‘Բելգիան ուզում է կարտոֆիլ-ֆրին մտցնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակի մեջ’

850

Բելգիայի իշխանություններն ուզում են կարտոֆիլ-ֆրին մտցնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակի մեջ, հաղորդում է France-Presse գործակալությունը:

Դեռևս մեկ տարի առաջ Բելգիայի հյուսիսային շրջանի՝ Ֆլանդրիայի (որտեղ խոսում են հոլանդերեն) կառավարությունը հանդես է եկել կարտոֆիլ-ֆրին կամ, տեղացիների խոսքով՝ «ֆրիթ»-ը, ոչ նյութական մշակութային արժեք ճանաչելու առաջարկով:  Այժմ Բելգիայի ֆրանսախոս և գերմանախոս շրջանները միավորել են ջանքերն իրենց ֆլամանդացի հայրենակիցների հետ և ևս մի քայլ են կատարել կարտոֆիլ-ֆրիի միջազգային ճանաչման ուղղությամբ: Այդ գաղափարն իրականացնելու նպատակով ստեղծվել է հատուկ կայք, որտեղ ցանկացողները կարող են իրենց ստորագրությունը դնել այն հանրագրի տակ, որով պահանջում են ֆրին միևնույն շարքում դասել արդեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում ներգրավված ֆրանսիական և մեքսիկական խոհանոցների ճաշատեսակների կողքին:

Բելգիական իշխանությունների հայտարարությունը հնչել է «կարտոֆիլ-ֆրիի շաբաթվա» տոնակատարության նախապատրաստման ֆոնին, որն անցկացվելու է դեկտեմբերի 1-ից 7-ը: Այդ ամբողջ ընթացքում այսպես կոչված՝ «ֆրիանոցները», այսինքն՝ այն հաստատությունները, որտեղ կարտոֆիլ-ֆրի են պատրաստում, անվճար կհյուրասիրեն այցելուներին:

Ֆլամանդացիները պնդում են, որ հանրահայտ խավարտը, որ բրիտանացի զինվորների «շնորհիվ», ովքեր դեռևս Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Բելգիայում համտեսել են այն, անվանում են «ֆրանսիական կարտոֆիլ», իրենց ազգային կերակրատեսակն է և առաջին անգամ Ֆլանդրիայում մատուցվել է դեռևս XVI դարում: Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Ֆերգյուսոն. Նահանգապետը մերժել է նոր դատավարության կոչերը’
Հաջորդ հոդվածը‘Լը Պենը անհեթեթ է անվանել 40 մլն եվրո վարկ պահանջելու վերաբերյալ հայտարարությունները’