‘Բելգիա. Մահապարտները ծրագրել էին վարչապետի սպանությունը’

1124

Ինչպես հայտնի է դարձել BBC-ին, Բրյուսելում պայթյուններ իրականացրած ահաբեկիչների մոտ հայտնաբերվել են Բելգիայի վարչապետ Շառլ Միշելի տան և գրասենյակի գծագրերը ու լուսանկարներ: Աղբյուրի հաղորդման համաձայն՝ ֆայլերը պահպանված են եղել համակարգչի կոշտ սկավառակի վրա, հարձակումից հետո համակարգիչը գտել են աղբարկղում:  Առայժմ պարզ չէ՝ ահաբեկիչներն այդ տվյալները համացանցի՞ց են ձեռք բերել, թե՞ հենց իրենք են արել լուսանկարները և կազմել շենքերի գծագրերը:

 Օդանավակայանում պայթյուն իրականացրած երեք ահաբեկիչները  փողոցում տաքսի էին նստել, իսկ ավելի ուշ տաքսու վարորդը նրանց ճանաչել էր օդանավակայանի տեսախցիկներից արված լուսանկարներում և ոստիկանությանը հայտնել էր այն հասցեն, որտեղից վերցրել էր նրանց: Կասկածյալների բնակարանի խուզարկության ընթացքում պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել:

Բելգիայի կառավարության ղեկավարի գրասենյակը գտնվում է ԱՄՆ դեսպանատան կողքին՝ նույն փողոցում, որտեղ և մետրոյի «Մաալբեկ» կայարանն է. այստեղ էր ինքն իրեն պայթեցրել ահաբեկիչ եղբայրներից մեկը՝ Հալիդ Բակրաուին:

Ի դեպ, հայտնաբերված սկավառակի վրա նաև նրա եղբոր՝ Բրահիմի  ուղերձն է մահվանից առաջ. «Ես չգիտեմ, թե հետո ինչ եմ անելու: Նրանք ամենուր ինձ են փնտրում: Ես այլևս ինձ անվտանգ չեմ զգում: Եթե հանձնվեմ, նրանք ինձ ճաղերի ետևը կգցեն»:  Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Ռունիի որդին հորը խնդրել է՝ գնել Վարդիի մարզաշապիկը’
Հաջորդ հոդվածը‘Բրյուսելը չի խրախուսել Թուրքիայի կոշտ արձագանքը երգիծական տեսահոլովակին’