‘«Բարսելոնա» — «Միլան»՝ 4-0. Ռուորան կարողանում է առավելագույնը քամել այս Բարսայից’

812

Վերջին տասնամյակում ՉԼ-ի փլեյ-օֆֆում ամենահիշարժան շրջադարձերից մեկը կատարած մարզիչներից մեկն այս խաղից առաջ խոսել էր շատ պարզ խնդրի մասին: «1/4-րդ անցնելու համար Բարսան պետք է գոլ խփի հանդիպման մեկնարկային 20 րոպեների ընթացքում». սրանք «ՍուպերԴեպորը» ստեղծած Խավյեր Իրուրետայի խոսքերն էին, ում տղաները հաջողացրին «Միլանում» կրած 4-1 հաշվով պարտությունից հետո պատասխան խաղում «Ռիասորում» հաղթել 4-0 հաշվով: Խնդիր, որը շատերն էին հասկանում, բայց որի լուծմանը քչերն էին հավատում: Պատճառը ոչ այնքան առանց գլխավոր մարզչի մնացած Բարսայի վատ մարզավիճակում լինելն էր, այլ կատալոնցիների մտածելակերպը:

..Չնայած որ մրցաշրջանի սկզբում Տիտոյի Բարսան մի քանի անգամ շրջեց հանդիպումների ընթացքը՝ «Սևիլյայի» դեմ խաղում նույնիսկ 2-0 պարտվելուց հետո, բայց Գվարդիոլայի ժամանակշրջանից ի վեր Բարսան երբեք այնպիսի թիմ չի եղել, որը կարող է դուրս գալ դաշտ և մահանալ՝ հենց խաղերի սկզբից «խեղդելով» մրցակցին: Նրանց ավելի բնորոշ է հանդարտ և հաշվարկած խաղը` երբ նրանք հաճախ դժվար են մտնում խաղի մեջ, և որոնցում նրանց ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի սկսեն կիրառել արդեն կատարելության աստիճանի հստակեցրած թիմային տեղաշարժն ու փոխանցումները: Դրան, իհարկե, բացի խաղային փիլիսոփայությունից՝ նպաստում է նաև «ամենակարողների» կարգավիճակը` «ինչպես էլ մենք սկսենք, մենք մերը կստանանք» սկզբունքով, որն իր հերթին՝ արդեն մի քանի անգամ դավաճանել է Բարսայի խաղացողներին:

Մեկնարկային կազմեր և խաղի սկիզբ

Ռոուրան առաջին հանդիպման  համեմատ՝ մեկնարկային կազմում կատարեց ընդամենը մեկ փոփոխություն՝ Սեսկի փոխարեն դաշտ դուրս բերելով Դավիդ Վիլյային: Բայց այս միակ փոփոխությանը հետևեցին մի քանի կարևոր դիրքային տեղաշարժումներ: Վիլյան հայտնվեց ոչ թե աջ եզրում, այլ հարձակման կենտրոնում, Պեդրոն մեկնարկեց ոչ թե հարձակման աջ, այլ ձախ եզրում, իսկ աջ եզրում խաղը ավելի լայնացնելու, ոչ թե ճեղքելու նպատակով հայտնվեց Դանի Ալվեշը: Ինչ վերաբերում է Մեսսիին, ապա նա երեկ խաղաց ոչ թե որպես «կեղծ 9», այլ ավելի շատ՝ որպես «կեղծ 10», որը դեռ նոր է մտնում կիրառման մեջ: Եթե փորձենք հակիրճ բնութագրել այդ դիրքում խաղացողներին, պետք է նշենք, որ նրանք հաճախ նաև տակտիկական տեղաշարժեր են կատարում՝ փորձելով իրենց վրա սևեռել մրցակցի պաշտպաններին, բայց և այնպես շարունակում են մնալ «որոշողի» դերում: Այսպիսով՝ Բարսան, կարելի է ասել, խաղաց շաբաթվա ընթացքում բազմաթիվ տեղերում ամենահավանական «3-4-3»-ով, որտեղ Բուսկետսը պաշտպանվելիս պետք է պաշտպանվողների քանակը հասցներ 4-ի: Առաջ անցնելով՝ կարելի է նշել, որ Ռոուրայի մոտ գրեթե ամեն ինչ ստացվեց, բացի Պեդրոյի խաղից՝ աջ եզրում, ով երբեք չի կարողացել շրջանցել պաշտպաններին և արագությամբ էլ զիջում է Աբատեին: Պեդրոյի միակ առավելությունը Սանչեսի կամ Տելյոյի նկատմամբ այս պահին այն է, որ նա կարողանում է գնդակը նույնությամբ փոխանցողին վերադարձնել:

Ինչ վերաբերում է Ալեգրիին, ապա նա, ի տարբերություն առաջին խաղի՝ Մոնտոլիվոյին անակնկալ կերպով ավելի ազատ գործելու հնարավորություն էր տվել, իսկ Մունտարիի փոխարեն՝ մեկնարկային կազմում տեղ էր գտել Ֆլամինին, ով  ֆիզիկապես այդքան պինդ չէ, որքան գանացին, բայց շատ ավելի խելացի է գնդակով: Առջևում վնասվածք ստացած Պացինիի փոխարեն՝ Նյանգն էր, ով բացի հարձակվողի պարտականություններից՝ պետք է փորձեր թույլ չտալ Բարսային հեշտ սկսել գրոհները:

Մեկնարկային րոպեներում կատալոնացիները խելագարների պես միանգամից գրոհի չանցան, բայց մինչ Մեսսիի գոլը գրեթե բոլոր խաղացողները հասցրին ցույց տալ, որ պայքարելու և ցանկության հետ նրանք խնդիրներ չունեն:

Մեսսիի առաջին գնդակը ոչ թե ճնշման, այլ հենց ցանկության արդյունքն էր ու նաև  նրա, ինչը Բարսան չարեց «Սան Սիրոյում» տեղի ունեցած հանդիպման ժամանակ. տուգանայինից դուրս հարվածներ: Առաջին գոլից հետո հյուրերը դեռ մի քանի րոպե լարված էին և հաճախ կոպիտ սխալներ էին թույլ տալիս ամենապարզ իրավիճակներում, իսկ Բարսայի բարձր պրեսինգի արդյունքում նրանք ստիպված էին դիմանալ մի քանի իրար հաջորդող անդադար գրոհների: 20-րդ րոպեից սկսած՝ Ալեգրիի սաները կարողացան հաղթահարել լարվածությունը և հակագրոհների ժամանակ սկսեցին աստիճանաբար ավելի վստահ զգալ իրենց:  

Չնայած Բուսկետսի՝ ընդհանուր առմամբ լավ խաղին՝ պաշտպանվելիս երբ Պիկեն տեղափոխվում էր աջ եզր, և կենտրոնում մնում էին Մասչերանոն և Բուսկետսը, տպավորություն էր ստեղծվում, որ նրանք այդքան էլ լավ չեն պատկերացնում իրենց անելիքը, և հենց դրա արդյունքում 36-րդ րոպեին «Միլանը» ստեղծեց իրենց համար հանդիպման ամենավտանգավոր պահը: Հերթական դիրքային գրոհի ժամանակ Բուսկետսը  չհասցրեց նահանջել, և Մասչերանոն, հայտնվելով հենակետայինի գոտում, սխալվեց Մոնտոլիվոյի երկար փոխանցումը փակելուց, Նյանգը հայտնվեց Վալդեսի դեմ մեն-մենակ, բայց որոշեց, որ 18 տարեկանում չարժե հերոսանալ և մթագնել Բարսայի փառավոր երեկոն: Այդ պահից ընդամենը 2 րոպե հետո Ինյեստան կենտրոնում հանգիստ խլեց գնդակը Ամբրոզինիից, որից հետո Մեսսին չկաշկանդվեց երկրորդ անգամ հեռվից հարվածելիս: Հետաքրքիր է, որ Բարսայի առաջին երկու գոլերը ստեղծվեցին ոչ թե հարձակվելիս «լայն» խաղալու, որի անհրաժեշտության մասին պնդում էին գրեթե բոլորը, այլ հենց կենտրոնական գոտուց, որտեղ վերջապես ազատ տարածություններ էր գտնում Լեո Մեսսին՝ օգտվելով նրանից, որ Մեքսեսը և Սապատան փորձում էին վերահսկել Վիլյայի տեղաշարժը:

Երկրորդ խաղակես

Ընդհանուր դիմակայության հաշիվը հավասարեցնելով՝ Բարսան երկրորդ խաղակեսն սկսեց «4-3-3»-ով, որտեղ գլխավոր փոփոխությունները հետևյալն էին. Ալվեշը, ով առաջին խաղակեսում գրեթե չէր օգնում պաշտպանությանը, սկսեց գործել արդեն որպես աջ պաշտպան, և Բուսկետսը, այդպես էլ անհատական վերահսկողության չարժանանալով, սկսեց գործել սովորականից շատ ավելի բարձր, ինչը դեռևս ամբողջովին չհոգնած խաղընկերների շնորհիվ թույլ էր տալիս շատ արագ վերադարձնել գնդակն իրենց մոտ: 3-0-ն ստեղծվեց հենց նմանատիպ իրավիճակից հետո: Այս անգամ Մասչերանոն կտրեց Սապատայի հեռացրած գնդակը, որից հետո Չավին դեպի Վիլյան այնպիսի փոխանցում կատարեց, որից Դավիդը չէր կարող հրաժարվել:

Վիլյայի գոլից հետո Ալեգրիի թիմը արդեն 1/4-րդ դուրս գալու համար գոլի կարիք ուներ: Իտալացի մասնագետը խաղադաշտ մտցրեց Ռոբինյոյին և Մունտարիին փորձելով Մոնտոլիվոյին օգտագործել որպես սեփական կիսադաշտից մինչև մրցակցի կիսադաշտ կառուցող հենակետային: Բայց նրա կատարած փոփոխությունները արդյունք չտվեցին, միակ հետաքրքիր փոփոխությունը տեղի ունեցավ դասավորության մեջ, երբ Աբատեն սկսեց խաղալ՝ ինչպես Ալվեշն էր խաղում առաջին խաղակեսում: Իտալացին մի քանի անգամ ցույց տվեց, որ շատ ավելի արագ է, քան Պեդրոն, և նույնիսկ Ալբան, ինչը տեսնելով՝ Ռոուրան խաղադաշտ դուրս բերեց Ադրիանոյին, որպեսզի Իգնասիոյին զրկեն այդքան ազատ տարածությունից:

Խաղավարտին սկսեցին ի հայտ գալ Բարսայի ֆիզիկական խնդիրները, և նրանք չէին կողմնորոշվում՝ սովորականի պես գնդակն իրենց մո՞տ պահել թե՞ ուղարկել այն ավելի թարմ Ալեքսիս Սանչեսի մոտ: Վերջին րոպեներին նոր տեսք ձեռք բերած Բարսայի պաշտպանության քառյակը մի քանի անգամ հայտնվեց շատ բարդ իրավիճակներում, որտեղ օգնում էին Պիկեի երկար ոտքերը: Լարվածությունը մնաց մինչև Ալբայի գոլը, քանի որ Բարսայի պաշտպաններն ու դարպասապահը բազմիցս ապացուցել են, որ ցանկացած իրավիճակում պատրաստ են գոլ ընդունել սեփական դարպասը:

Վերջաբան

Բարսան հերթական «Կամպ Նոու» ներկայացած` այս անգամ ոչ կատարյալ «ավտոբուսի» հետ իր խնդիրները լուծեց արագ գոլի, թիմային պրեսինգի և Մեսսիի համար ազատ տարածություններ ստեղծելու շնորհիվ: Այս հաղթանակը կարելի է համարել վերաձևակերպված «տիկի-տակայի» հաղթանակը «ավտոբուսի» նկատմամբ: Մրցաշրջանի մնացած ժամանակահատվածում հետաքրքիր կլինի հետևել, թե ինչպես է Վիլանովան պատկերացնում այս արդեն գերհասունացած ֆուտբոլիստների հետագա զարգացումները: 

Նախորդ հոդվածը‘«Արմավիա». Բեյրութը ապօրինաբար չի ընդունում մեր ինքնաթիռը ‘
Հաջորդ հոդվածը‘Բուշերի ԱԷԿ-ն ավարտական թեստավորում է անցնում’