‘Բեգլարյանը հիմնավորում է նոր օրենքի անհրաժեշտությունը՝ Տաքսիստների երեխաներն ուզում են օգտագործել մեքենաները’

713

Տաքսիների դեղին պետհամարանիշները սպիտակներով փոխարինելու օրինագիծը բխում է պարտաճանաչ վարորդների շահերից: ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը:

Նրա խոսքով, նախորդ օրենքն ընդունվելուց հետո բնագավառում անարդարություն էր տիրում: «Վարորդներ կային, որ մտել էին օրենսդրական դաշտ, եւ կային մի շարք վարորդներ, որոնք աշխատում էին ապօրինի: Զրուցել եմ եւ պարտաճանաչ, եւ ոչ պարտաճանաչների հետ: Վերջինների հարցերն արդարացի չէին, որովհետեւ սենց թե նենց, նրանք օրենքը չէին հարգում», — նշեց Բեգլարյանը: Իսկ պարտաճանաչ վարորդների հարցերը, ըստ նախարարի, հիմնականում վերաբերում էին ավելորդ ծախսերին:

«Նախկինում ստեղծվել էին կազմակերպություններ, որոնց վարորդները 10 հազարական դրամ էին վճարում՝ լիցենզիա ստանալու համար: Բացի դրանից, կար մի կազմակերպություն, որը բուժզննում էր իրականացնում՝ 5 հազար դրամով: Կայանատեղիի հարց կար՝ ոչ բոլոր վարորդները պատշաճ կայանատեղի ունենալու հնարավորություն ունեին, դրա համար էլ ստիպված էին «կողքից» գումար վճարել՝ այդ թղթերը ձեռք բերելու համար», — ասաց Բեգլարյանը:

Նրա խոսքով, առաջին ընթերցմամբ ընդունված օրենքը այդ վճարներից ազատում է տաքսիստներին, որոնք տարեկան կտրվածքով կոնկրետ գումարներ են տնտեսելու:

Բացի դրանից, ըստ նախարարի, դեղին պետհամարանիշերով վարորդները ասել են, թե ուզում են մեքենաաներն օգտագործել այլ նպատակներով եւս՝ «տեղ գնանք, երկրից դուրս գանք, երեխաներն են ուզում օգտագործել մեքենաները»:

Բեգլարյանի խոսքով,  օրենքի դեմ բողոքում են այն կազմակերպությունները, որոնք գումար էին վաստակում այդ ծառայությունները մատուցելու համար: 

Նախորդ հոդվածը‘Գյումրեցիները լավագույնն էին դահուկավազքի պատանիների Հայաստանի առաջնությունում’
Հաջորդ հոդվածը‘Վարդան Օսկանյան. ԲՀԿ-ում շուտով զգալի փոփոխություններ տեղի կունենան’