‘Բաքվում բացահայտվել է Ալիևի դեմ կազմակերպվող «դավադրությունը»’

1288

Ադրբեջանական ԶԼՄ-ներում հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի դեմ կազմակերպվող դավադրության մասին տեղեկություն է հայտնվել, որը տարածել է լրագրող Էյնուլա Ֆատուլաևը՝ մեծ հոդված հրապարակելով Haqqin.az կայքում: Հոդվածում ասվում է, որ այսպես կոչված՝ «միլիարդատերերի միությունը», որ ստեղծվել է անցյալ տարի Ռուսաստանում (մամուլում այդպես են անվանում «Ռուսաստանի ադրբեջանական կազմակերպությունների միությունը»՝ ՌԱԿՄ) մտադիր է «բռնությամբ տապալել Իլհամ Ալիևին»: Ընդ որում՝ ՌԱԿՄ-ի առաջնորդի՝ նախկին վարչապետ Աբաս Աբասովի ետևում, հեղինակի պնդմամբ, կանգնած է ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալը՝ Վյաչեսլավ Վոլոդինը: Ըստ Ֆատուլաևի՝ Կրեմլում որոշել են Ադրբեջանում «փորձարկել հարևան Վրաստանի մոդելը՝ իշխանության բերելով «շունշանորդի» միլիարդատիրոջ» (հեղինակը զուգահեռներ է անցկացնում Վրաստանում տեղի ունեցած իշխանափոխության հետ, որի արդյունքում իշխանության եկած միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին հանդես է գալիս Ռուսաստանի հետ մերձեցման օգտին, և ում իր ընդդիմախոսները բզմիցս մեղադրել են Կրեմլի հետ կապերի մեջ): Ալիևյան իշխանության դեմ պայքարելու նպատակով, ըստ հոդվածագրի, «միլիարդատերերի միությունը» 20 միլիոն դոլար է հատկացրել: Այնուհանդերձ՝ դավադիրների ծրագրերը ձախողվել են, քանի որ նրանք չեն ստացել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համաձայնությունը: Ադրբեջանի գործող նախագահին աջակցելու  վկայությունը, Ֆատուլաևի կարծիքով, Պուտինի ներկայիս այցն է Ադրբեջան:

Ադրբեջանի ՆԳՆ-ն և ԱԱՆ-ն, սակայն, առայժմ չեն արձագանքել այս աղմկալի հրապարակմանը:

Հիշեցնենք, որ այս տարվա աշնանը Ադրբեջանում կայանալու են հերթական նախագահական ընտրություններ, և Իլհամ Ալիևն առաջադրվել է երրորդ ժամկետի համար, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Չեք հավատում` Գասպարյան Վովային հարցրեք’
Հաջորդ հոդվածը‘Ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում՝ 2 ոսկի մեկ օրում’