‘
Գոմելի Սուրբ Աստվածամոր եկեղեցում տեղի է ունեցել ներքին օրգանները բժշկությանը կտակելու հանդիսավոր ակցիա, հայտնել է Բելառուսի հռոմեական-կաթոլիկ եկեղեցու մամլո ծառայությունը: Եկեղեցու առաջին հարկում ծխականներին հատուկ թերթիկներ են տալիս, որոնք հավաստում են, որ նրանք համաձայն են իրենց ներքին օրգանները տրամադրել փոխպատվաստման՝ անսպասելի մահվան դեպքում:
Եկեղեցու քահանան նշել է, որ բժշկությանը սեփական օրգանները նվիրաբերելը «մերձավորի հանդեպ սիրո դրսևորում է»:
Հաղորդագրությունում նշվում է, որ Բելառուսի առողջապահության նախարարությունը ողջունել է այդ նախաձեռնությունը: Մամլո ծառայությունը մեջբերել է փոխպատվաստման գծով գլխավոր մասնագետ Օլեգ Ռումմոյի խոսքերն այն մասին, թե «բժիշկներին շատ հաճելի է նման աջակցությունը»: Ռումմոն, սակայն, հավելել է, թե բելառուսական օրենքների համաձայն՝ բժիշկները կարող են մահացած մարդկանց օրգաններն օգտագործել նաև առանց նրանց կտակի կամ հարազատների համաձայնության: «Իսկ եթե մարդն սկզբունքորեն չի ցանկանում, որ իր մահից հետո իր օրգանները պատվաստեն մեկ ուրիշին, նա կարող է նախապես դիմում գրել»,- հավելել է տրանսպլանտոլոգը:
Բելառուսն ԱՊՀ երկրների շարքում առաջին տեղն է զբաղեցնում օրգանների փոխպատվաստման վիրահատությունների թվով՝ մեկ միլիոն բնակչի հաշվարկով: 2012 թ. հանրապետությունում կատարվել է նման 274 վիրահատություն, փոխանցում է lent.ru-ն:
‘