‘Բաց նամակ վարչապետին’

830

«Առողջ Հրազդան խումբ» քաղաքացիական նախաձեռնությունը բաց նամակ է ուղղել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, որում խնդրում է ժամանակավոր դադարեցնել  Հայաստանում նոր մետաղական հանքերի շահագործման նախագծերը: iLur.am-ը բաց նամակը ներկայացնում ենք ստորև.

«Հարգարժան պարոն Վարչապե՛տ,
Հայտնի է, որ Հայաստանում հանքարդյունահանման գործընթացները բուռն զարգացման փուլում են, ինչի խթանը ոլորտը կարգավորող օրենքների ազատականությունն է:
Այսօր արդեն միայն Հրազդանի տարածաշրջանում մետաղական հանքերի շահագործման արտոնագրեր են ստացել առնվազն տասը նախաձեռնողներ: Հրազդանից Հանքավան ընդամենը 25 կմ ձգվող Մարմարիկ գետի գեղատեսիլ ավազանը մոտ ապագայում կարող է վերածվել մեռյալ գոտու` Հրազդանի երկաթի, Թեժ լեռան ալյումինի, Հանքավանի մոլիբդենի և ոսկու՝ առնվազն 8 նոր հանքավայրերի հնարավոր շահագործման արդյունքում. և դա այն պարագայում, երբ տարածքում գրանցված են Փամբակի և Ծաղկունյաց լեռնաշղթաների լանջերին գտնվող Կովկասյան մրտավարդենու, Հանքավանի ջրաբանական, Արզականի և Մեղրաձորի, Մարգահովիտի պետական արգելավայրերը և Դիլիջանի ազգային պարկը:
Ավելացնենք նաև, որ ձորը հանդիսանում է նշանակալի հանգստյան և առողջարանային գոտի, որտեղ կառուցված են մի քանի տասնյակ հանգստյան տներ, ճամբարներ, իսկ հանքային թերմալ ջրերի ու ցեխերի բազայի վրա գործում են առողջարաններ:

Վերջերս ՀՀ նախագահի ձեռամբ բացվեց Մարմարիկի հսկայական ջրամբարը, որի ջրերի ծփանքը, անկասկած, նոր հմայք ու գրավչություն է հաղորդում արդեն եղածին:
Այս համատեքստում վերջերս հասարակական լսումներ են հրավիրվել՝ կապված Թեժ լեռան ալյումինի հանքավայրի հնարավոր շահագործման հետ:
Հասարակական լսումները կազմակերպվել են բազմաթիվ խախտումներով, ինչը կանխվել է լսումներին մասնակից մեծ թվով բնապահպանների կողմից, և հիմնավորվել է լսումների չկայացած լինելու փաստը, ինչի մասին արձանագրություններն ու տեսագրությունները հավուր պատշաճի ներկայացվել են ՀՀ բնապահպանության նախարարություն:
Ի պատասխան այս ամենի` բնապահպանության նախարարությունից օրերս ստացված կասկածելի ստորագրությամբ պատասխանը փաստում է, որ «գործընթացի հաջորդ՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ժամանակ հնարավորինս հաշվի կառնվեն Ձեր մտահոգություներն ու առաջարկությունները», այն դեպքում, որ, ինչպես նշեցինք վերևում, լսումների ժամանակ հանքի շահագործման նախագծի քննարկումներ, որպես այդպիսիք, առհասարակ տեղի չեն ունեցել, և լսումները համարվել են չկայացած՝ դրանց կազմակերպչական փուլում թույլ տրված խախտումների հիմնավորմամբ:
(Խախտվել էր «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ կետի Զ ենթակետով նախատեսված պահանջը):
Նախարարին ուղղված մեր մտահոգությունը, թե նախարարությունը դրսևորում է որոշակի շահագրգռվածություն՝ ի նպաստ նախաձեռնողների, ունի հիմնավոր դրդապատճառներ՝ կապված տարածաշրջանի մյուս վիճահարույց հանքարդյունահանման ծրագրի իրագործման գործընթացի հետ: Հրազդանի երկաթահանքի շահագործման նախագիծն անցել է հասարակական լսումների «քողարկված» ընթացակարգով, իսկ համապատասխան ՊՈԱԿ-ի կողմից իրականացված շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության եզրակացության մեջ սևով սպիտակի վրա գրված է, որ «հանքավայրի շրջանում բացակայում են ջրային ռեսուրսները և մշակովի հողերը», այնինչ հանքային մարմնից ընդամենը 80-100 մետր հեռավորության վրա են գտնվում Հայաստանի խմելու ջրի ամենաջրառատ աղբյուրները, որոնք ջուր են մատակարարում Հրազդան, Ծաղկաձոր, Աբովյան քաղաքներին, նույն բլրի ստորոտով են անցնում Հրազդան գետը Մարմարիկ վտակի հետ միասին, Սևան-Հրազդան կասկադի ջրատարը, որոնք 500 մետր հանքային մարմնից հեռու գտնվող Ծովինար ջրամբարի հետ կազմում են Արարատյան դաշտավայրի ոռոգման կարևորագույն հանգույցը: Իսկ հանքավայրի տարածք համարվող հողակտորների վրա այս տարի սեփականատերերը կանաչ ոլոռի, ցորենի և գարու բարձր բերք են ստացել:
Հաշվի առնելով վերոհիշյալ նկատառումները, որոնք հասարակության մեջ լուրջ մտահոգություններ են առաջացնում հանքարդյունաբերության զարգացման ներկա գործընթացների առնչությամբ, առաջարկում ենք ժամանակավորապես դադարեցնել Հայստանում նոր մետաղական հանքերի շահագործման նախագծերը և կառավարությանն առընթեր ստեղծել համապատասխան մասնագետներից ու բնապահպաններից կազմված մի մարմին՝ ուսումնասիրելու համար ոլորտում ծավալվող գործընթացները և մշակելու մի հայեցակարգ, ինչը համակողմանի կհամակարգի Հայաստանի բոլոր տարածաշրջանները՝ ըստ իրենց առկա ռեսուրսների, զարգացման հեռանկարների ու բնապահպանական խնդիրների, բացառելու համար Հրազդանի տարածաշրջանի՝ նման հարուստ բնաշխարհ, տուրիզմի զարգացման լուրջ հեռանկարներ, քաղցրահամ, հանքային և ոռոգման ջրերի ահռելի պաշարներ ունեցող տարածքում 10-15 տարվա տնտեսական կասկածելի էֆեկտ խոստացող հանքարդյունաբերության զարգացման իրողությունը:
Համոզված ենք՝ կառավարության որոշման տեսքով նման հայեցակարգը հիմք կհանդիսանա կասեցնելու ոլորտում ծավալվող անըմբռնելի գործընթացները՝ կանխելով հասարակության մեջ խորացող երկփեղկվածությունը և բացառելով նոր Թեղուտի ու Ամուլսարի նախատիպերը, երբ արդեն միլիոնավոր դոլարների հասնող ծախսերը ոչ միայն չեն նվազեցնում, այլև ավելի են խորացնում այդ ձեռնարկների արդյունավետության արժանահավատությունը:
Հարգանքներով,
«Առողջ Հրազդան խումբ» քաղաքացիական նախաձեռնություն

Նախորդ հոդվածը‘«Զվարթնոցը» պարտքերի պատճառով հետաձգել է «Արմավիայի» չվերթները ‘
Հաջորդ հոդվածը‘Pussy Riot-ը Ջոն Լենոնի անվան մրցանակ կստանա ‘