‘
ՀՀ անկախության տոնի առթիվ սպասվելիք համաներման մասին լուրերը մինչ օրս դեռ պաշտոնապես չեն հաստատվել: Բայց և չեն հերքվել: Դեռևս օգոստոսի 29-ին «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակեց տեղեկություն, որ Սերժ Սարգսյանը մտադիր է ընդգրկուն համաներում հայտարարել: Ու սպասվում էր, որ համաներում հայտարարելու առաջարկությամբ Ս. Սարգսյանը կդիմեր ԱԺ-ին հաջորդ շաբաթ սկսվելիք քառօրյայի ընթացքում: Սակայն ԱԺ-ում «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ համաներման առաջարկություն դեռ չեն ստացել:
ՀՀ նախագահի նստավայրի իր աղբյուրներից էլ թերթը տեղեկացել է, որ փաստաթուղթը պատրաստ չէ, նստավայրում աշխատում են դրա վրա:
Նույն թեմայով «168 ժամը» գրում է.
Սպասումը, որ սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առիթով Սերժ Սարգսյանը համաներում կհայտարարի, կարծես, չիրականացավ:
Համաներմանը հատկապես սպասում են փոքր պատժաչափերով ՔԿՀ-ներում գտնվող կալանավորներն ու նրանց ընտանիքի անդամները: ՀՀԿ-ին մոտ կանգնած մեր աղբյուրները վստահեցնում են, որ համաներում անպայման լինելու է, եւ այն սպասվում է հոկտեմբերի կեսերին: Համաներման օրը գաղտնի է պահվում, բայց ենթադրվում է, որ համաներում հայտարարելու մասին առաջարկը խորհրդարան կբերվի հաջորդ քառօրյային:
‘