Բելառուսցիներին արտասահմանում նոր անձնագիր չի տրվի

126

Սեպտեմբերի 5-ին ուժի մեջ է մտել Ալեքսանդր Լուկաշենկոյի հրամանագիրը, որի համաձայն՝ Բելառուսի քաղաքացիներն արդեն չեն կարող նոր արտասահմանյան անձնագրեր ստանալ արտասահմանյան երկրների դիվանագիտական ներկայացուցչություններում։ Նրանք դրա համար անպայման պետք է ժամանեն Բելառուս։ Դա վերաբերում է նաև անշարժ գույքի և անձնական տրանսպորտի հետ կապված գործարքներին։

Լուկաշենկոյի հրամանագրում ասվում է, որ «վարչական ընթացակարգեր իրականացնելու կարգի շարունակական բարելավման նպատակով»՝ աշխարհի երկրներում բելառուսական հյուպատոսությունները սպառված անձնագրերի փոխարեն նոր անձնագրեր այլևս չեն տա արտասահմանում բնակվող քաղաքացիներին։ Հյուպատոսությունները նաև չեն  գրանցի արտասահմանում ապրող քաղաքացիների՝ Բելառուսի տարածքում անշարժ գույքի և անձնական տրանսպորտի հետ կապված  գործարքները։

Հրամանագրում նշվում է, որ արտասահմանում ապրող Բելառուսի քաղաքացին կարող է անձնագիր ստանալ կամ ավտոմեքենան վաճառել առանց անձնապես ներկա լինելու՝ նոտարական լիազորագրով։ Սակայն նաև նշվում է, որ այդ փաստաթուղթը պետք է կողմերը ձևակերպեն երկրի տարածքում։

Այս արգելքը կվերաբերի աշխարհի տարբեր երկրներում ապրող հազարավոր բելառուսցիների, մինչդեռ նրանցից շատերը Բելառուսից հեռացել են քաղաքական նկատառումներով։

Բելառուսական ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայայի գրասենյակը հայտարարել է, որ զբաղվում է այդ խնդրով, և ընդդիմադիրներին խորհուրդ է տվել նոր անձնագրի համար չմեկնել Բելառուս, քանի որ դա  քրեական գործեր հարուցելու սպառնալիք է պարունակում։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՔրդերը գրավել են արաբ աշխարհազորայինների վերջին պատվարը
Հաջորդ հոդվածըԱդրբեջանը տեղեկատվական հենք է նախապատրաստում հերթական սադրանքի համար