Բելառուսի ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի պատգամավորները նոյեմբերի 10-ին համաներման մասին օրենք են ընդունել, հաղորդել է խորհրդարանի մամուլի ծառայությունը։
Օրինագծի համաձայն՝ ենթադրվում է ազատ արձակել մոտավորապես չորսուկես հազար դատապարտյալների, ևս չորս հազարի պատժաժամկետը պակասեցնել մեկ տարով։
Օրինագծի մշակմանը մասնակցած պատգամավոր Մարիա Լենչևսկայան նշել է, որ առաջին հերթին՝ այդ համաներումը վերաբերում է թմրանյութերի շրջանառության հետ կապված հոդվածներով դատապարտված անչափահասներին։
Համաներման ենթակա չեն Բելառուսի այն քաղաքացիները, որոնք մասնակցել են 2020 թ․ բողոքի ցույցերին, ինչպես նաև նրանք, ովքեր մեղավոր են ճանաչվել «էքստրեմիզմի և ահաբեկչության» հոդվածներով։
Քաղբանտարկյալներին պատգամավորուհին ավելի վաղ խորհուրդ է տվել ներման խնդրագիր ներկայացնել։
«Весна» իրավապաշտպանական կենտրոնի տվյալներով՝ այժմ Բելառուսում քաղբանտարկյալ է ճանաչվել առնվազն 1400 մարդ։ 2021 թ․ Ալեքսանդր Լուկաշենկոն BBC-ին տված հարցազրույցում պնդել էր, որ երկրում քաղբանտարկյալներ չկան, քանի որ բելառուսական օրենսդրության մեջ նման հոդված չկա։
Փոխանցում է BBC-ն։