‘Բաֆեթը Բիլ Գեյթսի հիմնադրամին 2 միլիարդ դոլար է նվիրաբերել’

645

Միլիարդատեր Ուորեն Բաֆեթը բարեգործության նպատակներով իր Berkshire Hathaway հիմնադրամի B դասի 22,9  միլիոն  արժեթուղթ է նվիրաբերել, հաղորդվում է ընկերության մամլո հաղորդագրության մեջ:

Գրեթե 17,5 միլիոն արժեթղթեր փոխանցվել են Բիլ և Մելինդա Գեյթսերի հիմնադրամին: Berkshire Hathaway հիմնադրամի B դասի արժեթղթերը հուլիսի 8-ին բորսայի փակման ժամանակ արժեցել են 115 դոլար: Այդպիսով՝ Բաֆեթը Գեյթսի հիմնադրամին նվիրաբերել է մոտավորապես 2 միլիարդ դոլար: Ընդհանուր առմամբ՝ այս տարի միլիարդատերը բարեգործությանը տրամադրել է 2,6 միլիարդ դոլար:

Ինչպես նշում է Bloomberg-ը, Բաֆեթն այդպիսով գերազանցել է 2008-ի սեփական ռեկորդը, երբ Գեյթսի հիմնադրամին էր փոխանցել 1,8 միլիարդ դոլար: Ընդհանուր հաշվով՝ Գեյթսը Բաֆեթից ստացել է 11,5 միլիարդ դոլար:

Berkshire-ի սեփականատիրոջ՝ բարեգործական նպատակներով նվիրաբերված ընդհանուր գումարի չափը հասել է 20 միլիարդի, գրում է Forbes-ը՝ հիմնվելով սեփական հաշվարկների վրա: Բաֆեթից ավելի շռայլ է միայն Բիլ Գեյթսը, որն այդ նպատակների հանար ծախսել է 28 միլիարդ դոլար:

Բաֆեթը և Գեյթսը The Giving Pledge ընկերության հիմնադիրներն են: Այդ ընկերությանը միացած միլիարդատերերը խոստանում են բարեգործությանը նվիրաբերել իրենց կարողության առնվազն կեսը: Berkshire-ի ղեկավարը խոստացել է նվիրաբերել իր ունեցվածքի 99 տոկոսը, իսկ այդ ունեցվածքն այս պահին կազմում է 59 միլիարդ դոլար, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ազգային փոքրամասնություններին ներկայացնող կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով տարածքներ կհանձնեն’
Հաջորդ հոդվածը‘Բուդաղյանների հայրը պնդում է, որ որդիների վրա կրակել է նախկին մարզպետի որդին’