‘Բարսեղ «Ֆլեշ» Բեգլարյան. Եվրոպացիները գալու են մեր հետևից, գալու են մեր դուռն ընկնեն’

2690

Վառելիքի գները, Ռուսաստանի Դաշնությունից ներկրելու դեպքում, Հայաստանում կնվազեն, իսկ Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը չստորագրելը որեւէ խնդիր չի առաջացնի Եվրոպայից նավթամթերքի ներմուծման հարցում: Այդ մասին «Արմենպրեսի» հետ զրույցում ասել է «Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանը` անդրադառնալով Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության դեպքում վառելիքի գնի նվազման հնարավորությանը: «Քանի որ մենք եվրոպական պետություններից ենք ներկրում, նվազման մասին` որպես միջազգային գներ, խոսք լինել չի կարող»,- ասել է Բեգլարյանը:

Գործարարի համոզմամբ՝ Ռուսաստանից ներկրելու դեպքում վառելիքը մեր երկրում բավական կէժանանա: «Մենք վառելիք բերում ենք ոչ միայն Ռումինիայից, այլեւ Բուլղարիայից եւ սեւծովյան ավազանի երկրներից: Այնպես որ, մենք Ռուսաստանից չենք ներկրում: Ռուսաստանը դեռ այդ տեխնոլոգիաները չունի, որ մենք եվրոպական ստանդարտներին համապատասխան դիզվառելիք կամ բենզին ներկրենք»,- ասել է Բեգլարյանը:

Այս հայտարարությունը ուշագրավ է նրանով, որ համաձայն նույն գործակալության ներկայացրած տվյալների՝ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել 150 հազար 515,8 տոննա ոչ հում նավթ եւ նավթամթերք՝ 155 միլիոն 765 հազար 600 դոլար ընդհանուր մաքսային արժեքով: Ընթացիկ տարվա առաջին վեց ամիսներին մեր երկիր բերված ոչ հում նավթն ու նավթամթերքի մոտ 45 հազար տոննան Ռուսաստանից է, Ռումինիայից՝ 42,6 հազար տոննա, Բուլղարիայից՝ մոտ 27 հազար, Իսրայելից՝ 17,6 հազար, Իրաքից՝ 11,1 հազար տոննա: Նավթամթերք է ներկրվել նաեւ Իրանից, Նիդերլանդներից եւ այլ երկրներից: 

Փաստորեն, Բարսեղ Բեգլարյանը կա՛մ չի տիրապետում իր իսկ ընկերության գործունեության մասին տեղեկատվությանը, կա՛մ էլ պարզապես ստում է: Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ երկար տարիներ զբաղվելով նավթամթերքի ներկրմամբ՝ Բեգլարյանը բացարձակապես չի տիրապետում ոլորտին: Հայաստանում վաճառվող վառելիքը որակապես ավելի ցածր է, քան Ռուսաստանում կամ Վրաստանում վաճառվող վառելիքը, և հայտարարելով, թե «Ռուսաստանը դեռ այդ տեխնոլոգիաները չունի, որ մենք եվրոպական ստանդարտներին համապատասխան դիզվառելիք կամ բենզին ներկրենք»՝ Բարսեղ Բեգլարյանը իրեն շատ վատ դրության մեջ է դնում: Պարզվում է, որ տեխնոլոգիաներ ունեցող Եվրոպայից «Ֆլեշը» ներկրում է վառելիք, որի որակը զիջում է, ի՛ր իսկ գնահատմամբ, տեխնոլոգիաներ չունեցող ռուսական վառելիքին, կամ Բեգլարյանը պարզապես չգիտի, թե որտեղից  է իր ընկերությունը վառելիք ներկրում:

Հարցին, թե ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիրը չստորագրելու դեպքում արդյոք հնարավո՞ր են խնդիրներ Եվրոպայից վառելիք բերելու հարցում, գործարարը պատասխանել է, որ բացարձակապես ոչ մի խնդիր չի լինի, քանի որ իրենք վաղուց են համապատասխան պայմանագրեր կնքել, եւ ասոցացման գործընթացը դրա հետ կապ չունի:

Այնուհետև Բեգլարյանը պարզապես ցնցող հայտարարություն է արել՝ նախ հուսադրելով, որ «ամեն ինչ լավ է լինելու, հանգիստ լինենք»: «Եվրոպացիները գալու են մեր հետեւից, գալու են մեր դուռն ընկնեն: Մենք ենք իրենց պետք, որովհետեւ Եվրոպան խորտակվում է եւ գալիս է, որ մենք իրենց բարձրացնենք, չթողենք խորտակվի»,- ասել է Բեգլարյանը:

Այս կարճ հարցազրույցից պարզ է դառնում և ևս մեկ անգամ ապացուցվում այն փաստը, որ իշխանական կլանին մոտ կանգնած գործարարների մեծ մասը ընդհանրապես չի տիրապետում այն ոլորտներին, որտեղ գործունեություն է ծավալում, և բիզնեսում է հայտնվել միայն Սերժ Սարգսյանի հետ բարեկամական կամ ընկերական հարաբերությունների շնորհիվ:

Նախորդ հոդվածը‘Գորիկ Հակոբյանի դեմ վարույթ չի հարուցվի’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ-ը և Ռուսաստանը համաձայնեցրել են Սիրիայի վերաբերյալ բանաձևի նախագիծը’