‘Բացահայտվում են Հովիկ Աբրահամյանի շռայլությունները բյուջեի հաշվին (փաստաթուղթ)’

1844

Պարզվում է, որ Հովիկ Աբրահամյանը ՀՀ պետբյուջեի հաշվին շռայլություններով չի զիջում իր նախորդին, իսկ որոշ դեպքերում նույնիսկ գերազանցում է:

Ինչպես գիտենք, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը շատ էր սիրում «Էյր Արմենիայի» հատուկ չվերթներով ուղևորվել տարբեր երկրներ: Օրինակ, փետրվարի 23-24-ին Տիգրան Սարգսյանը մեկ օրով մեկնել էր Սոչի՝ մասնակցելու Ձմեռային օլիմպիական խաղերի փակմանը։  Չարտերային չվերթի համար Տիգրան Սարգսյանը «Էյր Արմենիա» ընկերությանը վճարել էր 8 մլն 800 հազար դրամ՝ ավելի քան 21 հազար դոլար։ Այս ամենը, բնականաբար՝ պետական բյուջեի միջոցներից:

Եվ ահա, պարզվում է, որ Հովիկ Աբրահամյանը նույնպես «Էյր Արմենիայի» չարտերային թռիչքների սիրահար է:

Կառավարության կայքի համապատասխան բաժնում տեղադրված պայմանագրի համաձայն՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը և իր գլխավորած պատվիրակությունը մայիսի 30-ին մեկնել են Բելառուսի մայրաքաղաք Մինսկ, որտեղ մասնակցել են ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին: Պայմանագրի համաձայն՝  Երևան-Մինսկ-Երևան հատուկ չվերթն իրականացրել է «Էյր Արմենիա» ավիաըկներությունը` «Էրբաս 319» մակնիշի ինքնաթիռով։ Չվերթի արժեքը, համաձայն պայմանագրի՝ կազմել է 16 միլիոն 975 հազար դրամ՝ մոտ 41 հազար դոլար:

Այնպես որ՝ Տիգրան Սարգսյանի 21 հազար դոլարը շատ համեստ թիվ է. կարելի է համարել, որ Տիգրան Սարգսյանը սովորական չվերթներից է օգտվել:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ բարձրաստիճան պաշտոնյաների ծախսերը դառնում են հանրության սեփականությունը, վերջերս կառավարությունը արտահերթ կարգով ԱԺ էր բերել երկու օրենքներում («Գնումների մասին» եւ «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» օրենքներում) փոփոխություններ կատարելու մի նախագիծ, որով նախատեսվում է, որ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասով սահմանված հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց կեցության, սննդի եւ տրանսպորտային սպասարկման, ինչպես նաեւ արարողակարգերի իրականացման համար անհրաժեշտապրանքները, աշխատանքները եւ ծառայությունները նույնպես ներառվելու են պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող գնումների պլանում` համապատասխան լրացում կատարելով նաեւ «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում»:

Այսինքն, եթե այս օրենքն ընդունվի, պետական բարձրաստիճան պաշտոնյաների կատարած բոլոր ծախսերը, ուշադրություն, համարվելու են պետական գաղտնիք, ու քաղաքացիները հնարավորություն չեն ունենալու իմանալ, թե պաշտոնյաները որքան գումար են վատնում այս կամ այն նպատակի համար: Այս օրենքը արդեն ստացել է «զուգարանի թղթի ծախսերի գաղտնիության մասին» անունը, քանի որ 2012-ին մեծ աղմուկ բարձրացրեց նախագահականի կողմից զուգարանի թղթի համար արված ծախսերը, որոնք այդ կառույցը հատը գնել էր 850 դրամով: Պարզվել էր նաեւ, որ միայն 2011-ին պետական մարմինները միայն 8 մլն դրամի զուգարանի թուղթ էին գնել:

Պայմանագիրը ամբողջությամբ՝ այստեղ:

Հ.Գ. «Այր Արմենիա» ավիաընկերությունը պատկանում է կառավարության աշխատակզմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի եղբորը:

Հարություն Գևորգյան

Նախորդ հոդվածը‘Երբ թույլ ես տալիս, որ քո խորհրդարանում թքեն քո երեսին, մեղավորն առաջին հերթին մենք ենք. Ն.Զոհրաբյան’
Հաջորդ հոդվածը‘Գոհար Սիմոնյան. Երբ արժանապատվությունը փոխարինվում է մի փոր հացով’