‘Բաց նամակ Սերժ Սարգսյանին. արդարադատություն են պահանջում ‘

806

ՀՀ քաղաքացի Ծովիկ Ալիխանյանը բաց նամակ է հղել Սերժ Սարգսյանին, որում պատմում է իր տղայի հետ կատարվածի մասին: Ըստ նրա՝ իր տղային անհիմն մեղադրանք են առաջադրել, և արդեն երկու ամիս է՝ իր տղան՝ Դավիթ Ալիխանյանը, կալանավայրում է: iLur.am-ի հետ զրույցում Ծովիկ Ալիխանյանն ասաց, որ համոզված է իր տղայի անմեղության մեջ:

«Իմ էրեխեն ոչ մի բան չի արել ու երկու ամիս է՝ կալանքի տակ է, դրա համար շատ եմ նեղվում, երրորդ ամիսն է արդեն: Ես համոզված եմ, որ նա անմեղ է: Իմ տղան ասում է՝ զինվորի ձեռքից բռնել եմ, ինքը փախել է: Որ խփի, ծեծի՝ նման բան չի եղել»,- ասաց նա:

Մեր այն հարցին, թե ինչ ակնալիքներ ունի Սերժ Սարգսյանին նամակ գրելուց  հետո, տիկին Ծովիկն ասաց՝ մեր երկրից ոչ մի ակնկալիք էլ չունի: 

Ներկայացնում ենք Ծովիկ Ալիխանյանի նամակն ամբողջությամբ, որտեղ նկարագրված են դեպքի մանրամասները.

 

Հարգելի պարոն նախագահ.

2009-2011թվականներին որդիս` Դավիթ Ալիխանյանը, իսկական զինվորական ծառայություն է կրել ԼՂՀ Քելբաջարում տեղակայված զորամասում:
Այնուհետև, 02.07.2012թ. պայմանագրային զինվորական ծառայության է անցել ՀՀ Արմավիրի կայազորի ՌՈ-ի բաժնում՝ որպես պարեկ: 14.08.2012թ. ազատվել է աշխատանքից, քանի որ հարուցվել է քրեական գործ:

Մեզ հայտնի տեղեկություններով՝ տղաս` Դավիթ Ալիխանյանը, իր երկու գործընկեր ոստիկանների հետ 2012թ. օգոստոսի 3-ին Էջմիածնի զորամասի շրջակայքում` զորամասին մոտ գտնվող խանութի մոտ տեսել են զինվորի, հետաքրքրվել նրա՝ այդ վայրում գտնվելու հանգամանքով: Զինվորը ոչ մի պարզաբանում չի տվել և դիմել է փախուստի` զորամասի քանդված պատով մտել է զորամաս: Ոստիկանները հետապնդել են նրան, զինվորը փախել և միացել է զորամասի այլ զինվորների: Այնուհետև երկու համակարգերը միմյանց հետ քննարկել են իրենց հարաբերություններին վերաբերող հարցեր, որոնցից տղաս տեղյակ չէ, և օգոստոսի 8-ին կամ 9-ին զինվորը հայտարարություն է տվել, թե ոստիկաններն իրեն ծեծի են ենթարկել: Տղայիս մեղադրանք են առաջադրել, այնուհետև կալանավորել են: Մյուս երկու ոստիկանները բացառում են զինվորի ներկայացրած հանգամանքները և հաստատում են տղայիս ներկայացրած փաստերը: Զինվորները տալիս են զինվորին պաշտպանող ցուցմունքներ:

Շատ ջանքեր ենք թափել, որպեսզի ճշմարտությունը բացահայտվի, բայց մեր ջանքերն ապարդյուն են անցել:

Արդեն երկու ամիս է՝ տղաս գտնվում է կալանավայրում, քննությանը ներկայացրել է իր փաստերը, որոնք, ինչպես պարզվում է` անտեսվում են: Ինձ հայտնի դարձած բազմաթիվ տեղեկություններից հասկացել եմ, որ տղաս համակարգային կռվի զոհ է. վատ հարաբերություններ են եղել ՊՆ-ի տվյալ զորամասի հրամանատարության և ՌՈ-ի պետերի միջև, որի արդյունքում ոչ թե պատժվել են թափառող զինվորը և հսկողություն չիրականացրած սպան, այլ իր աշխատանքային պարտականությունները կատարող իմ տղան: Որևէ հումանիզմ չեմ տեսնում մեր դատավորների մոտ, որոնք չեն ղեկավարվում օրենքով և կատարում են նախաքննական մարմինների հրահանգները, շարունակում են կալանքի տակ պահել իմ տղային:
Հարգելի նախագահ.
Դիմում եմ Ձեզ և հույս ունեմ, որ իմ ներկայացրած փաստերը ճիշտ կհասկացվեն, և իմ տղայի վերաբերյալ Ձեր կողմից հսկողության պայմաններում որևէ դրական տեղաշարժ կլինի նրա գործում, և 21-ամյա տղաս չի ձևավորի համոզմունք, որ իր նկատմամբ անարդար են և՛ ՊՆ-ն, և՛ ՌՈ-ն, և՛ քննչական մարմինները, և՛ դատարանը: 

Դիմող` Ծովիկ Ալիխանյան

Նախորդ հոդվածը‘Եվրահանձնաժողովը դժգոհել է «Մայքրոսոֆթ»-ից ‘
Հաջորդ հոդվածը‘Տիգրան Սարգսյանը չի բացառում նոր կոալիցիոն հուշագրի ստորագրման հավանականությունը’