‘Բացահայտվել են մաքսային կանոնների խախտման մի շարք դեպքեր ‘

931

Ֆինանսների նախարարարության նախաբացթողումային հսկողության վարչությունը մաքսային կանոնների խախտման մի շարք դեպքեր է բացահայտել, այդ թվում` թմրամիջոցի և հոգեմետ դեղորայքի ապօրինի տեղափոխման վերաբերյալ: Բագրատաշենի մաքսակետում մանրակրկիտ զննության ենթարկելով կասկածելի վարք ցուցաբերած ՀՀ քաղաքացու ավտոմեքենան՝ բեռնախցիկում տեղադրված գազաբալոնի միջից հայտնաբերվել է շուրջ 4.5կգ դեղորայք, 21.5 կգ բիոհավելումներ, ինչպես նաև 65 հատ տարբեր մոդելների բջջային հեռախոսներ:

Մեկ այլ ՀՀ քաղաքացու մեքենայի հետևի նստատեղից և բեռնախցիկում տեղադրված գազի բալոնի արանքից հայտնաբերվել է 21 կգ ընդհանուր քաշով տարբեր երկրների արտադրության դեղորայք, որը ձեռք էր բերվել Վրաստանում:

Օրեր անց, շարունակելով բացահայտումների հաջող պրակտիկան, նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցները զննության են ենթարկել Հայաստանից Ռուսաստան ուղևորվող ավտոբուսը՝ հայտնաբերվելով չհայտարարագրված ավելի քան 28 հազար տուփ հայկական արտադրության ծխախոտ, սիգարներ և 1 կգ ծխախոտի թութուն: Մյուս դեպքով՝ «Opel Kombo» մեքենայի բեռնախցիկի հատակն էր ծառայել որպես թաքստոց. Այդտեղից հայտնաբերվել են 107.5 կգ տարբեր տեսակի լվացքի փոշիներ և հեղուկներ:

Հաջորդ բացահայտումները վերաբերում են բջջային հեռախոսներին. դրանցից 20-ը հայտնաբերվել է «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկում տեղադրված գազի բալոնի հետնամասից և սրահի առջևի մասի գրպանից, իսկ 30-ը՝ մեկ այլ ավտոմեքենայի սրահից: Տարբեր տեսակի 30 բջջային հեռախոս էլ հայտնաբերվել է Վրաստանից Հայաստան ուղևորվող մեքենայի հետևի նստատեղի թաքստոցից: Մեկ այլ բացահայտմամբ էլ՝ «Mazda» մակնիշի մեքենայից առգրավվել է մաքսային հսկողությունից թաքցված 189 հատ բջջային հեռախոս:

Կանխվել է նաեւ արտասահմանյան համարները տեղականով փոխարինելու հնարքով առանց հայտարարարագրման ավտոմեքենա ներմուծելու փորձը: ՆՀՎ աշխատակիցները բացահայտել են մաքսային ապահովման միջոցի վնասման և բեռի թերհայտարարագրման մի շարք դեպքեր: 

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին 

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահները կհանդիպեն Մինսկում’
Հաջորդ հոդվածը‘Ի՞նչ «խոտ» են օգտագործում կառավարությունում’