‘«Բարսելոնա» — «Ռեալ»՝ 1:3. Ռոնալդուի և Ասենսիոյի ֆանտաստիկ գոլերը հաղթական էին (տեսանյութ)’

2092

‘

Իսպանիայի սուպերգավաթի առաջին հանդիպման շրջանակներում «Բարսելոնա»-ն «Կամպ Նոու» մարզադաշտում ընդունել էր Մադրիդի «Ռեալ»-ին: Խաղն ավարտվեց «արքայական» ակումբի հաղթանակով՝ 1:3 հաշվով:

Առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին: Երկրորդ կեսի մեկնարկում՝ 50-րդ րոպեին, Մարսելոյի փոխանցումից հետո Ժերար Պիկեն գրավեց սեփական դարպասը: 77-րդ րոպեին հանդիպման գլխավոր մրցավարը կասկածելի 11-մետրանոց նշանակեց մադրիդյան գրանդի դարպասին, որը հստակորեն իրացրեց Լեո Մեսսին՝ հավասարեցնելով հանդիպման հաշիվը: Սակայն 80-րդ րոպեին «Ռեալ»-ի արագ հակագրոհը ֆանտաստիկ հարվածով եզրափակեց 58-րդ րոպեին դաշտ մտած Կրիշտիանու Ռոնալդուն: Գոլը տոնելիս ֆուտբոլիստը հանեց խաղաշապիկը, ինչի համար դեղին քարտի արժանացավ: 82-րդ րոպեին Ռոնալդուն կրկին հայտնվեց հարվածային դիրքում և Սամուել Ումտիտի հետ պայքարում հավասարակշռությունը կորցրեց ու վայր ընկավ: Գլխավոր մրցավարը դա դիտեց որպես սիմուլյացիա և բավական անհեթեթ որոշում կայացրեց՝ երկրորդ դեղինը ցույց տալով «Ոսկե գնդակ»-ի քառակի դափնեկրին: Հանդիպման մնացած հատվածը «սերուցքայիններ»-ը 10 հոգով անցկացրին, սակայն կարողացան ոչ միայն պահել հաղթական հաշիվը, այլ նաև ավելացնել առավելությունը: 90-րդ րոպեին փայլուն գոլի հեղինակ դարձավ Մարկո Ասենսիոն՝ դնելով հանդիպման վերջակետը:

Թիմերի միջև պատասխան խաղը տեղի կունենա օգոստոսի 17-ին Մադրիդի «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում:

«Բարսելոնա» — «Ռեալ»՝ 1:3
0:1 Պիկե (50′ — ս.դ.), 1:1 Մեսսի (77′), 1:2 Ռոնալդու (80”), 1:3 Ասենսիո (90′)

‘

Նախորդ հոդվածը‘«Լացիո»-ն հաղթեց «Յուվենթուս»-ին և նվաճեց Իտալիայի սուպերգավաթը (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘«Ռոմա»-ն վերջնագիր է ներկայացրել «Լեսթեր»-ին’