‘
Բելգիական հայտնի LE VIF.be պարբերականը Ստեփանակերտի օդանավակայանի վերաբերյալ հոդված է հրապարակել, որում նշվում է, որ Ստեփանակերտը միակ մայրաքաղաքն է, որի օդանավակայանից թռիչքներ չեն իրականացվում:
Հոդվածում նշվում է, որ օդանավակայանի վերաբացումից հետո այն երբևէ թռիչքներ չի իրականացրել այն պատճառով, որ Ադրբեջանի իշխանություններն սպառնացել են կործանել ցանկացած ինքնաթիռ, այդ թվում` քաղաքացիական:
Պարբերականը նշում է, որ Ստեփանակերտի օդանավակայանը նախատեսված է միայն Ստեփանակերտի և Հայաստանի մայրաքաղաք Երևանի միջև օդային հաղորդակցություն ապահովելու համար, որը կդառնա ավելի քան 330 կմ երկարությամբ լեռնային ճանապարհի միակ այլընտրանքը:
Անդրադառանալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեմային` պարբերականը հիշեցնում է ԼՂՀ նկատմամբ Ադրբեջանի տարածքային հավակնությունների մասին և ընդգծում, որ այդ նպատակով 1989-1992 թվականներին Ադրբեջանը ռմբակոծությունների էր ենթարկում Ստեփանակերտ քաղաքը:
Հոդվածագիրը վկայակոչում է ԼՂՀ Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանի խոսքերն այն մասին, որ Ստեփանակերտի օդանավակայանը նախատեսված է միայն քաղաքացիական նշանակության թռիչքներ իրականացնելու համար, ինչպես նաև, որ Բաքվի սպառնալիքներին կարելի է պատասխանել իրենց իսկ լեզվով, սակայն «Արցախը երբեք նման բարբարոս խաղեր չի խաղում»:
Պարբերականը նաև հիշեցնում է. չնայած հունիս ամսին Ստեփանակերտի օդանավակայանից իրականացված թռիչքներից մեկի շուրջ Ադրբեջանում մեծ աղմուկ էր բարձրացվել, այդուհանդերձ, օդանավակայանի շահագործումը վաղ թե ուշ տեղի է ունենալու, դա ընդամենը շաբաթների հարց է:
‘