‘Բելգիայի ոստիկանությունը ձերբակալել է «հեռախոսային ահաբեկչին»’

555

Բելգիայի ոստիկանությունը ձերբակալել է այն տղամարդուն, ով սպառնացել էր մայրաքաղաքում պայթեցնել Le Soir թերթի խմբագրությունը: Այդ մասին հաղորդվում է պարբերականի կայքում:

Անցյալ կիրակի Le Soir-ի խմբագրակազմը շտապ կարգով տարհանվել էր այն բանից հետո, երբ օրվա երկրորդ կեսին զանգ էր ստացվել անհայտ մեկից, ով տեղեկացրել էր, թե շենքում պայթուցիկ սարք է տեղադրվել: Ոստիկանության հատուկ ստորաբաժանումները մի քանի ժամ տևած որոնումներից հետո ռումբ չէին հայտնաբերել, և թերթի աշխատակիցները վերադարձել էին աշխատավայր:

Զանգահարողը հայտարարել էր, թե հանդես է գալիս «ծայրահեղ ձախերի» անունից, որոնք դժգոհ են, թե ինչպես են Le Soir-ի լրագրողները լուսաբանում փարիզյան ահաբեկչությունները, քանի որ դա, իբր, «գործողության է մղում աջ ծայրահեղականներին»:

Հաղորդվում է, որ իրավապահներին հաջողվել է պարզել «հեռախոսային ահաբեկչի» ինքնությունը. դա տպարանի նախկին աշխատակից Թիերի Կառենեն է, ով 1999 թ. պատասխանատվության է ենթարկվել ֆլամանդացի ազգայնականների «Ֆլամանդական դաշինք» կուսակցության գրասենյակի մոտի հեռախոսախցիկը պայթեցնելու համար: Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Պան Գի Մունը զգուշացրել է մուսուլմաններին հալածելու անթույլատրելիության մասին’
Հաջորդ հոդվածը‘Բելառուսում ոստիկանությունը բացահայտել է 20 ծայրահեղական մուսուլմանների’