‘
«Վճարում ենք 100 դրամ» քաղաքացիական շարժման ակտիվիստ Գայանե Մելքոմ Մելքոմյանը բաց նամակով դիմել է Հանրային հեռուստաընկերության լրատվական և վերլուծական հաղորդումների տնօրեն Գևորգ Ալթունյանին՝ նրա ուշադրությունը հրավիրելով հեռուստաընկերության «Առաջին» լրատվական ծառայության մատուցած կողմնակալ լրատվության վրա:
«Պարոն Ալթունյան, ս.թ. օգոստոսի 13-ին Հ1 հեռուստաալիքի «Առաջին» լրատվականի հիմնական թողարկման ժամանակ անդրադարձ է կատարվել Երևանի քաղաքապետարանի առջև նստացույց անող քաղաքացիներին աջակցող, Սպիտակի բնակիչ Միհան Մելքոնյանի՝ ոստիկանության կողմից նույն օրը բերման ենթարկվելուն: Մասնավորապես, ընթերցվել է նրա՝ դասալքության համար ազատազրկումից պայմանական վաղաժամկետ ազատման պայմանները խախտելու հետևանքով հետախուզման մեջ գտնվելու և ձերբակալվելու վերաբերյալ ոստիկանության հաղորդումը:
Կարևորելով հանցագործությունների դեմ պայքարը և հանցանք կատարած անձանց, մասնավորապես՝ դասալիքներին օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու հարցը՝ հատկանշական եմ համարում, որ հաղորդման ժամանակ շեշտադրվել է նրա՝ ակցիային մասնակից լինելու հանգամանքը, և տեսանյութում ընտրողաբար ցուցադրվել են, հավանաբար, ոստիկանության նկարահանած միայն այն կադրերը, որտեղից հստակ երևում է, որ Միհրան Մելքոնյանը մասնակցում է քաղաքապետարանի առջևի նստացույցին, ըստ որում՝ միայն այնպիսի կադրեր, որտեղ նա դրսևորում է ոչ պատշաճ կեցվածք:
Վստահորեն՝ Հայաստանում պարբերաբար դասալքության համար դատապարտվում և պայմանական վաղաժամկետ ազատման պայմանները խախտելու համար իրավացիորեն ձերբակալվում են բազմաթիվ երիտասարդներ: Այս մի դեպքը «հանրային» հեռուստաալիքի լրատվական հաղորդման եթերով այդպես օպերատիվ կերպով լուսաբանելու նպատակը, ակնհայտորեն, նստացույց անող երիտասարդներին և իրենց իրավունքները պաշտպանող քաղաքացիներին վարկաբեկելն է: Այն, որ Հ1 հեռուստաալիքը կատարում է բացառապես գործող իշխանությունների քաղաքական պատվերները, բոլորին է հայտնի, բայց ես Ձեզ մի քանի հարց ունեմ:
Ս.թ. հուլիսի 26-ից Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի և «Երևանտրանս» ՓԲԸ տնօրենի պաշտոնանկության պահանջով քաղաքապետարանի դիմաց անժամկետ նստացույց հայտարարած երիտասարդների սահմանադրական իրավունքերը բազմիցս խախտվել են ոստիկանության կողմից: Մասնավորապես, մինչ օրս նստացույցն անցկացվում է կիզիչ արևի տակ, որովհետև ոստիկանության կողմից ապօրինաբար արգելվել է վրանի տեղադրումը: Նրանք հիմա էլ նստացույցն անցկացնում են իրենց պահանջն արտահայտելու համար անհրաժեշտ տարրական միջոցների բացակայությամբ, ինչի հետևանքով օրեր առաջ նստացույց հայտարարած երիտասարդներից մեկի՝ Սուրեն Սահակյանի առողջական վիճակը կտրուկ վատացել էր արևահարումից և նա տեղափոխվել էր հիվանդանոց:
Սուրենի առողջությանը հասցված վնասի համար պատասխանատու է միմիայն պետությունը՝ ի դեմս իրավապահ մարմինների, որովհետև, ինչպես բազմիցս հավաստվել է նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից, պետությունը կրում է ցուցարարների՝ իրենց տեսակետներն արտահայտելուն ուղղված բավարար հնարավորության ապահովման և առողջության պահպանման իրավունքի ապահովման պարտավորություններ: Նստացույց անող երիտասարդների սահմանադրական իրավունքների խախտումներին «Առաջին» լրատվականը քանի՞ անգամ է անդրադարձել, քանի՞ տեսանյութ է պատրաստվել դրա մասին:
Տեղեկատվական վակուում ստեղծելը և տեղեկատվության մանիպուլյացիաները լրատվություն չեն, այլ խոսքի ազատության սահմանափակում, լրատվության և լրագրողի աշխատանքի վարկաբեկում:
«Առաջին» լրատվականի միջոցով գործող վարչախմբի քաղաքական պատվերները կատարելիս Դուք Ձեզ այս պետության արժանապատիվ քաղաքացի համարու՞մ եք: Գիտակցու՞մ եք, որ որևէ վարչակազմ պետության մի մասն է միայն. իրենց իրավունքների համար ոտքի կանգնող քաղաքացիները և հանրությունը ևս պետության մասն են, ընդ որում՝ ամենակարևորը: Կողմնակալ կերպով նրանց շարունակաբար հարվածելով և վարկաբեկելով՝ Դուք անխուսափելիորեն հարվածում եք հենց պետությանը: Ուրեմն՝ գործող վարչախմբին այս աստիճան քծնելը Ձեզ պատի՞վ է բերում:
Ակնհայտորեն և դժբախտաբար՝ հարցերը հռետորական են», — ասվում է նամակում:
‘