‘
Մի խումբ մշակույթի գործիչներ բաց նամակ են հղել ԼՂՀ նախագահ ԲԱկո Սահակյանին՝ հայցելով նրա միջամտությունը Քաշաթաղի արվեստի եւ սպորտի դպրոցի տնօրեն Գոռ Մանուկյանի դեմ շրջանի վարչակազմի ղեկավարության իրականացրած հալածանքների հարցում:
Հիշեցնենք, որ Գոռ Մանուկյանը մեղադրվում է իր պաշտոնական լիազորությունները չարաշահելու, վարձավճարները յուրացնելու մեջ: Մանուկյանը այս գործը համարում է Քաշաթաղի վարչակազմի ղեկավարի կողմից իր նկատմամբ դեռեւս 2010-ին մեկնարկած հետապնդումների շարունակությունը:
«Մեզանից շատերն անձամբ են ճանաչում Գոռ Մանուկյանին, գիտեն նրա նվիրյալ աշխատանքի, բարոյականության և ազնվության մասին, ոմանք էլ տեղում են ծանոթացել դպրոցին ու նրա անձնվեր աշխատակիցներին: Չնայած բոլոր դժվարություններին և սոցիալական անբավարար պայմաններին, Գոռ Մանուկյանն իր ակտիվ գործունեությամբ զգալի ներդրում է կատարում Քաշաթաղի և, մասնավորապես, Բերձորի, կրթա-մշակութային կյանքն աշխուժացնելու, երեխաների և պատանիների դաստիարակության գործում: Պարոն նախագահ, արդարության հաղթանակի ակնկալիքով, խնդրում ենք Ձեզ միջամտել Քաշաթաղի իրավապահ մարմինների կողմից Գոռ Մանուկյանի դեմ իրականացվող հալածանքների խնդրին և օգնել, որպեսզի Բերձորի արվեստի և սպորտի դպրոցի նորմալ, խաղաղ գործունեությունը շարունակվի», — ասվում է հայտարարության մեջ:
Այս պահին Երեւանի Սարյանի արձանի մոտ մեկնարկել է ստորագրահավաք և ակցիա 600-ական դրամ Բերձորի արվեստի և սպորտի դպրոցին աջակցություն:
Ի դեպ, Բերձորից մեր աղբյուրները տեղեկացնում են, որ քաղաքում եւ հարակից բնարավայրերում այսօր համացանցը խափանումներով է աշխատում: Մասնավորապես, անհասանելի է «Ֆեյսբուքը»: Մեր աղբյորը չի բացառում, որ այս խափանումը կարող են կազմակերպել շրջանի իշխանությունները՝ Երեւանում ի պաշտպանություն դպրոցի ընթացող ակցիաների մասին տեղեկատվությունը սահմանափակելու նպատակով:
‘