‘Բաց դիմում՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին’

1724

Հարգարժան Պաշտպան

Բոլորիս աչքի առջև տեղի է ունենում մարդու իրավունքների կոպտագույն մի ոտնահարում։ Հարցը, ի պաշտոնե, առաջին հերթին վերաբերում է Ձեզ։ Սակայն այն, վերջին հաշվով, վերաբերում է նաև ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու, քանզի, նախ՝ մարդու իրավունքների կոպտագույն այդ ոտնահարումը տեղի է ունենում հրապարակավ՝ ի տես բոլորի, երկրորդ՝ տվյալ անձը, ում իրավունքները ոտնահարվում են, բարձր պետական պաշտոնյա է՝ Սահմանադրական դատարանի նախագահ։ Այս երկու հանգամանքները առավել մեծ ճնշող հոգեբանական ազդեցություն են ունենում հասարակության վրա։

Եւ այսպես.

Սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանին պարտադրվել է զբաղվել, այսպես կոչված` «Սահմանադրական բարեփոխումների» գործով՝ գլխավորել համապատասխան հանձնաժողովը։ Սա ոչ միայն ի պաշտոնե իր լիազորությունների մեջ չի մտնում, այլև, ընդհակառակը՝ նրա լիազորություններն ու կոչումը հենց տվյալ պահին գործող սահմանադրության պաշտպանությունն է։ Այսինքն՝ Սահմանադրական դատարանի նախագահին ստիպել են զբաղվել հակասահմանադրական գործողությամբ։

Նրան պարտադրել են, որպես սովորական մի ագիտատոր՝ շրջել երկրով մեկ ու անձամբ «հանրային քննարկումներ» անցկացնել՝ ոչ միայն տարբեր մարզերում, այլև Էջմիածնի հոգևորականներից սկսած՝ մինչև բոլորովին այլ մի պետության՝ ԼՂՀ-ի տարածքում։ Դրանով նրան, հաշվի չառնելով ո՛չ տարիքը, ո՛չ կոչումը, ըստ էության, դարձրել են ՀՀԿ երիտթևի «ինտելեկտուալների» սպասավորը (ՀՀԿ մեծահասակների շրջանում «ինտելեկտուալների» մասին երբեք չի խոսվել), որոնք առաջին հերթին պետք է զբաղվեին այս գործով։

Իրավագիտության դոկտորի աստիճանով Սահմանադրական դատարանի բազմամյա նախագահին այդ հանդիպումների ընթացքում ստիպում են ասել հակաիրավաբանական տարօրինակ մտքեր՝ նախագահական ու կիսանախագահական համակարգերը ներկայացնելով որպես չարիք, և խորհրդարանական համակարգը՝ որպես դրախտ։ Արտառոց այդ մտքերը ծիծաղելի կարող են լինել անգամ առաջին կուրսեցի ուսանողի համար ու դրանով իսկ խայտառակում են մարդուն։

Այս ամենը մարդու արժանապատվության կոպտագույն ոտնահարում է, անձի անխիղճ ու դաժան ստորացում ու շահագործում։

Հետո՞ ինչ, որ այս ռեժիմը տվյալ անձին (Գ. Հարությունյանին) հնարավորություն է տվել պաշտոնեական դիրքի օգտագործմամբ տասնյակ ու հարյուրավոր միլիոնների հարստություն կուտակել, դղյակներ կառուցել։

Հետո՞ ինչ, որ նրան հնարավորություն է տրվել իր հսկայական գերդաստանի՝ մինչև 7 պորտ հեռավորությամբ 100-ից ավելի բարեկամներին եկամտաբեր պաշտոններում տեղավորել։

Չէ՞ որ դրա փոխարեն նա բազմիցս հատուցել է՝ լղոզելով վարչախմբի դեմ Սահմանադրական դատարան մտած բոլոր հայցերը՝ երբեմն նրան պարզապես փրկելով անխուսափելի կործանումից։

Չի՛ կարելի մարդուն այդ տարիքում այդչափ ստորացնել։

Իսկ եթե անգամ Գագիկ Հարությունյանն այս ամենից հետո դեռ պարտք է Սերժ Սարգսյանին, ապա թող փոխհատուցում ստանալու այլ ձև ու կերպ գտնեն։

Պետրոս Պողոսյան

Նախորդ հոդվածը‘Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչը կժամանի Երևան’
Հաջորդ հոդվածը‘Ալեքսանդր Բորոդայ. «Դա նման էր սարսափ ֆիլմի տեսարանի»’