‘
Ադրբեջանական բանակում զինվորների մահվան դեպքերի կապակցությամբ Բաքվում նախատեսվելիք ցույցերի առնչությամբ ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Ադրբեջանում իր երկրի քաղաքացիներին: Այս մասին հաղորդում է «Արմենպրեսը»` վկայակոչելով ադրբեջանական APA գործակալությունը:
ԱՄՆ դեսպանության հաղորդագրության մեջ կոչ է արվել ԱՄՆ քաղաքացիներին լինել աչալուրջ և ձեռնարկել անվտանգության միջոցառումներ` կապված մարտի 10-ին նախատեսված բողոքի ցույցի հետ: Դեսպանությունը խորհուրդ է տվել հնարավորին չափ խուսափել մարդաշատ վայրերից և բողոքի ակցիաներից:
Բաքվում մարտի 10-ին նախատեսվում է բողոքի ցույց իրականացնել «Ոչ ասենք զինվորների մահվանը» խորագրի ներքո:
Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդած տեղեկությունների համաձայն` այս անգամ ադրբեջանական իշխանությունները պատրաստվում են կանխել ընդդիմադիրների գործողությունները, քանի որ ոչ մարտական պայմաններում զինվորների մահերի դեմ բողոքի ակցիայի մասնակիցների թիվը ենթադրվում է` կլինի ավելի շատ նախորդ միտինգից: Ակցիայի կազմակերպիչները հրավերներ են ուղարկել facebook-ի 30 հազար օգտատերերի:
Քաղաքացիական ակտիվիստների` նման ակցիա անցկացնելու կոչի պատճառը փետրվարի 28-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության` Ղազախում տեղակայված զորամասերից մեկի 22-ամյա զինվոր Սեյմուր Մուրվաթ օղլու Ալահվերդիևի մահն էր կասկածելի հանգամանքներում: Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել է, որ Սեյմուր Աբդուլլաեւը ինքնասպանություն է գործել պահակակետում հերթապահության ժամանակ:
‘