Մինսկը Արժույթի միջազգային հիմնադրամից կստանա մոտավորապես մեկ միլիարդ դոլար։
Այդ որոշումն ուժի մեջ է մտել ԱՄՀ մասնակից երկրներին (դրանք, ընդհանուր թվով՝ 190-ն են) օգնություն բաշխելու շրջանակներում՝ չնայած Լուկաշենկոյի վարչակարգին ֆինանսական օգնություն չտրամադրելու վերաբերյալ ընդդիմության ակտիվ կոչերին։
ԱՄՀ-ն 650 մլրդ դոլար օգնություն է հատկացրել երկրներին՝ կորոնավիրուսի համավարակի հետևանքները վերացնելու համար։
Բելառուսից բացի՝ նախկին ԽՍՀՄ երկրներից օգնություն կստանան նաև Ռուսաստանը, Ուկրաինան, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Օգնությունը մերժվել է Մյանմային, Աֆղանստանին և Վենեսուելային․ ԱՄՀ-ն կասկածում է այդ երկրների իշխանությունների օրինակարգությանը։
Բելառուսական ընդդիմության առաջնորդները կոչ էին անում բոյկոտել օգնությունը Բելառուսին։ Օգնությունը հատկացնելու վերաբերյալ որոշման հրապարակումից հետո մի շարք երկրներում ԱՄՀ շենքերի մոտ բողոքի ցույցեր են տեղի ունեցել։
Ի դեպ, ԱՄՆ-ը և Եվրոպայի երկրները չեն ճանաչել Բելառուսում ընտրությունների արդյունքները։
Փոխանցում է BBC-ն։
