‘Բաց նամակ Սերժ Սարգսյանին՝ Պուտինի հետ Լևոն Հայրապետյանի հարցը քննարկելու վերաբերյալ’

840

Հայաստանի, Արցախի և Սփյուռքի 10986 քաղաքացիներ իրենց ստորագրությունն են դրել Սերժ Սարգսյանին հասցեագրած բաց նամակի տակ, որում կոչ է արվում օգոստոսի 8-9-ին Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում բարձրացնել Մոսկվայում ձերբակալված բարերար Լևոն Հայրապետյանի խափանման միջոցը առողջական վիճակի  բերումով փոխելու հարցը: Այս մասին հայտնում է «Artsakh Today» մամուլի կենտրոնը:

«Օգոստոսի 13-ին Մոսկվայի դատարանը վերաքննիչ կարգով քննելու է Լևոն Հայրապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու՝ փաստաբանների բողոքը: Այն հիվանդությունների փունջը, որով ներկայումս տառապում է Հայրապետյանը (քաղցկեղ, շաքարային դիաբետ, արյան հիպերտոնիա, հետինսուլտային վիճակ), ինչպես նաև վերջին օրերին նրա առողջական վիճակի կտրուկ վատթարացումը, որը պատճառ է հանդիսացել կալանավայրում մի քանի ուշագնացությունների, պահանջում են նրան կալանքից ազատելու և հիվանդանոց տեղափոխելու անհապաղություն՝ թե´ ՌԴ իրավական ակտերով, թե´ զուտ մարդասիրական նկատառումներից ելնելով: Հաշվի առնելով Սոչիում օգոստոսի 8-9-ին Վլադիմիր Պուտինի հետ սպասվող հանդիպումը, խնդրում ենք Ձեզ Արցախի սահմանագծում ստեղծված իրավիճակին զուգահեռ՝  բարձրացնել նաև Լևոն Հայրապետյանի խափանման միջոցը փոխելու խնդիրը՝ հաշվի առնելով նրա՝ օրեցօր վատթարացող առողջական վիճակը» — մասնավորապես ասվում է բաց նամակում, որի հեղինակները լիահույս են, որ իրենց խնդրանքը արձագանք կստանա:

Ի դեպ, նշենք, որ բաց նամակի տակ ստորագրել է նաև Լևոն Հայրապետյանի հայրենի Վանք գյուղն՝ իր ամբողջ բնակչությամբ:

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Պատերազմ. հնարավորություններ և իրականություն’
Հաջորդ հոդվածը‘Ամենայն Հայոց Կաթողիկոսը նամակ է հղել Ադրբեջանի հոգևոր առաջնորդին’