‘Բելառուսի խորհրդարանը կքննարկի ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցության պայմանագրի հարցը դեկտեմբերի 19-ին’

836

Բելառուսի խորհրդարանի ստորին պալատը մտադիր է քննարկել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասին պայմանագրի վավերացման հարցը, հայտնել է այդ երկրի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի մամուլի ծառայությունը:

«Ենթադրվում է, որ պատգամավորները կքննարկեն պայմանագրի վավերացման մասին հարցը դեկտեմբերի 19-ի նիստում»,-ասել է աղբյուրը, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատը՝ Մաժիլիսը, դեկտեմբերի 18-ի ընդլայնված նիստում հավանություն է տվել «Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության մասին 2014 թ. մայիսի 29-ի պայմանագրի վավերացման մասին» օրինագծին:

Դեկտեմբերի 17-ին ՌԴ Դաշնության խորհուրդը վավերացրել է ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը: Ըստ փաստաթղթի, Հայաստանը միանում է ԵՏՄ մասին պայմանագրին, ինչպես նաև մյուս միջազգային փաստաթղթերին, որոնք կնքվել են Մաքսային միության շրջանակում: Դեկտեմբերի 10-ին Ռուսաստանի Պետդուման վավերացրեց Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության մասին պայմանագիրը:

Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքել է հոկտեմբերի 10-ին:

Նոյեմբերի 14-ին Հայաստանի Սահմանադրական դատարանը Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը համարեց ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող: Պայմանագիրն ընդգրկվել է Ազգային ժողովի նիստի օրակարգում:

ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 4-ի նիստում վավերացրել է Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու մասին պայմանագիրը: Հաղորդում է panarmenian.net-ը:

Նախորդ հոդվածը‘Ըստ Հովիկ Աբրահամյանի՝ վերականգնվել է գազի նախկին գինը ‘
Հաջորդ հոդվածը‘«Բաշնեֆտի» նախկին ղեկավար Ուրալ Ռախիմովը հեռակա ձերբակալվել է’