‘Բելառուսի ԱԳ փոխնախարար. ԵԱՏՄ անդամակցության պայմանագրին ԼՂ մասին հատուկ նոտա է կցվել’

1578

Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին միանալուց հետո Լեռնային Ղարաբաղը չի մտնի այդ միություն, այսօր հաղորդել է Բելառուսի արտաքին գործերի առաջին փոխնախարար Ալեքսանդր Միխնևիչը՝ ներկայացնելով ԵԱՏՄ-ին Հայաստանի միանալու վերաբերյալ պայմանագրի վավերացման օրինագիծը, հաղորդել է БЕЛТА-ի թղթակիցը:

«Մենք մտահոգություն ունեինք, որ Հայաստանի կազմի մեջ չմտնող տարածքները կարող են հայտնվել Մաքսային միության կազմում: Հայկական կողմն ըմբռնումով է մոտեցել այդ պահանջին, այդ ցանկությանը: Պայմանագրին կցվել է նոտա՝ այն մասին, որ Լեռնային Ղարաբաղը չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության մասը:  Արվել է հայկական կողմի պաշտոնական բանավոր հայտարարությունը»,- ասել է առաջին փոխնախարարը:

Նա նաև ընդգծել է, թե չկան ինչ-որ խոչընդոտներ, որպեսզի Հայաստանը փաստացի դառնա ՄՄ և ապագա ԵԱՏՄ անդամ:

Բացի այդ, Ալեքսանդր Միխնևիչը նշել է, որ մինչ Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին միանալու վերաբերյալ պայմանագրի վավերացումը հայկական կողմը մեծ աշխատանք է կատարել՝ իր օրենսդրության մեջ ընդգրկելու այն նորմերը, ինչը դրանից առաջ արել են «եռյակի» երկրները:

Հիշեցնենք, որ այսօր Բելառուսի խորհրդարանի ստորին պալատը վավերացրել է ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ պայմանագիրը: 

Նախորդ հոդվածը‘Դեկտեմբերի 19-ին ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 442.44 դրամ/դոլար’
Հաջորդ հոդվածը‘Ուինսթոն Չերչիլի վրձնին պատկանող կտավը վաճառվել է 2,8 մլն դոլարով’