճեց պատանեկան ԱԱ գավաթը, որից հետո իսպանական և մեքսիկական մամուլը նրա մասին խոսում էր որպես գերաստղի: Հաջող մրցաշրջանն անցկացնելով Բարսա Բ-ում` 2006թ. ամռանը առաջին թիմի հետ մասնակցեց միջմրցաշրջանային հավաքին: Առաջին անգամ «Բարսելոնա»-ի հայտացուցակում հայտնվեց 2006թ. ակումբային ԱԱ-ում, բայց խաղային ժամանակ ստացավ միայն հաջորդ տարի: Ի հեճուկս նրա գորշ ելույթների՝ Ռայկարդը շարունակում էր խաղային ժամանակ տրամադրել երիտասարդին: Նույն 2007-2008 մրցաշրջանում Ջիովանիի հետ առաջին թիմ էր տեղափոխվել նաև Բոյան Կրկիչը, ով ավելի արդյունավետ և օգտակար էր գործում դաշտում: Օգտվելով հրաշալի քառյակի`Ռոնալդինյոյի, Էտո’Օ-ի, Մեսսիի և Անրիի վնասվածքներից և անկայուն մարզավիճակից` Ջիովանին խաղային պրակտիկայի խնդիր չէր ունենում, բայց Բարսայի երկրպագուներն այդքան էլ հանդուրժողական չէին մեքսիկացու անմիտ գոծողությունների նկատմամբ, և նա հաճախ արժանանում էր «Կամպ Նուու»-ի սուլոցներին: Այդ մրցաշրջանում նա տպավորվեց միայն վերջին «Մուրսիա»-ի հետ ոչինչ չորոշող խաղում` հեթ-տրիկի հեղինակ դառնալով:

Նորանշանակ մարզիչ Պեպ Գուարդիոլան իր առաջին ասուլիսում հայտարարեց, որ նա կհրաժարվի Դեկուից և Ռոնալդինյոյից. պարզ էր, որ կհրաժարվի նաև Դոս Սանտոսի նման եսասեր խաղացողից, և նրան 6 մլն €-ով վաճառեցին «Տոտենհեմ»-ին, որտեղ, չկարողանալով փայլել, նրան տարբեր տարիների վարձավճարով հանձնեցին «Իպսվիչ»-ին, «Գալաթասարայ»-ին և «Ռասինգ»-ին, իսկ այս ամռանը նրա տրանսֆերը վաճառեցին «Մալյորկա»-ին: Ի տարբերություն ակումբային ֆուտբոլում իր ունեցած անհաջողությունների՝ նա իրեն հիանալի է դրսևորում ազգային հավաքականում, որի կազմում ԱԱ-2012-ին ճանաչվեց առաջնության երկրորդ երիտասարդ լավագույն խաղացող` զիջելով միայն գերմանացի Մյուլերին: Իսկ այս ամռանը նվաճեց Լոնդոնի Օլիմպիադայի ոսկե մեդալը: Ակումբային ֆուտբոլում ևս կարող է հասնել շատ ավելիին, Դոս Սանտոսը ընդամենը 23 տարեկան է և դեռ կարող է բացահայտել իր տաղանդն ամբողջությամբ:

 

Սերխիո Գարսիա դե լա Ֆուենտե

Ծնված 09.06.1983թ

\"\"

13 տարեկանում ընդունվելով «Լա Մասիա» և հետագա 7 տարիներին հանդես գալով տարբեր տարիքային` մանկապատանեկան և պատանեկան թիմերի կազմում, դարձավ 969 գոլերի հեղինակ, ինչը մինչ այսօր համարվում է Բարսայի ակադեմիայի բացարձակ ռեկորդ, այդ ցուցանիշին մի փոքր մոտեցավ Բոյան Կրկիչը` իր 800-ից ավելի գոլերով: Նորամուտը առաջին թիմում նշեց 2003-ին` Ֆրանկ Ռայկարդի օրոք, «Սևիլիա»-ի դեմ տնային խաղում, որում մարզիչը ստիպված էր օգտվել մի շարք կանտերանոներից, քանի որ անփույթ խաղացանկային դասավորվածության պատճառով թիմի մեծամասնությունը խաղի օրն արդեն գտնվում էր իրենց ազգային հավաքականների ենթակայության տակ: Նույն տարվա ձմռանը մասնակցեց ԱՄԷ–ում կայացած մինչև 20 տ. ԱԱ-ին, որտեղ, բացի իր 2 գոլերից, առանձնանում էր պայքարելու ունակությամբ և առջևում ու եզրերում խաղը կառուցելով: Իսպանացիները, ում կազմում առաջնությանը մասնակցում էր նաև Անդրես Ինյեստան, գրավեցին երկրորդ տեղը, իսկ Բարսայի երկու սաները ընդգրկվեցին առաջնության խորհրդանշական կազմում: Այդ խաղաշրջանում նա շատ քիչ ժամանակահատված անցկացրեց դաշտում և 2004 ամռանը` Սամուել Էտո’Օ-ի և Հեկնե Լարսոնի թիմում հայտնվելուց հետո, վարձավճարով տեղափոխվեց «Լևանտե», ուր լավ տարի անցկացնելուց հետո տեղափոխվեց «Սարագոսա», այստեղ Սերխիոյին սկսեցին օգտագործել որպես ձախ եզրային հարձակվող` «Վալենսիա» տեղափոխված Դավիդ Վիլյայի փոխարեն: 2008-ի ամռանը նա հրավիրվեց ազգային հավաքական, որի կազմում նվաճեց Եվրո-2008-ի գավաթը: «Սարագոսա»-ից հետո տեղափոխվեց «Ռեալ Բետիս», որտեղ խփած գնդակների առումով անցկացրեց իր լավագույն մրցաշրջանները «Պրիմերա»-ում և “Սեգունդա”-ում: 2010-ին տեղափոխվեց «Էսպանյոլ», որտեղ երրորդ տարին է, ինչ համարվում է հիմնական կազմի  անփոխարինելի խաղացող:

Դավիթ Քիրամիջյան

Նախորդ հոդվածը‘Համացանցում հայտնվել է The Beatles-ի նախկինում անհայտ հոլովակը ‘
Հաջորդ հոդվածը‘Բալակն ավարտեց կարիերան’