‘
«Բարսելոնայի» նախագահ Խոսեփ Բարտոմեուն իսպանացի լրագրողների հետ հարցազրույցում պատմել է Նեյմարի հեռանալու մասին, գնահատել է ներկայիս կազմը, ինչպես նաև հայտարարել, որ Մեսսին նոր համաձայնագիր է ստորագրել։
Կատալոնյան ակումբի ղեկավարն առաջին հերթին խոսել է Նեյմարի տրանսֆերի մասին, ով տեղափոխվեց ՊՍԺ 222 մլն եվրոյով։
Շատ ԶԼՄ-ներ հավաստիացնում էին, թե Լիոնել Մեսսին և Լուիս Սուարեսը փորձել են համոզել թիմակցին։ Ուրիշ աղբյուրների համաձայն Բարտոմեուն իմացել է հարձակվողի հեռանալու մասին մայիսի 10-ից, բայց չի սկսել նրան փոխարինող փնտրել։
«Մենք կոպիտ սխալ թույլ տվեցին։ Չպետք է հավատայինք նրա հորը։ Մյուս կողմից մենք հնարավորություն ունենք վերադառնալ թիմային խաղին և ներդրումներ կատարել մեր սաների համար»,- ասել է պաշտոնյան։
Հայտնի է, որ «Բարսայի» երկրպագուները հանդես են գալիս ներկայիս ղեկավարության հեռանալու կոչերով և զբաղված են ստորագրություններ հավաքելով գործող նախագահի դեմ։ Դրա համար անհրաժեշտ է հավաքել 16 հազար ստորագրություն։
«Իհարկե որոշ երկրպագուներ հիասթափված են մեր աշխատանքով։ Բայց ուզում եմ ասել, որ ժամանակն է դադարեցնել այդ վատատեսությունը»։
Լիոնել Մեսսիի պայմանագրի երկարաձգման սագան շարունակվում է մի քանի ամիս։ «Բարսելոնայի» ներկայացուցիչները հավաստիացնում են, որ բոլոր մանրամասները համաձայնեցված են, իսկ խաղացողին մնացել է միայն ստորագրել։
Միաժամանակ ԶԼՄ-ները պնդում են, թե արգենտինացին դժգոհ է տրանսֆերային գործունեությունից և որոշել է հեռանալ թիմից 2018-ին։ Այսինքն՝ անվճար, քանի որ հաջորդ տարի ավարտվում է նրա պայմանագիրը։
Այլ տեղեկությունների համաձայն Կապտանռնագույնների լիդերը սպասում է Բարտոմեուի հրաժարականին, և եթե դա տեղի ունենա, ապա այդ դեպքում հարձակվողը լավ կմտածի այլ առաջնություն տեղափոխվելու մասին։
«Մեսսին նոր պայմանագիր է ստորագրել։ Մոտ ժամանակներս մենք կհրապարակենք համապատասխան լուսանկարը։ Ես չգիտեմ, թե ինչի մասին են գրում ԶԼՄ-ները, ինչ դժգոհության մասին է խոսքը։ Օրերս մենք հանդիպել ենք, նա հիանալի տրամադրություն ուներ։ Տեսնում եմ, որ նա երջանիկ է «Բարսելոնայում»։
Այս ամառ կատալոնացիները Չինաստանի առաջնությունից հրավիրեցին 30-ամյա բրազիլացի Պաուլինյոյին, ինչպես նաև ֆրանսիացի կիսապաշտպան Ուսման Դեմբելեին։ Կազմն ամրապնդեց նաև «Բենֆիկայից» հրավիրված պաշտպան Նելսոն Սեմեդուն։
Ըստ ԶԼՄ-ների Մեսսին «Բարսայում» ուզում էր տեսնել Անխել Դի Մարիային։ Ակումբները սկսեցին բանակցել, բայց չկարողացան պայմանավորվել տրանսֆերի գումարի շուրջ։ Իբր իսպանացիներն առաջարկել են 35 մլն եվրո, բայց ՊՍԺ-ն պահանջել է 50։
Հետաքրքիրն այն է, որ Պաուլինյոն, ով վերջին տարիներն անցկացրել է Չինաստանում, հրավիրվեց 40 մլն եվրոյով։ Չինաստանի առաջնությունից 30-ամյա հենակետային կիսապաշտպանին գնում են 40 մլն եվրոյով, իսկ ՊՍԺ-ի լիդերին գնահատում 35։ Տարօրինակ է։ Այս առիթով Բարտոմեուն հայտարարեց հետևյալը. «Ինչ կարող եմ ասել կազմի մասին։ Թիմն անցած տարվա համեմատ հզորացավ։ Մենք հիանալի կոլեկտիվ ստեղծեցինք, որն ունակ է շահել հնարավոր բոլոր մրցանակները»։
‘